HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը չի ուզում «բանակը թալանածների» դեմ հարուցված քրեական գործերից խոսել, սակայն պնդում է՝ իր կոչը լսել են և հանգիստ նստել են տեղները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ուզում մանրամասներ ներկայացնել այն մասին, թե «բանակը թալանածների» դեմ ինչ քրեական գործեր կան հարուցված։

«Նախաքննության գաղտնիք հրապարակելու կապակցությամբ լրատվամիջոցներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել, հիմա ուզում եք իմ դեմ էլ քրեական գործ հարուցվի՞»,- մամուլի ասուլիսի ժամանակ «Հետք»-ի հարցին այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին իր ֆեյսբուքյան ելույթներից մեկում վարչապետը խոսել էր բանակը թալանածների մասին, ասել, որ նրանցից ոմանք խնդրում են իրեն հարուցված քրեական գործերը կարճել, սակայն ինքը վճռական է այն հարցում, որ զինվորի բաժինը գողացողները պետք է դատապարտվեն։

Այդ ելույթում վարչապետը կոչ էր արել նրանց հանգիստ նստել տեղները, այլապես ինքը կխոսի բաց տեքստով։ Հարցին, թե կոչն ում էր հղված, ի վերջո հանգիստ նստեցի՞ն տեղները, վարչապետն արձագանքեց. «Նստեցին, բա ինչ պետք է անեին»։

Մեր հիշեցմանը, որ պարբերաբար ինքը հայտարարում է այն մասին, որ ԼՂ բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ չունի նման մանդատ, Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, արդյոք նման մոտեցում ունի՞ նաև արցախյան ներքաղաքական ու մասնավորապես՝ կադրային քաղաքականության հարցում, քանի որ Արցախի ՊԲ ղեկավար կազմի մի շարք փոփոխություններ, որոնք հաջորդեցին վերոնշյալ ելույթին, շատերի բնորոշմամբ այդ ելույթի տրամաբանական շարունակությունն էին, Փաշինյանն ասաց. «Այլ բան է` ես կարող եմ ներկայացնել, թե չեմ կարող ներկայացնել, ուրիշ բան է` մենք գործընկեր ենք, թե չէ. մենք գործընկեր ենք աշխարհի այլ երկրների հետ, բայց դա չի նշանակում, որ կարող ենք ներկայացնել մեկս մյուսին։ Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են, և մենք ամեն ինչ անում ենք և կանենք, որ այդ հարաբերությունները լինեն կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի իր հայտնի ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտնում էր, որ դեկտեմբերի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որով ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Մնացականյանը, Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՊԲ հրամանատար, Ջալալ Հարությունյանը՝ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter