HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը «բանակը թալանածներին» կոչ է անում լրջանալ. «Զբաղվե´ք ձեր ծառայությամբ եւ չփորձե´ք քիթներդ խոթել քաղաքականության մեջ»

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում «բոլորին լրջանալ», իսկ թալաչիներին «պատմության աղբանոցը» շպրտել։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուք էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, երբ վերջինս քարոզարշավի շրջանակում համեմատության եզրեր է գտել Արցախյան պատերազմի հաղթանակի եւ թավշյա հեղափոխության միջեւ։

«Չեմ հասկանում ոմանց ոգեւորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ, իհարկե Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան ճշգրիտ, հաջող ձեւակերպում է արել, բայց հետո ուղղեց իրեն՝ ասելով, որ նկատի ուներ հետեւյալը՝ ապրիլյան հեղափոխությունը շատ կարեւոր է Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, ինչո՞ւ են ոմանք ոգեւորվել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ Սասուն Միքայելյանի խոսքերը քննադատել են ավելի շատ այն գործիչները, որոնք նախկինում թալանել են բանակը։ Փաշինյանը տեղեկացրեց՝ քրեական գործեր կան հարուցված, պարզապես դեռ չի ուզում փակագծեր բացել։

«Ես զարմանում եմ ոմանց հայտարարություններից, ովքեր, տարիներ շարունակ բերանները ջուր առած, հետեւել են բանակի թալանին, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին, զինվորի բաժինը գողցողների հետ ընկերակից են եղել, հիմա էլ վատ ձեւակերպած նախադասության վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Էդ մի քանիսը որ խնդրում-աղոթում են, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվեն, իրենց թվում է՝ սա հարմար առիթ է, որ ոգեւորվեն, նստեք տեղներդ, չոգեւորվեք ոչ մեկդ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով վերջիններիս չստիպել այդ թեմաներով «ավելի բաց խոսել»։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բանակն ավելի քան քսան տարի թալանվել է, ուստի շատերը պետք է ներում խնդրեն թալանածի համար։

«Իբր ազատամարտի պաշտպաննե՞ր եք, հանգիստ նստեք տեղներդ, հատ-հատ ներկայացնելու ենք՝ ինչ է տեղի ունենում, ինչ են ուտում մեր զինվորները, սա ասում եմ որպես պատերազմական իրավիճակում գտնվող ԶՈՒ գլխավոր հրամանատար, հանկարծ որեւէ մեկդ չկասկածի էդ հրամանատարական հատկությունների վրա, որեւէ մեկդ, զբաղվեք ձեր ծառայությամբ եւ չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության  մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Սասուն Միքայելյանի «սխալ ձեւակերպած նախադասության» համար պատրաստ է ինքը ներողություն խնդրել նույնիսկ հազար անգամ։

 Վարչապետի պաշտոնակատարը նաեւ վստահեցրեց՝ թալանչիների ժամանակն անցել է, եւ ընտրությունների արդյունքը պետք է լինի նաեւ այն, որ ժողովուրդը նախորդ իշխող ուժին՝ ՀՀԿ-ին, «նետելու է պատմության աղբանոցը՝ որպես երկիրը, բանակը թալանած հակապետական կառույց»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter