
Ազատություն Նասրին Սոթուդեին․ զորակցության ակցիա Իրանի դեսպանատան դիմաց
Այսօր մի խումբ քաղաքացիներ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ հավաքվել էին Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ զորակցության ակցիա իրականացնելու նպատակով։
Ակցիայի ընթացքում հավաքվածները կոչ արեցին Իրանի իշխանություններին ազատ արձակել վերջերս ազատազրկված Նասրին Սոթուդեին։
Նասրինը միջազգային ճանաչում ունեցող փաստաբան, իրավապաշտպան է։ Նա իր գործունեության շրջանակներում հիմնականում զբաղվել է լրագրողների, ընդդիմադիր առաջնորդների և ակտիվիստների իրավունքների պաշտպանությամբ։ Նասրինը նաև մեծ ներդրում ունի այն կանանց իրավունքների պաշտպանության գործում, ովքեր դեմ են դուրս գալիս գլխաշոր կրելու պարտադրանքին։
Իրավապաշտպանին Իրանի դատարանը մի շարք մեղադրանքներով դատապարտել է 38 տարվա ազատազրկման և 148 մտրակի հարվածի։ Սա Նասրինի երկրորդ դատապարտման դեպքն է, առաջին անգամ նրան դատապարտել էին 3 տարով։
Նասրինի հանդեպ առաջադրած մեղադրանքներից մեկը, որի համար նա դատապարտվել է 12 տարով, կապված է գլխաշոր չկրելու կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր գործունեության հետ։ Իրանի իշխանությունները Նասրինի իրավապաշտպան գործունեությունը համարել են բարոյական նորմերի խախտում։ Նասրինին նաև մեղադրանք են առաջադրել լրտեսության, պրոպագանդայի տարածման և Իրանի առաջնորդին՝ Այաթոլլա Ալի Խամենեին անպատվելու համար՝ համարելով, որ նա վտանգում է ազգային անվտանգությունը։
Իրավապաշտպանի հանդեպ նույնիսկ Իրանի համար շատ կոշտ դատավճիռը կապում են խիստ պահպանողական հոգևորական՝ Իբրահիմ Ռաիսիի՝ վերջերս դատական համակարգի ղեկավար նշանակման հետ։ Ռաիսիին այս պաշտոնին նշանակել է Այաթոլլա Խամենեին:
Իբրահիմ Ռաիսին, որ 2017 թվականին Իրանում նախագահական ընտրություններին գործող նախագահ Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցն էր, հայտնի է իր կրոնական պահպանողական հայացքներով, դեմ է արտահայտվում Իրանի արտաքին մեկուսացման հաղթահարմանը և ավելի ավտորիտար քննադատողական դիրքորոշում ունի Իրանում տնտեսական բարեփոխումներ անցկացնելու Ռոհանիի քաղաքականությանը։
2021 թվականի նախագահական ընտրություններում Ռաիսին, ում տարիներ շարունակ աջակցել և քաղաքական կարիերայի կառուցման մեջ մեծ դեր է խաղացել Խամենեին, հաղթանակի մեծ շանսեր ունի, հաշվի առնելով նաև այն, որ Ռոհանին այլևս չի կարողանա թեկնածություն առաջադրել։ Խամենեի հետևորդ համարվող Ռաիսիին Իրանում որոշ շրջանակներ կապում են նաև 1980-ականներին հազարավոր մարդկանց մահապատժի ենթարկելու հետ։
Վարդգես Գասպարիի խոսքով՝ Իրանում հասարակ մարդիկ չեն համարձակվում դեմ արտահայտվել Նասրինի հանդեպ կիրառած պատժի միջոցին, քանի որ նույնպես կարող են թիրախավորվել։ Իրանում բողոքները զանգվածային բնույթ չեն կրում, սակայն երկրի քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ հասցրել են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային որոշ կազմակերպություններ նույնպես հաղորդագրություններ են տարածել, մասնավորապես՝ Amnesty International-ը, որը Նասրինի դատական գործերը համարել է «կոպիտ անարդարություն»։ Դեսպանատան դիմաց զորակցության ակցիայի շրջանակներում հավաքվածները կարդացին այս կազմակերպության հաղորդագրության տեքստը։
Ակցիայի մասնակիցները փորձեցին նամակ հանձնել դեսպանատան աշխատողներին, սակայն այդպես էլ ոչ ոք դուրս չեկավ։
Մասնակիցների պաստառների վրա գրված էին «Դադարեցրեք գլխաշոր պարտադրել կանանց», «Նասրին, դու մենակ չես», «Ազատություն Նասրինին» և «Աշխարհին պետք չէ ևս մեկ Հյուսիսային Կորեա» արտահայտությունները։
Զորակցության ակցիան տևեց մեկ ժամ, որից հետո մասնակիցները հեռացան՝ պաստառները թողնելով դեսպանատան դիմաց։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել