HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հիպոթեքային վարկեր. ինչ 100% աճի մասին հայտարարեց վարչապետը

«Հայաստանում այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 %-ով: Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիպոթեքային վարկավորման աճը կազմել է 145 %: Եվ, ընդհանրապես, այսօրվա դրությամբ երկրում հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն  աճել է 30 %-ով և մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ ծավալների մասին է խոսքը՝ բացարձակ թվով որքան հիպոթեքային վարկեր են տրվել։ Նաև ոչ հստակ և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվող էին ներկայացրած աճի ցուցանիշները։ «Հետք»-ը Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների հիման վրա փորձել է հասկանալ ինչ 100 % և 30 % աճի մասին է խոսքը։

Բանկերի տրամադրած վարկերի վերաբերյալ վիճակագրությունը հավաքագրում և ամփոփում է Կենտրոնական բանկը։ Գլխավոր դրամատունը ամեն ամիս թարմացնում է վիճակագրությունը՝ հրապարակելով վարկերի ծավալը տվյալ ամսվա վերջի դրությամբ։ Սկսենք հենց այդ ցուցանիշներից։ Վերջին հրապարակված ցուցանիշներում փետրվար ամիսը դեռևս ներառված չէ, հետևաբար պետք է հիմնվենք հունվարի տվյալների վրա։

Այսպես, ըստ Կենտրոնական բանկի՝ 2019 թվականի հունվարի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է 257.6 մլրդ դրամ։  2018 թվականի հունվարի վերջի դրությամբ այս ցուցանիշը կազմել է 207.4 մլրդ դրամ։ Այսինքն՝ այս տարվա հունվարի վերջի դրությամբ, համեմատ նախորդ տարվա նույն ամսվա վերջի դրությամբ գրանցված ցուցանիշի, հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 50.2 մլրդ դրամով կամ 24.2 %-ով։ Թեև փետրվարի տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն կարող ենք ենթադրել, որ վարչապետի նշած 30 %  աճը վերաբերում է այս վիճակագրությանը։ Այստեղ կարևոր մանրուք կա։ Հիպոթեքային վարկերի 50.2 մլրդ դրամով աճը դեռևս չի նշանակում, որ տարվա ընթացքում միայն այդքան հիպոթեքային վարկ է տրամադրվել, քանի որ այդ ընթացքում տրվել են նոր վարկեր ու զուգահեռաբար մարվել են հին վարկերը և ըստ դրա՝ հիպոթեքային վարկերի պորտֆելը ամեն ամիս փոփոխվել է։ Օրինակ՝ հնարավոր է մի ամիս բանկերի կողմից տրամադրվում է 40 մլրդ դրամի վարկ և նույն ամսում բանկի հաճախորդները մարում են նախկինում վերցրած վարկերից 30 մլրդ դրամ, արդյունքում ստացվում է, որ վարկային պորտֆելն այդ ամիս աճում է 10 մլրդ դրամով։ Հետևաբար, վերևում նշված ցուցանիշներից (207.4 մլրդ դրամ և 257.6 մլրդ դրամ) հնարավոր չէ հստակ հաշվարկել մեկ տարվա վարկավորման ծավալները։ 

Նշենք, որ բանկերի հիպոթեքային վարկերի կազմում հունվարի վերջի դրությամբ 59 %-ը դրամային վարկերն են, 41 %-ը՝ արտարժույթովը (հիմնականում՝ դոլարով):

Բացի բանկերը, հիպոթեքային վարկեր են տրամադրում նաև վարկային կազմակերպությունները։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2019 թվականի հունվարի վերջի դրությամբ վարկային կազմակերպությունների ընդհանուր հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է 30.2 մլրդ դրամ, 2018 թվականի հունվարին՝ 28.7 մլրդ դրամ։

Առավել ուշագրավ էր վարչապետի հայտարարած  100 %-ի աճը։

Ինչպես Կենտրոնական բանկից պարզաբանեցին մեզ հետ զրույցում, այստեղ արդեն խոսքը վարկավորման ծավալների մասին է՝ ընթացիկ հոսքերի։ Այսինքն՝ այս թիվը ցույց է տալիս, թե այս տարվա փետրվարին որքանով շատ վարկ է տրամադրվել՝ համեմատ 2018 թվականի փետրվարի։ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած  100 % աճը վերաբերում է այս ընթացիկ հոսքերին։ Ավելի ուշ Բերբերյանը հավելեց, որ տվյալները մանրամասն կտրամադրեն մի քանի օրից։  Որպես օրինակ նա ներկայացրեց պայմանական թվեր՝ նախորդ տարվա փետրվարին հայաստանյան բանկերը տրամադրել են ավելի քան 30 մլրդ դրամի հիպոթեքային վարկեր, իսկ այս տարվա  փետրվարին այս ցուցանիշը կազմել է շուրջ 70 մլրդ դրամ։ 

«Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա: Սա նշանակում է, որ մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղերի ոչ միայն շինարարության, այլև շինանյութերի արտադրության, սպառման ոլորտում: Սա կարևոր ցուցնանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման»,- ասուլիսին ասաց վարչապետը:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter