HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփոթված հասարակության երաժշտությունը

Սարի գագաթից Ալագյազը կարծես Վան Գոգի Արլի կտավներից լինի: Խայտաբղետ, բայց ոչ պայծառ երանգներով: Միայն ծայրի տներն են քիչ թե շատ հստակ երեւում:

Փորձում եմ գտնել տարեց երգչի տունը, ուր գնացինք սարը բարձրանալուց առաջ: Հողե հատակով տուն է՝ նախասենյակով, ուր թոնիրն է, դրանից աջ՝ գոմը, ձախ՝ բնակելի սենյակը:

Մենք տեղավորվել էինք թախտերին, իսկ ծերունին նստած էր վառարանի կողքի ցածր աթոռին, ու նրա ոտքերի մոտ վազվզում էին հնդկահավի ճտերը:

Երգիչը 78 տարեկան է, սակայն ո՛չ ընդամենը մի քանի աննշան կնճիռներով ակոսված դեմքը, ո՛չ էլ զրնգուն ձայնը չեն մատնում նրա տարիքը:

Նրա բոլոր երգերը սիրո մասին են՝ երկար, մոնոտոն: Բայց այդ մոնոտոնությունը չի ձանձրացնում: Ժամանակ առ ժամանակ նրա որդին ու, ըստ երեւույթին, թոռը, որոնք նույնպես սենյակում են, ձայնակցում են:

Մի անգամ Նահրոն ասաց. «Խաչատուր Աբովյանն ասել է՝ յուրաքանչյուր քրդուհի երգչուհի է»: Իմ կարծիքով' ասվածը կարելի է ընդհանրացնել այսպես. յուրաքանչյուր քուրդ երգիչ է: Այս գյուղում, համենայնդեպս, այդպես է:

Նահրո Զագրոսն էթնոերաժշտագետ է, ազգությամբ' քուրդ: Նա ծնվել է Իրաքի Քրդստանում, մի քանի տարի առաջ որպես փախստական մեկնել է Մեծ Բրիտանիա, ուր ապրում է առայսօր եւ թեզ է գրում Յորքի համալսարանում:

Ալագյազը մեկն է այն գյուղերից, որոնք Նահրոն ընտրել է քրդական «մուզիկ աջամանթի»՝ հասարակ ժողովրդի երաժշտությունն ուսումնասիրելու համար:

Ալագյազում Նահրոյի հետ դեռ մի ամբողջ օր պիտի անցկացնենք: Նախքան մնացած տներով շրջելը եւ երգեր ձայնագրելը, որոշեցինք բարձրանալ գյուղը շրջագծող գագաթներից մեկը:

Հեռվից փոքր թվացող լեռը մագլցելը բավականին ժամանակ խլեց: Գագաթին տեղ-տեղ դեռ պահպանվել են ձյան հաստ շերտեր. ամենուր ձնծաղիկներ են:

«Պիտի ջութակս վերցնեի,-ասում է Նահրոն,-պատկերացնու՞մ ես՝ ինչպիսին կլիներ հնչողությունն այստեղ' գագաթին»:

Իրոք, ես էլ եմ ափսոսում, որ չմտածեցի այդ մասին: Նահրոն հրաշալի է նվագում:

Երբ առաջին անգամ խնդրեցի նրան նվագել քրդական ազգային երաժշտություն, ծիծաղեց ու ասաց' խոստացիր, որ չես բղավի վրաս:

«Ինչու՞ պիտի բղավեմ»,-զարմացա:

«Հայկական երաժշտությունը շատ նման է քրդականին: Երբ հայերը լսում են քրդերին իրենց ազգային երաժշտությունը նվագելիս, բղավում են' դա մերն է, դուք դա մեզանից եք վերցրել: Նույնն անում են քրդերը, երբ լսում են հայկական ազգային երաժշտությունը»,- բացատրում է Նահրոն:

Հատկապես ինչո՞վ են նման քրդական ու հայկական երաժշտությունը:

Նահրոն թվարկում է նմանությունները. «Այդ երկու ազգերի երաժշտությունը միահյուսված է եղել հին ժամանակներից: Լավագույն քրդական երգիչը Հայաստանում Կարապետե Խաջոն էր, որ մահացավ անցյալ տարի 104 տարեկան հասակում: Քրդական ամենահայտնի երգիչներից մյուսը՝ Արամե Տիգրանը, որ հիմա ապրում ու ստեղծագործում է Եվրոպայում, դարձյալ հայ է: Հայկական եւ քրդական երաժշտությունը նման են մեղեդային կառուցվածքով ( հաճախ հանդիպող կրկներգերը), երգերի բառերով, գործիքներով: Թուրքաբնակ քրդերն ունեն դհոլ, դուդուկ: Իրանաբնակ քրդերը նվագում են թառ: Քուրմանջի քրդերի երաժշտությունը ավելի մոտ է հայկական երաժշտությանը, քան այլ քրդերինը:

Հայերը բազում երգեր ունեն Եղեռնի մասին: Քրդերը նույնպես:

Առհասարակ, քրդական երգերը բաժանվում են վեց հիմնական տեսակի.

Քըլամեն մերանի ՝ ռազմական երգեր: Նվիրված են հիմնականում Օսմանյան կայսրության դեմ պայքարին, Եղեռնին: Այս երգերում սովորաբար խոսվում է որեւէ խիզախ հերոսի մասին, ով անվախ պայքարել է օսմանցիների դեմ: Այս երգերի ամենահայտնի հերոսը æհանգիր աղան է Ալագյազից:

Քըլամեն բեն գիթի ՝ սիրային երգեր: Սովորաբար դրանք զրույցներ են կնոջ ու տղամարդու միջեւ, կամ էլ երգում են կանայք ու պատմում են պատերազմներում կորցրած իրենց ամուսինների մասին:

Քըլամեն շինի ՝ կանանց կողմից իմպրովիզացիաներ թաղումների ժամանակ:

Քըլամեն դիլանա ՝ պարային, հարսանեկան երգեր:

Քըլամեն դիրուքի ՝ պատմական երգեր:

Քաուլ՝ փիրերի եւ շեյխերի ( հոգեւոր աստիճաններ) կողմից երգվող երգեր հարսանիքներին, թաղումներին, կրոնական եւ մշակութային միջոցառումներին:

Այսպիսով' նմանություն կա նաեւ դասակարգման առումով»:

«Ինչու՞ հետազոտություններիդ համար ընտրեցիր հենց Հայաստանը»,-հարցնում եմ:

«Պատճառները մի քանիսն են: Երբ երեխա էի, լսում էի Երեւանի ռադիոն, ուր քրդերին հատկացված էր մեկուկես ժամ: Այնտեղ հնչող երաժշտության միջոցով սկսեցի հետաքրքրվել քուրմանջիով ( քրդական բարբառ, որով խոսում են հայաստանաբնակ քրդերը: Իրաքի քրդերը մեծամասամբ խոսում են սորանի): Առհասարակ, ազգային հատկանիշներն արտացոլվում են մշակույթի, մասնավորապես երաժշտության մեջ:

Սովետական Միության երկրներում բնակվող քրդերի համար Հայաստանը մշտապես եղել է ամենաբարենպաստ վայրը թե՛ անկախության, թե՛ ազգային ինքնության ու մշակույթի պահպանման առումով: Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, որոնք ազդեցին նաեւ այս երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների վրա:

Համատարած գործազրկության պատճառով շատ քրդեր լքեցին Հայաստանը:

Որոշ քրդեր ինտեգրված են հայերի կյանքին, ոմանք մեկուսացված են:

Համատարած փոխակերպումը Եհովայի վկաների եւ քրիստոնեական այլ աղանդների չշրջանցեց նաեւ քրդերին:

Հայաստանում քրդերի թերեւս ամենամեծ խնդիրը ինքնության խնդիրն է, այն խճճված հարցը, թե եզդիներն ու քրդերը նու՞յն ազգն են, թե՞ ոչ:

Ինձ հետաքրքրում է, թե որն է երաժշտության տեղն այս շփոթված հասարակությունում: Կոնստանտին Օրբելյանն ասել է. «Յուրաքանչյուր քրդական ցեղ ունի ավելի հարուստ երաժշտական ավանդույթներ, քան գուցե ամենամեծ ազգությունը»: Հաջողվե՞լ է, արդյոք, պահպանել այդ ավանդույթները այսպիսի փոփոխությունների ներքո»,-ասաց Նահրոն:

«Որքանո՞վ է ազդել այդ ազգային պառակտումը երաժշտության վրա»:

«Հիմա հայկական ռադիոյում քրդերին հատկացված է կես ժամ, եզդիներին, ովքեր պնդում են, որ իրենք քուրդ չեն, որպես այլ, առանձին ազգ՝ նույնպես կես ժամ: Երաժշտության առումով նրանք չեն ձայնագրում ոչ մի նոր գործ, օգտվում են միեւնույն արխիվներից, միայն եզդիներն ընտրության ավելի քիչ հնարավորություն ունեն, որովհետեւ խուսափում են ազգասիրական թեմայով երգերից, հատկապես նրանցից, որոնցում շոշափվում է Քրդստան անունը: Մնացածը նույնն է»,-բացատրում է Նահրոն:

«Իսկ մինչ այստեղ գալդ ծանո՞թ էիր հայկական երաժշտությանը»,-հարցնում եմ Նահրոյին:

«Բավականին: Նույն Երեւանի ռադիոյի միջոցով: Արամ Խաչատրյանն իմ սիրելի հայ կոմպոզիտորն էր: Գիտեի, որ Հայաստանում նրա տուն թանգարանը կա, ու դեռ փոքրուց երազում էի մի օր այցելել: Այդ երազանքն այնքան հեռու, անիրագործելի էր թվում, որ ես նույնիսկ արտասվեցի, երբ մտա նրա թանգարանը:

Լավ ծանոթ էի Կոմիտասի արվեստին: Նա քրդական երաժշտության ամենաառաջին հետազոտողներից է եղել: 1904 թվականին Մոսկվայում տպագրվել է «Քրդական եղանակներ» գիրքը: Գրքում կա տասներեք եղանակ, բայց ես համոզված եմ, որ իրականում դրանք ավելի շատ են եղել, պարզապես տասներեքն են պահպանվել:

Կոմիտասն այնքան հետաքրքրեց ինձ, որ սկսեցի ուսումնասիրել նրա այլ աշխատություններն ու երաժշտությունը»:

«Քրդական մշակույթը եւ ավանդույթներն այնքան էլ ուսումնասիրված չեն Հայաստանում, չե՞ք կարծում»,-կրկին հարց եմ ուղղում ես:

«Ինչպես արդեն ասացի, Հայաստանում քրդական հասարակությունը շփոթված է իր ինքնության հարցում: Եթե գնամ որեւէ քրդական գյուղ, ասեմ՝ ես քուրդ եմ Իրաքի Քրդստանից, կասեն' մենք քրդեր ենք: Եթե ասեմ՝ Հայաստանի կառավարության համար եմ աշխատում ու հավատում եմ, որ եզդիները քրդեր չեն, կասեն' այո, մենք առանձին ժողովուրդ ենք:

Հայերը նույնպես խճճված են այդ հարցում: Խորը ուսումնասիրություններ հիմնականում չեն արվում: Արտասահմանցի գիտնականները գալիս են Հայաստան, տեղավորվում շքեղ հյուրանոցներում, մի քանի ժամով այցելում գյուղեր ու հսկայական դիսերտացիաներ գրում դրա մասին: Հայ գիտնականներն էլ հիմնականում արտահայտում են իրենց սեփական կարծիքը, չեն շփվում ժողովրդի հետ: Քրդերն էլ շատ չեն շփվում հայերի հետ: Տգիտությունը երկու կողմերի մոտ էլ առաջացնում է նախապաշարումներ:

Հայաստանում ապրող քրդերը գրեթե տեղյակ չեն իրենց մշակույթից ու կրոնից: Օրինակ' նրանք ասում են' մենք ազգությամբ քուրդ ենք, իսկ եզիդիզմը մեր կրոնն է: Սակայն եզիդիզմ բառ գոյություն չունի: Կրոնը կոչվում է ազդաի, ինչը թարգմանաբար նշանակում է «Աստված ստեղծեց ինձ»: Ժամանակի ընթացքում «ազդաի»-ն փոխակերպվել է «էզդի»-ի: Այսպիսով' ճիշտ բառը ոչ թե եզդին է, այլ էզդին:

Քրդական մշակույթը բանավոր մշակույթ է: Կա վտանգ, որ բանավոր մշակույթը կկորչի այս շփոթված հասարակության մեջ:

Ես տարբեր գյուղերում ահռելի քանակով երգեր եմ ձայնագրել, դեռ չգիտեմ՝ ինչ կանեմ այդ ամբողջը, բայց կարեւոր եմ համարում, որ հիմա դրանք ինչ-որ տեղ պահպանված են»:

Լուսանկարները Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter