HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական դիվանագիտություն ստեղծողները. Արեւելագիտության ինստիտուտ

Մեքքայի եւ Մեդինայի շերիֆի ստորագրությամբ հրամանը՝ շրջանակի մեջ առնված, փակցված է Արեւելագիտության ինստիտուտի (ԱԻ) տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի աշխատասենյակում: Ակադեմիկոս Սաֆրաստյանը բացատրում է, թե հրամանում ասվում է, որ բոլոր իրական մահմեդականները պետք է օգնություն ցուցաբերեն հայերին, որոնք հայտնվել են իրենց տարածքներում: Ըստ գիտնականի՝ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը հենց այս հրամանի վրա էլ հիմնվում է: Շերիֆի հրամանի կողքին կախված է նմանատիպ շրջանակով մեկ այլ գրություն, որը, ինստիտուտի տնօրենի փոխանցմամբ, Մուհամեդ մարգարեի նամակն է հայ վաճառականներին օժանդակելու մասին:

068A4646.jpg (572 KB)

Այս երկու գրությունները ժամանակին Արեւելագիտության ինստիտուտին է նվիրել սիրիացի գիտնականներից մեկը, որը հետագայում բարձր պաշտոն է ստացել իր երկրում:

Ռուբեն Սաֆրաստյանի՝ մեծ ու լուսավոր աշխատասենյակում կարելի է տեսնել արեւելյան լեզուներով գրություններ եւ հուշանվերներ, բազմալեզու գրքեր, որոնք հուշում են գիտական այս հաստատության սերտ կապերը Մերձավոր, Միջին ու Հեռավոր Արեւելքի հետ:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

2006-ից ինստիտուտի տնօրենը ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է: Չնայած ԱԻ-ի հիմնադրման պաշտոնական տարեթիվ է համարվում 1971 թ., տնօրենն ասում է, որ 1958-ից Պատմության ինստիտուտի կազմում գործում էր արեւելագիտական սեկտոր, որի հիմքի վրա էլ հետագայում ստեղծվել է ինստիտուտը: Սաֆրաստյանը նկատում է, որ Գիտությունների ակադեմիայի հիմնադիրն էլ արեւելագետ էր՝ Հովսեփ Օրբելին: Ըստ մեր զրուցակցի՝ հայ ժողովրդի համար արեւելագիտությունը պատմական ավանդույթներ ունի, եւ քանի որ ապրում ենք Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանին, առաջինի համար արեւմտյան ավանդույթի կրող ենք, երկրորդի համար՝ արեւելյան:

068A4600.jpg (641 KB)

Ինստիտուտն ուսումնասիրում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Կովկասի, Արեւելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների եւ էթնիկական խմբերի խնդիրները հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:

ԱԻ-ն ունի 7 բաժին՝ Քրիստոնյա Արեւելքի, Իրանի, Թուրքիայի, արաբական երկրների, Հին Արեւելքի, արեւելյան աղբյուրագիտության եւ պատմագրության, միջազգային հարաբերությունների: Վերջին տարիներին ԱԻ-ն զբաղվում է նաեւ Հեռավոր Արեւելքի ուսումնասիրությամբ:

068A4579.jpg (456 KB)

«Վերջին տարիներին սկսել ենք մի նախագիծ, որը մինչ այդ չի ունեցել իր նախադեպը մեր արեւելագիտության մեջ, մենք ստեղծում ենք մեր հարեւանների՝ մերձավորարեւելյան երկրների պատմությունը մեր տեսակետից, արդեն երկու հատորը հրատարակել ենք՝ հին եւ միջին շրջանները, երկու հատոր էլ կհրատարակվի՝ նոր եւ նորագույն շրջանները»,- ասում է ինստիտուտի տնօրենն ու պարզաբանում նախաձեռնության նպատակը: Ըստ նրա՝ մինչեւ հիմա Հայաստանում գլխավորապես օգտվում են այն ուսումնասիրություններից, որոնք կատարվել են արտերկրում, ինչն էլ նշանակում է, որ նրանք չեն օգտագործել հայկական աղբյուրները: Այսինքն՝ նրանք պատմությունը ներկայացնում են իրենց տեսակետից, իրենց աղբյուրների հիման վրա, այլ կերպ ասած, ակադեմիկոս Սաֆրաստյանի բնորոշմամբ, ինչպես անհրաժետ է իրենց: Գիտնականը բերում է Թուրքիայի օրինակը, որտեղ մինչ օրս գոյություն ունի պաշտոնական պատմություն, որի հիմքը դրել է Աթաթուրքը: Ըստ Ռ. Սաֆրաստյանի՝ դա այն պատմությունն է, որը յուրովի տեսել ու մեկնաբանել է Մուստաֆա Քեմալը: Հայ թուրքագետն ասում է, որ միայն հիմա են Թուրքիայում սկսել ի հայտ գալ անկախ պատմաբաններ, ովքեր առանց պաշտոնական պարտադրանքի են փորձում ներկայացնել սեփական պատմությունը:

Ֆինանս ու նորից ֆինանս

ԱԻ-ն գտնվում է ԳԱԱ նախագահության հարեւանությամբ: Բարձրահարկ շենքի 10-11-րդ հարկերում տեղակայված ինստիտուտը ջեռուցման խնդիր չունի, պատուհանները նոր են, սակայն խորհրդային անցյալի մասին հիշեցնում է գույքի մի մասը:

068A4726.jpg (991 KB)

Ինստիտուտի հպարտություններից մեկը գրադարան-ընթերցասրահն է, որը, աշխատակիցների ասելով, իր տեսակի մեջ եզակի է Հարավային Կովկասում: ԱԻ-ի գրքերի մի ստվար մասն էլ պահվում է շենքի առաջին հարկի պահոցում, որը վերանորոգել են, ու հիմա այն թարմ տեսք ունի:

068A4678.jpg (659 KB)

Գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանն ասում է, որ ԱԻ-ում առկա խնդիրները բնորոշ են ակադեմիական համակարգին: Առաջնահերթներից մեկը ֆինանսն է, մասնավորապես՝ ցածր աշխատավարձերը, ինչն էլ որոշ խնդիրներ է առաջացնում նոր կադրեր ներգրավելիս:

Ահա պետբյուջեից ԱԻ-ին տրամադրված ֆինանսավորման ծավալները: Տվյալները վերցված են պետական բյուջեի մասին օրենքների հավելվածներից: 

ԱԻ
Infogram

Ներկայացնում ենք նաեւ ԱԻ-ի ֆինանսավորումը 2016-2018 թթ. կտրվածքով՝ համաձայն ինստիտուտի տրամադրած թվերի: 

AI.jpg (29 KB)

Այդուհանդերձ, ըստ Ռ. Ղազարյանի, երիտասարդները պատրաստ են գալ եւ աշխատել ԱԻ-ում: Հավելում է, թե հասարակության մեջ երբեմն այնպիսի կարծիք կա, որ ակադեմիայում աշխատում են 60-70 եւ ավելի տարիքով գիտնականներ, մինչդեռ իրականում այդպես չէ:

068A4701.jpg (717 KB)

Տնօրեն Ռ. Սաֆրաստյանն ասում է, որ ակադեմիական մյուս ինստիտուտների համեմատ իրենց վիճակը լավ է. աշխատակիցների 1/4-ը երիտասարդներ են՝ մինչեւ 35 տարեկան: Մի քանի տարի առաջ այստեղ եւս, ինչպես գրեթե ամբողջ համակարգում, միջին տարիքի գիտնականների խնդիր կար, սակայն հիմա չկա, քանի որ երիտասարդները հիմնականում մնում են ԱԻ-ում: Ըստ տնօրենի՝ պատճառներից մեկն այն է, որ արտերկրում հայ արեւելագետների պահանջարկ չկա, ինչը չի կարելի ասել, օրինակ, քիմիայի, ֆիզիկայի կամ նմանատիպ ոլորտների մասնագետների մասին:

068A4624.jpg (629 KB)

Այդուհանդերձ, այնպես էլ չէ, որ ամեն ինչ իրենց ուզածի պես է: Իսկ պատճառը ցածր աշխատավարձն է: Պրոֆեսոր Սաֆրաստյանը նշում է, որ ամեն անգամ 1-2 տեղ պահում է, որ ասպիրանտներն ավարտելուց հետո աշխատանքի անցնեն ԱԻ-ում: Ցածր վարձատրության պայմաններում աշխատակիցների մի մասը դասավանդում է բուհերում, բայց, ըստ Ռ. Սաֆրաստյանի, բարձր աշխատավարձ ստանալու դեպքում նրանք միայն գիտությամբ կզբաղվեին, ժամանակի կորուստ չէին ունենա:

ԱԻ աշխատողներ
Infogram

Մեկնում են արտերկիր՝ սովորելու եւ սովորեցնելու

Ինստիտուտն ունի մագիստրոսական ծրագիր: Ռոբերտ Ղազարյանը նշում է, որ մագիստրատուրան կադրերը թարմացնելու հնարավորություններից մեկն է, սակայն վերջին տարիներին, ինչպես հայաստանյան խոշոր բուհերի որոշ ֆակուլտետներում, այստեղ էլ նվազել է ուսանողների թիվը. հիմա ունեն մոտ 20 մագիստրանտ:

ԱԻ-ն մագիստրատուրայի գծով պայմանագիր է կնքել Իտալիայի Բոլոնիայի համալսարանի հետ, ներկա պահին երկու հոգի 6 ամսով սովորում են այնտեղ: Համագործակցության այլ պայմանագրեր էլ ունեն, եւ, փոխտնօրենի խոսքով, հուսով են, որ հաջորդ տարվանից կկարողանան ուսանողներ ուղարկել արտերկիր: ԱԻ-ից արտասահման են մեկնում նաեւ դասավանդելու նպատակով: Օրինակ՝ մայիսին հայ օսմանագետներից մեկը կարճ ժամանակով դասավանդելու է Բոլոնիայի համալսարանում: Ռոբերտ Ղազարյանն ասում է, որ դա լավ հնարավորություն է նաեւ գիտական կարիերայի զարգացման համար:

068A4590.jpg (732 KB)

Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ իրենց կատարած աշխատանքի մասին տեղեկության զգալի մասը տեղ չի գտնում ինստիտուտի ամենամյա հաշվետվություններում, քանի որ ծավալը շատ մեծ է: Մինչդեռ այսօր, ըստ նրա, ԱԻ-ն ակտիվ համագործակցում է տարբեր երկրների գիտական հիմնարկների հետ, ինչպիսիք են, օրինակ, Չինաստանի երեք ինստիտուտները, որոնցից մեկը կառավարության ենթակայությամբ է, մյուսը՝ արտգործնախարարության, երրորդը՝ հասարակագիտական ակադեմիայի: Ռուսաստանում ԱԻ-ի գործընկերներից են ИМЭМО-ն, Արեւելագիտության ինստիտուտը, РИСИ-ն, որը ենթարկվում է ՌԴ նախագահի աշխատակազմին: ԱԻ-ի տնօրենն ասում է, որ վերջերս РИСИ-ից իրենք հրավիրել էին մասնագետի, ով զբաղվում է Հայաստանի թեմայով: Վերջինս մոտ մեկ ամիս աշխատել է այստեղ, ծանոթացել երկրին՝ այն ավելի լավ հասկանալու համար:

068A4595.jpg (527 KB)

Վերջերս ԱԻ-ն պայմանագիր է ստորագրել Թբիլիսիի պետական համալսարանի հետ, համագործակցություն ունի նաեւ Հունաստանի, Իրանի հետ: Սաֆրաստյանը հիշում է, որ մի քանի տարի առաջ Թուրքիայից գիտնական էր եկել, ով երկու-երեք ամիս աշխատել է ԱԻ-ում, ուսումնասիրություններ կատարել: Ընդ որում՝ ինստիտուտն իր հյուրերի համար առանձին աշխատասենյակ ունի: Այդուհանդերձ, Թուրքիա վերադառնալուց հետո այդ գիտնականն ազատվել է աշխատանքից: Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ վերջին տարիներին Թուրքիայում մեծացել են ճնշումները, բազմաթիվ գիտնականներ խնդիրների են բախվում:

Աշխատանք՝ դիվանագետների հետ

Արեւելագիտության ինստիտուտի լրջագույն ձեռքբերումներից մեկը ներդրումն է մեր արտաքին քաղաքականության բնագավառում: Տնօրենն ասում է, որ իրենք մեծ աշխատանք են տանում Հայաստան գործուղված դեսպանների, նրանց խորհրդականների հետ: Դիվանագետները պարբերաբար այցելում են ԱԻ: Օրինակ, վերջերս, այստեղ ելույթ է ունեցել Եգիպտոսի դեսպանը: Ըստ Ռ. Սաֆրաստյանի՝ ինստիտուտը, փաստորեն, նաեւ գիտական դիվանագիտությամբ (scientific diplomacy) է զբաղվում, սակայն նման աշխատանքները հասկանալի պատճառներով չեն կարող ներկայացվել իրենց հաշվետվություններում:

068A4621.jpg (637 KB)

ԱԻ-ն համագործակցում է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: Հատկապես նոր իշխանությունների օրոք, Սաֆրաստյանի փոխանցմամբ, իրենց ուշադրություն դարձնող կա, շատ են հրավիրում ԱԳՆ՝ իմանալու արեւելագետների տեսակետը: Դիվանագիտական կորպուսից զատ՝ արեւելագետների կարծիքն ու ներգրավվածությունը կարեւորում են ՊՆ-ում, ԱԱԾ-ում, ՀՀ անվտանգության խորհրդում: «Սա կարեւոր խնդիր է: Մեր աշխատավարձերը ցածրն են, բայց երբ մեզ հրավիրում են, մենք շոյված, գնահատված ենք զգում: Չնայած նյութական առումով ոչինչ չի տալիս, եթե դու պետք ես քո երկրին, նպաստում ես ինչ-որ խնդրի կատարմանը, դա արդեն բարոյական բան է, դրա համար մենք միշտ պատրաստ ենք»,- ասում է ինստիտուտի տնօրենը:

Կայունությունը՝ ձեռքբերում

Փոխտնօրեն Ռ. Ղազարյանի կարծիքով՝ Արեւելագիտության ինստիտուտի գլխավոր ձեռքբերումն առաջին հերթին այն կայունությունն է, որ անգամ 1990-ականների դժվար պահերին կարողացել է պահել իր կադրային ներուժը, երկրորդը՝ ԱԻ-ի հրատարակությունների թիվն ու որակը:

068A4709.jpg (640 KB)

«Հայաստանում պետք է արեւելագիտության դպրոցը զարգանա: Մենք պարտավոր ենք ե՛ւ մերձակա, ե՛ւ հեռավոր հարեւանների մասին բավականին լավ պատկերացում ունենալ բոլոր առումներով: Իսկ Արեւելագիտության ինստիտուտն այսօր առաջնային լուծում է այդ խնդիրը: Այն տարածաշրջանում համարվում է ճանաչված արեւելագիտական կենտրոն»,- նշում է Ռոբերտ Ղազարյանը:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter