HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՏԿԶ նախարարության քաղաքականությունն անփոփոխ է՝ համայնքների խոշորացումը կշարունակվի

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) առաջիկա տարիների քաղաքականությունը տեղական ինքնակառավարման ոլորտում հետեւյալն է՝ շարունակվելու է համայնքների խոշորացումը, հաջորդը մարզպետարանների աշխատակազմերի կրճատումն է լինելու, որին պետք է հաջորդեն խոշոր, կայացած համայնքները։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դեռեւս տեղական ինքնակառավարման հայեցակարգ չի ներկայացրել հանրությանը, որի համար էլ հաճախակի քննադատվում է։ Նախարարն այսօր տեղեկացրեց, որ նախարարությունն օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում ՏԻՄ օրենքում։

Նախարարությունն առաջիկայում համայնքների խոշորացման նոր ծրագիր կներկայացնի։ Ամիսներ առաջ պարոն Պապիկյանը հայտնել էր, որ հանդիպումներ է ունենում բնակչության հետ, որի արդյունքում կգույքագրվեն համայնքների խոշորացման ծրագրից բնակչության ունեցած դժգոհությունները։ Այսօր անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ են առանձնացրել հանդիպումների արդյունքում՝ հայտնեց, որ դժգոհությունները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմեր ունեն։ Նախարարի կարծիքով՝ միանշանակ է, որ խոշորացումը տեղի չի ունեցել այնպես, ինչպես պետք է լիներ։ Խնդիրն աշխարհագրորեն անհամատեղելի միավորումներն են, որն արվել է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով եւ դա օբյեկտիվ դժգոհություն է։

Սուբյեկտիվ իրողությունն այն է, որ նախկին համայնքապետերը, որոնք՝ որպես վարչական ղեկավարներ, չունեն նախկին իշխանությունը, իրենց կարգավիճակի հետ չհամակերպվելով՝ սրում են վիճակը։

Նախարարն իրենց անելիքը հանրությանը իրականությունը ներկայացնելն է համարում։ «Երբ խոսում ենք այն մասին, որ համայնքները պետք է համաձայն լինեն այլ համայնքների հետ միավորվելուն՝ չենք խոսում այն մասին, որ համայնքապետերը պետք է համաձայն լինեն, մենք խոսում ենք քաղաքացիների եւ ոչ թե կլանների համաձայնության մասին։ Մենք պետք է ունենանք խոշորացված համայնքներ, որտեղ վճռորոշ է լինելու քաղաքացու ձայնը»,- հայտնեց Ս․ Պապիկյանը։

Նախարարը հայտարարեց, որ վարչական մեթոդներ չեն կիրառելու խոշորացման հարցում, կիրականացնեն ուղիղ ժողովրդավարություն ապահովող գործիքներ՝ հանրային լսումներ։ Խոշորացվող համայնքներին տնտեսական հաշվարկներ կներկայացվեն, որից բնակչությանը պարզ լինի, թե ինչ է ստանում նա համայնքի խոշորացումից։ Տեղեկացրեց, որ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է մշակում, որը հնարավորություն կտա հանրային լոկալ դժգոհությունները լուծել նաեւ հանրաքվեի միջոցով։

Ս․ Պապիկյանը նշեց, որ համայնքներն աննախադեպ ակտիվություն են դրսեւորել սուբվենցիաների հայտեր ներկայացնելու հարցում։ Համայնքի ղեկավարը պետք է տեսլական ունենա իր համայնքի զարգացման մասին, համայնքը պետք է ունենա մրցակցային ծրագիր։ Մենք հիմա մեր գործընկերներին այդ կարեւոր պրոցեսի մեջ ներգրավելու քայլեր ենք անում։ «Երբ կունենանք տնտեսապես կայուն համայնքներ, մարզպետարանների շատ լիազորություններ կփոխանցվեն համայնքներին»,- ապակենտրոն կառավարում իրականացնելու նախարարության տեսլականը ներկայացրեց նախարարը։

Անդրադառնալով ավագանու ինստիտուտին նախարարը հայտնեց, որ իրենց ցանկությունն է այնպիսի ավագանի տեսնել համայնքում, որն իրական հակակշիռ կլինի համայնքի ղեկավարին։ Այդպիսի ավագանի ունենալու համար ցանկանում են անցում կատարել համամասնական ընտրակարգին, սակայն նկատի ունենալով, որ մարզերում քաղաքական կուսակցությունները բավարար կայացած չեն, գուցե քաղաքացիական միավորումներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի։

Համայնքները հողի մեծ թվով ապառքներ ունեն, որոնք գոյացել են մի քանի պատճառներով, հիմնականը՝ բնակչության արտագաղթն է: Այս խնդիրն ունեն բոլոր այն համայնքները, որտեղ, հատկապես, այլ ազգություններ՝ եզդիներ, քրդեր, մոլոկաններ, ասորիներ, հույներ են բնակվել եւ 1990-ականներին գրեթե ողջ գյուղով տները վաճառել են ու հեռացել: Նաեւ 1990-ական թվականների սկզբին հանրապետության մեծ թվով բնակավայրերում վերաբնակեցված փախստականներն օգտվել են հողի սեփականաշնորհումից, սակայն կարճ ժամանակ հետո հեռացել են հանրապետությունից: Նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի մոտեցում ունեն օրակարգային այդ հարցին։

Նախարարը հայտնեց, որ համայնքների հարկային պարտքը 43 մլրդ դրամ է, եւ պետք է պարզել, թե դրա որ մասն է մշտապես բնակվողներին պատկանում եւ որ մասն է հանրապետությունը լքած քաղաքացիների մասով առաջացել։ Տեղեկացրեց, որ նախորդ իշխանության ժամանակ փորձ է արվել չօգտագործվող հողերը համայնքներին վերադարձնելու օրենսդրական մեխանիզմ գտնել, բայց դրանք հակասահմանադրական են համարվել։ Ներկայում Տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության նախարարությունները համատեղ փորձում են օրենսդրություն մշակել, որը չի հակասի ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ հնարավորություն կտա օգտագործել գյուղնշանակության հողերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter