
Արմեն Սարգսյանն ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին:
Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:
«Հետք»-ը Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի ծրագրի (OCCRP) շրջանակներում նախորդ տարի հրապարակել էր հոդված Արմանդ Արտոնի և նրա հիմնադրած «Արտոն Կապիտալ» ընկերության մասին։ Այս ընկերությունը ավելի քան 20 երկրների համար մշակել է ներդրումներ՝ քաղաքացիության դիմաց ծրագիրը։ Գումարի դիմաց անարգել մուտք ունենալու կամ «ոսկե վիզա» ստանալու գինն այդ երկրներում սկսվում է մոտավորապես 100 հազար եվրոյից և կարող է հասնել մինչև 10 միլիոն եվրոյի։
Հայաստանի կառավարության և «Արտոն Կապիտալ»-ի համագործակցությունը սկսվել է 2017թ․-ից։ Հայաստանի համար ևս «Արտոն Կապիտալ»-ը պատրաստել էր զեկույց-առաջարկ, համաձայն որի՝ ներդրողներին Հայաստանի «Ոսկե վիզա» ստանալու երկու տարբերակ էր առաջարկվում և բավական ցածր գնով՝ սկսած 50 հազար եվրոյից։ Եթե ծրագիրն իրականացվի, հնարավոր է՝ Հայաստանը դառնա ամենացածր գնով «Ոսկե վիզա» վաճառող երկիրն ամբողջ Արևելյան Եվրոպայում, նույնիսկ՝ աշխարհում։
«Ոսկե վիզա»-ն այդ գնային առաջարկով տրամադրելու դեպքում, ըստ «Արտոն Կապիտալ»-ի, Հայաստանը կարող է ակնկալել շուրջ 138 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ վեց տարվա ընթացքում։ «Արտոն Կապիտալ»-ը զեկույցը պատրաստել էր Եվրոպական միությունից ստացած դրամաշնորհի շրջանակներում։
Հայտնի չէ՝ արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իրականացնել Հայաստանի «Ոսկե վիզա»-ի ծրագիրը, սակայն միայն զեկույցը պատրաստելու համար արդեն իսկ բավական գումար է վճարվել «Արտոն Կապիտալ»-ին՝ շուրջ 18,5 հազար եվրո։ Զեկույցը պատրաստվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականցվող «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD):
Հիշեցնենք՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման ծրագրի շրջանակներում՝ լրագրողների կատարած հետազոտություններով պարզվել էր, որ «Ոսկե վիզա» ծրագիրը անարգել ելումուտ է ապահովում ոչ միայն պարզապես հարուստների, այլև նրանց համար, ովքեր խուսափում են հարկերից, ներգրավված են կազմակերպված հանցագործություններում կամ առհասարակ չեն հայտարարագրում իրենց ունեցվածքի ծագումը։
Մեկնաբանել