HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Անվճար կրկնակի զննություն, էլեկտրոնային եղանակով հաշվառում․ տեխզննման նոր կարգը քննարկման է դրված

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որի բուն նպատակը տեխզննման նոր կարգի հաստատումն է։ «Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել է այս ոլորտի խնդիրներին։

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր երկրի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության: Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են լիզենզավորված 35 տեխնիկական զննության կայաններ՝ 41 հոսքագծերով: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած եւ սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաեւ Ճանապարհային ոստիկանությանը:

Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա։ Սակայն փաստ է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացումը կրում է ձեւական բնույթ։ Տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերն ավտոմեքենան չի ներկայացնում տեխնիկական զննության, իսկ ՃՈ-ն վերահսկողությունն իրականացնում է ընդամենը կտրոնն օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն:

Նախարարությունն առաջարկում է նախ տեխզննության կտրոնի տրամադրման պահանջը հանել: Վերահսկողությունը կիրականացվի էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:

Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտանաբերված թերությունների վերաբերյալ: Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնակին եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորատային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Բայց այստեղ էլ խնդիր կա։ Տեխզննության կայանները ստուգում են միայն արգելակներն ու դրանով ավարտում զննությունը։

Ներկայիս կարգավորումներով՝ մի քանի տասնյակ կետով պետք է տեխնիկական զննություն իրականացվի։ Սույն նախագծի ընդունումից հետո այդ կարգը փոփոխության կենթարկվի։

Տեխզննության պահանջների որոշ մասը պարտադիր կլինի ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3,5 տոննա առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Նոր թողարկված ավտոմեքեների դեպքում առաջին զննությունը կիրականացվի երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, այնուհետեւ՝ տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով կստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները եւ 3,5 տոննայից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցները, կցորդ/կիսակցորդները, հատուկ եւ մասնագիտացված տրանսպորտային միջոցները։ Տարին մեկ պարբերականությամբ:

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն արգելակային եւ ղեկային համակարգերում հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում եւ էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները, 20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով եւ անվճար:

Նախագիծը բաց քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Մարտի 23-ին ավարտվում է առաջարկներ ներկայացնելու ժամկետը։

Մեկնաբանություններ (1)

Դավիթ
Հարգելիներս տեխզննում անցած մեքենան համարվում է անվտանգ, իսկ ենթադրենք զննման տեղից դուրս եկավ ու արգելակի հետ խնդիր ունեցավ տվյալ կայանը պատասխանատու է իր ստուգման համար, թե սա էլ փող աշխատելու միջոց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter