
Քաղաքապետարանը քննարկում է ԵԿՄ-ին տրամադրված տարածքում մանկապարտեզ կառուցելու հարցը
Երևանի քաղաքապետարանը քննարկում է Պարոնյան 20/4 հասցեում համայնքային նշանակության մանկապարտեզ կառուցելու հարցը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանից հայտնել են մեր գրավոր հարցմանն ի պատասխան:
Հիշեցնենք, որ «Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» վերտառությամբ մեր հետաքննությամբ պարզել էինք, որ այդ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ԵԿՄ-ին, սակայն պայմանագրի ժամկետը լրացել է 2017 թվականին:
««Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը սահմանված կարգով ծանուցվել է վերոնշյալ տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ և 05.03.2019թ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքով անհատույց օգտագործման իրավունքը համարվել է դադարեցված»,-ասված է Երևանի քաղաքապետարանից ստացված պատասխանում:
Հիշեցնենք, որ ԵԿՄ-ն այդ տարածքից մի հատված 2014 թվականից սկսած վարձակալության էր տվել քաղաքացի Լիանա Շահբազյանին: Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված Լիանա Շահբազյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստ է ներդրումային ծրագիր իրականացնել, որպեսզի այդ տարածքում մանկապարտեզ կառուցվի, սակայն քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Շահբազյանի առաջարկը մերժել են, քանի որ քաղաքապետարանում քննարկում են համայնքային նշանակության մանկապարտեզ կառուցելու հարցը:
Մեկնաբանել