
Կառավարությունը կմերժի մարտական հերթապահության փոփոխության` ԲՀԿ-ի նախաձեռնությունը
Կառավարությունը վաղվա նիստին բացասական եզրակացություն է տալու ԲՀԿ մի շարք պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները: Փոփոխություններն առաջարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում:
Պաշտպանության նախարարության մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար: «Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ»,-ասված է նախագծի եզրակացության մեջ:
Ըստ Պն հիմնավորման՝ նախագծով առաջարկվող մարտական պատրաստության ծրագիրը ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ինչն էլ ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե´ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:
«Հայտնում ենք նաև, որ նախագծի ընդունման արդյունքում պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները»,- ասված է եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում նախածի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը համոզմունք էր հայտնել, թե «18 տարեկան երեխային, որը չի տիրապետում զինվորական ծառայության շատ նրբությունների, առաջնագիծ տանելը ռիսկային է»:
Մեկնաբանել