HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննությունը սկսվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Վերջինս մինչև պատգամավոր դառնալը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը:

Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում նա գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Բաբայանը պատգամավոր է դարձել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում: Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում քննվել է Բաբայանի վերաբերյալ գործը, հայտարարել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի, քանի որ ենթադրյալ հանցանք կատարելու պահին նա  անձեռնմխելի չի եղել: Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորը, Սահմանադրության համաձայն, անձեռնմխելի է:

Բաբայանի մասնակցությամբ միջադեպից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են վերը նշված մարզային համալիրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով  և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։

Շուտով, սակայն, տուժող Հարությունյանը հայտարարել է, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել ու վայր է ընկել:

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Հատուկ քննչական ծառայությունը՝ հայտնելով, որ «Վյաչեսլավ Հարությունովի որդին, 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:

Այժմ գործով  ամբաստանյալի աթոռին է հայտնվել միայն պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Վերջինս դատարանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter