HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում, ասեմ ձեզ». պատգամավոր Էդուարդ Բաբայանն ու նրա գործով տուժողը պնդում են, թե իրենց միջև ծեծկռտուք չի եղել

Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության նախկին պետ Էդուարդ Բաբայանը չի հերքում, որ 2018 թվականի հուլիսի 2-ին եղել է «Օլիմպավան» ռեստորանային համալիրում, բայց պնդում է, որ ինքը չի գտնվել այն դահլիճում, որտեղ տեղի է ունեցել մարզիկների հետ ժողովը:

Նշենք, որ ըստ Բաբայանի մեղադրանքի՝ վերջինս մարզային համալիրի դահլիճում, որտեղ ժողով է անցկացվել, հարվածել է քաղաքացի Վյաչեսլավ Հարությունովին:

«Ես չեմ մանակցել ծեծկռտուքին, չեմ եղել այդ սենյակում, Ծառուկյանի հետ բարձրացել եմ վերև, երկու հոգու ընդունել է, մոտ մեկ ժամ է տևել, հետո գնացել ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Բաբայանը:

Լրագրողի հարցին՝ ճիշտ չէ՞ տեղեկությունը, որ տուժող Հարությունովը հայհոյել է Գագիկ  Ծառուկյանին, որից հետո Բաբայանը հարվածել է նրան, պատգամավորը պատասխանեց, որ նման բան չի եղել:

Հարցին՝ ըստ Բաբայանի՝ ի՞նչ շահ ուներ տուժողը, որպեսզի հայտներ, որ իրեն հարվածել են, Բաբայանը պատասխանեց, որ չգիտի, այդ մասին տուժողին հարցնենք:

Նշենք, որ այժմ տուժող Վյաչեսլավ Հարությունովը պնդում է, թե ոտքը սայթաքել ու վայր է ընկել, ինչի հետևանքով ստացել է ծանր մարմնական վնասվածք: Լրագրողը հետաքրքրվեց, թե ըստ Բաբայանի՝ դա իրատեսակա՞ն է, ինչին ի պատասխան՝ վերջինս նշեց. «Հարգելի՛ լրագրող, ես անվտանգության պետ լինելով՝ ոչ թե մարդուն ծեծում եմ, այլ եթե մարդուն վտանգ սպառնա, կկանխեմ, բայց ոչ թե ծեծեմ, ջարդեմ, գցեմ գետնին»:

Լրագրողներից մեկը Բաբայանից խնդրեց անկեղծանալ ու ասել՝  Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ եղած տասը տարիների ընթացքում երբևէ մարդ ծեծե՞լ է:

«Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում, ասեմ ձեզ»,- հայտարարեց Էդուարդ Բաբայանը:

Վերջինս հայտնեց, որ Վյաչեսլավ Հարությունովը որդու հետ կապված հարցով դիմել է Գագիկ Ծառուկյանին և Ծառուկյանը հանձնարարել է, որ հարցը լուծվի, քանի որ նա «չեմպիոն տղա» է: Նշենք, որ Վյաչեսլավ Հարությունովի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել՝ զինվորական ծառայության հետ կապված խնդրով:

Ըստ Էդուարդ Բաբայանի՝ Հարությունովի և Ծառուկյանի միջև խոսակցությունը տեղի է ունեցել «Օլիմպավան» մարզական համալիրի բակում: Բաբայանը նշեց նաև, որ դեպքից հետո մեկ-երկու անգամ հանդիպել է տուժող Հարությունովին,  նրա հետ որևէ խնդիր, հարց չունի:

Լրագրողների հետ զրույցում Վյաչեսլավ Հարությունովը շարունակեց պնդել, որ ինքը չի հայտնել, թե Էդուարդ Բաբայանն իրեն հարվածել է:

«Ես ոչ մի բան չեմ նշել. էդ սաղ իրանք են նշել, իրանք նշել, իրանք՝ ջնջել: Դատավարության վերջում դուք կտեսնեք, որ ճիշտը դուրս է տալու ջրի երես, ով ա գրել, խի ա ուզում իմ ու Էդոյի կամ իմ ու պարոն Ծառուկյանի մեջ տենց մի հատ եսիմ...», - ասաց Հարությունովը:

Վերջինս նշեց, որ ինքն ու Ծառուկյանն ընտանիքներով մոտ են, որ Ծառուկյանն իր որդուն «տիրություն է արել»: Մենք հարազատ մարդիկ ենք, իմ էրեխուն տիրություն ա արել պարոն  Ծառուկյանը, եկել ա, դարձել աշխարհի չեմպիոն», - ասաց Հարությունովը:

Մեր դիտարկմանը, որ իրավապահ մարմինների կողմից տարածված հայտարարությունները, որոնցում ասվում է այն մասին, որ Հարությունովին հարվածել են, չի՞ համապատասխանում իրականությանը, վերջինս պատասխանեց, թե ինչպես հստակ նշել են, այնպես էլ հստակ կհերքեն:

Լրագրողը  Հարությունովին խնդրեց մանրամասներ հայտնել՝ կապված նրա սայթաքելու հանգամանքի հետ: «Այ ցավդ տանեմ, մի տարի առաջ սայթաքել եմ, ես ի՞նչ ասեմ»,- ի պատասխան՝ ասաց Հարությունովը: Դիտարկմանը, որ մեկ տարի առաջ «սայթաքելու դեպքի առթիվ» քրեական գործ է հարուցվել, Հարությունովը պատասխանեց, թե հարուցվել է, և ամեն ինչ կընկնի իր տեղը, ամեն ինչ կպարզվի:

Հարցին՝ դեպքից հետո Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդ Բաբայանը հորդորե՞լ են իրականությունը չհայտնել, Հարությունովը պատսխանեց. «Բայց դուք ինչո՞ւ եք մտածում, որ իրականությունը հիմա դուք եք ասում, այլ ոչ թե ես»:

Հարցին՝ քննչական մարմիններն, ըստ Հարությունովի, ինչո՞ւ են հնարել Ծառուկյանի և Բաբայանի առնչությունն իր հետ կապված միջադեպին, Հարությունովը պատասխանեց, թե հավանաբար քաղաքական խաղ են սարքել Գագիկ Ծառուկյանի գլխին:

Հարությունովը, այն հարցին, թե իրե՞ն են օգտագործել այդ խաղը սարքելիս, պատասխանեց, որ իրեն շատ դժվար է օգտագործելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter