
«Քյասիբից» հարուստը և հարուստից «քյասիբը». անօթևան Լենան
Ծխախոտի տուփը ձեռքին և ծխախոտը բերանը հրելով՝ փայտյա տնակից դուրս է գալիս Լենան: Ալկոհոլի ազդեցությունն ակնհայտ է նրա խոսքից և տեսքից, բայց վստահեցնում է, որ չի խմում: Ասում է, որ միակ խմիչքը սուրճն է, որը շատ է սիրում: Իսկ ծխախոտներից փափուկ «Նոյ»-ն է նախընտրում:
Լենան միակն է, որ համաձայնում է զրուցել և չի թաքնվում տեսախցիկից:
Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի հարևանությամբ գնտվող հին կաթսայատան կիսաքանդ շենքը և դրան հարակից փայտյա տնակները ապաստան են տվել 6 անօթևանի:
Թիվը պարբերաբար փոփոխվում է այստեղ, բայց առայժմ երեք կին և երեք տղամարդ են բնակվում տարածքում: Նրանք ոստիկանության աշխատակիցների պատուհանների ներքո և նրանց անմիջական տեսադաշտում են, սակայն տարիներ շարունակ նրանց մուտքը կամ կենցաղը չի արգելվում քարուքանդ կաթսայատանը:
Կաթսայատունը կիսափուլ է, և ամենուր քամու սվսվոց կա: Այնտեղ մտնելիս մեզ զգուշացրին, որ ափսոս են մեր հագած ոտնամանները, դրանք աղբի և կեղտի մեջ կկորեն: Կուտակված խորդուբորդ աղբակույտերը հաղթահարելուց հետո հասանք Լենայի «պատսպարան»:
Լենան կաթսայատան աստիճաններին է ապաստանել, իրերն այնտեղ է տեղավորել: Քնում է աստիճաններին, որ ցուրտն ավելի քիչ սողոսկի:
Ներկայանում է՝ Լենա Դավթյան, 63 տարեկան: Թոշակ չի ստանում, քանի որ փաստաթղթերը մնացել են նախկինում վարձակալած բնակարանի տիրոջ մոտ, ում պարտք է բնակարանի վարձը՝ 60 հազար դրամ:
Լենան պատմում է, որ 25 տարի է՝ փողոցներում է: Հայրական տունը եղբայրներին թողնելով և նրանց կանանց հետ գժտություններից խուսափելու պատճառով՝ հայտնվել է անօթևանի կարգավիճակում: Ամուսինը մահացել է, երեխաներ չունի: Մայրական կողմը Հրազդանից է, և այնտեղ դեռ որոշ հարազատներ ունի: Երբեմն նրանց տներ է այցելում, լողանում, շորերը լվանում և վերադառնում Երևան:
Աղբարկղերից կենցաղային իրեր է հավաքում, կաթսայատան հարակից «Քռչի բազար»-ում վաճառում: Այդպես վաստակում է օրվա հացի և ծխախոտի գումարը: Երբեմն շշեր է հավաքում, որ հանձնի: Լենայի եկումուտը կախված է ապրանքից և դրա վաճառքից: Օրը 500 դրամի չափով կարող է առևտուր անել: Բայց եթե լավ ապրանք է ունենում, 3000-5000 դրամ էլ է դնում գրպանը:
«Փառք Աստծո՝ սոված չեմ մնում, մուրացկանություն չեմ անում: Ուրիշից ուտելիք չեմ ուզում, ես իմ եկամուտներով ապրում եմ: Քյասիբից հարուստ եմ, հարուստից էլ քյասիբ եմ»,- ժպտում է Լենան:
Կանանցից մեկը՝ Նունեն, ում մասին դեռ 5 տարի առաջ գրել էինք, ոտքը վնասել է և այժմ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է: Տակդիր, սուրճ և շաքարավազ է ուզել Լենայից: Լենան ասում է՝ գումար չունի, բայց դիմացը շաբաթ-կիրակի է, մի հնար պիտի անի, որ օգնի Նունեին, որովհետև Նունեն նեղն է: «Ինչքան էլ նեղն ես, բայց եթե նեղին չհասնես, Աստված քեզի չի հասնի,- ասում է Լենան,- ստիպված պիտի վաղը մի բան անեմ, որ տանեմ-տամ»:
Անօթևանների կացարան գնալ Լենան չի ուզում, ասում է՝ այնտեղ փորձել է բնակվել, բայց քանի որ իմացել է, որ ընդամենը 3 ամիս է կացարանն ապաստան տալու իրեն, որից հետո նորից դրսում է հայտնվելու, չի ցանկացել մնալ կացարանում: Դժվարը ձմեռն է Լենայի համար, որն արդեն հանել է: «Երկու ձմեռ է՝ լավ է եղել, շատ ցուրտ որ լինում է, գնում եմ Հրազդան, օրը մեկի տանը մնում եմ»,- պատմում է Լենան:
Նոր տարին էլ է այստեղ նշել: «Խմիչք չեմ ունեցել, ուտելիքն էլ՝ գյուղից էին իմ բաժինն ուղարկել»,- հիշում է նա:
Լենայի անկողնում, եթե գունդուկծիկ եղած բրդյա պարկերի կույտը կարելի է անկողին անվանել, գիշերում են նաև նրա երկու շները՝ Արջուկն ու Գայանեն: «Գալիս են ծոցս են մտնում, քնում»,- հպարտությամբ պատմում է Լենան:
Վստահեցնում է, որ իր շներն անվտանգ են՝ չեն կծում: Կկծեն միայն այն դեպքում, եթե տեսնեն, որ ծեծում են տիրոջը՝ Լենային:
Մեկնաբանել