HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնը ապրիլի 4-ից սկսում է իր հինգերորդ թողարկումը

«ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնը ստեղծվել է 2015 թ.-ին՝ Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի  շրջանակներում:

Յուրաքանչյուր գարուն «ԱՐէ»-ն նորովի է ներկայացնում այն առանձնահատուկ բովանդակությունը, որ տարածաշրջանում միայն այս փառատոնի մենաշնորհն է, այն է՝ պերֆորմանս ժանր և ամեն տեսակի արվեստների խաչաձևումներ և հիբրիդներ: Հատկապես մեզ հետաքրքրում են արվեստի այն նոր ձևերն ու տեսակները, որոնք իրականություն են դառնում կատարողական և տեսողական արվեստների սահմանային ծակոտկենության միջակայքում, փորձարկում յուրօրինակ և անսովոր ձևեր:

Քանզի մեր օրերում ավելի ու ավելի քիչ արվեստագետներ են հետամուտ «ժանր» հասկացությանը, հեշտությամբ կարելի է հանդիպել արվեստագետների, որոնք աշխատում են արվեստի տարբեր տեսակների սահմանագծային տարածքներում: Սա ոչ թե  ապստամբություն է կամ քննադատության ակտ, այլ պարզապես մերօրյա խնդիրները արվեստի լեզվով քննարկելու ընթացքում արվեստագետները հաճախ դուրս են գալիս ավանդական ժանրի կարծրատիպային սահմաններից: Այս նոր մոտեցումները ընդլայնում են արվեստագետների և հանդիսատեսի մտահորիզոնը՝ ներկայացնելով նոր տեսակի, ժանրային և տեսակային փոխկապակված, միջդիսցիպլինար աշխատանքներ, որոնք յուրօրինակ են ու համապատասխան ժամանակի ոգուն: 

«ԱՐէ»-ն միջազգային փառատոն է, որ հետամուտ է մասնակից արվեստագետներին ներկայացնել իրենց բազմաբովանդակ գործունեությամբ: Այդ իմաստով փառատոնը նույնպես յուրահատուկ է: Մենք արվեստագետներին հնարավորություն ենք տալիս ներկայանալ իրենց տեսողական(ցուցահանդեսներ, ինստալյացիաներ, վիդեոարտ, և այլն) և կատարողական (կենդանի և վիդեո պերֆորմանսներ) բազմաշերտ ստեղծագործություններով՝ հնարավորություն ստեղծելով նրանց համար հանրությանը ներկայանալ որպես մի ամբողջական համակարգ: Սեմինարները, սիմպոզիումները, կլոր սեղաններն ու արվեստագետների հետ հանդիպումները փառատոնի կարևոր բաղկացուցիչներն են:

Տեղացի արվեստագետների հետ մեկտեղ, փառատոնը աշխատում է տարբեր երկրների արվեստագետների հետ, որոնք ներկայացնում են ժամանակակից կատարողական արվեստի ամբողջ տեսականին: Փառատոնը համագործակցել է ոչ միայն տարածաշրջանի (Իրան, Թուրքիա, Սիրիա, Իսրայել), այլև Եվրոպացի (Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա) և ավստրալացի արվեստագետների հետ:

Փառատոնը IETM և EEPAP միջազգային կազմակերպությունների ակտիվ անդամ է:

Յուրաքանչյուր տարի մենք առաջարկում ենք մեկ հիմնական թեմա, որի շուրջն էլ մշակվում է փառատոնի հայեցակարգը և հրավիրում են արվեստագետներ:

2019 թ. թողարկման թեման է -  «ՁԱԽՈՂՈՒՄ»:

Մենք հետևելու ենք Ջ.Ք.Ռոուլինգի այն մտքին թե «Անհնար է ապրել առանց սխալվելու, եթե միայն դուք այնքան զգույշ չեք, որ նույնիսկ իրականում չեք էլ ապրում, և այդ դեպքում դուք ի սկզբանէ արդեն ձախողվել եք»:

Մեզ հետ «կձախողվեն» ինչպես տեղացի, այնպես էլ գերմանացի, շվեյցարացի, ռուս, աֆրիկացի, կանադացի, չինացի, ճապոնացի և հրեա արվեստագետներ, որոնց կներկայացնեն ինստալյացիաներ, ցուցահանդեսներ, կենդանի և վիդեո պերֆորմանսներ, տարատեսակ ժանրային խաչաձևումներ (crossovers).

Այս տարվա թողարկման կիզակետը Գերմանիան է, որը կներկայանա հատուկ ծրագրով:

Իսկ «ձախողումների» հաղթարշավը և «Կիզակետը՝ Գերմանիա» հատուկ ծրագիրը կսկսի Անտուան Վագները՝ Ֆրանց Լիստի, Ռիխարդ Վագների և Մարի Դ՛ագույի ծոռը, որը ապրիլի 6-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում կհրամցնի իր ձայնա/վիդեո/լուսանկարչական ինստալյացիա/պերֆորմանսը, որ ոգեշնչված է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելով և Վարդգես Սուրենյանցի համանուն գլուխգործոցով (որ Ազգային Պատկերասրահի հպարտության առարկաներից մեկն է): Ցուցադրությունը կկազմակերպվի ԿԱՐՈՅԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀԻ հետ համատեղ:

Մոտ երկու ամիս «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնը Ձեզ կհրամցնի հետաքրքիր բայց տարօրինակ, ժամանակակից մարդու խառնիխուռն ապրելակերպի հետ երկխոսության մեջ մտնող պերֆորմանսներ ու ցուցահանդեսներ:

Մեր ակտիվություններից որոշները մասը կկազմեն «Աուտիզմի տեղեկատվական միամսյակի», որոշներն էլ կհամագործակցեն Արտ Ֆեըրի «Արվեստի շաբաթ» ծրագրի հետ:

Մենք շնորհակալ ենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններից, որոնք հավատացել են, որ ձախողումները մեր ինքությունը հղկելու անքակտելի ուղեկցորդներն են:

Մեզ հովանավորում են՝

Գերմանիայի դեսպանատունը, Ճապոնիայի դեսպանատունը, Եվրոպական մշակութային հիմնադրամը, Գյոթե ինստիտուտը, Պրո-Հելվեցիա հիմնադրամը, Մոնդրիան հիմնադրամը, Մշակույթի նախարարությունը, Զանգեզուրի մոլիբդենային գործարանը:

Մեզ աջակցում են՝

Հայաստանի Ազգային Պատկերասրահը, Հայկական Արտ Ֆեըրը, Ա.Թամանյանի անվ. Ճարտարապետության թանգարանը, Բյուրականի արվեստի ակադեմիան, «Անտարես» հրատարակչությունը, «Դալան» ցուցասրահը, ՆՓԱԿ-ը, ԱԿՈՒՄԲ-ը, ԱրթԲրիջը, Բյուրականի Արվեստի Ակադեմիան, Սիթի Ինֆոն, Իսրայելի Էյն Հոդ արվեստագետների գյուղը:

Հետևեք մեր ծրագրերին և եկեք ձախողվենք միասի՛ն:

Մարինե Կարոյան

ԱՐէ փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար 

Հետևեք մեզ՝

http://www.arepaf

https://www.facebook.com/AR%C3%A9-performing-arts-festival-351725405016414/

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter