HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այնպիսի զգացողություն է, կարծես վայրէջք ես կատարել Լուսնի վրա և հետո նոր ուղիով հետ գնացել, որպեսզի վերադառնաս նոր, անժամկետ փաստերով

Անտուան Վագները (1982 թ.) գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների և Ֆրանց Լիստի մեծ -մեծ ծոռն է: Ունենալով թատերական, կինոռեժիսորի և լուսանկարչական կրթություն, Վագներն արվեստի մեդիումների իր սահմաններն է փնտրում ինստալյացիաների, տեղհատուկ նախագծերի, վերջին ժամանակներս նաև օպերային բեմադրությունների ձևավորման և ռեժիսուրայի ոլորտներում: 2019 թվականի ապրիլի 6-ին, Հայաստանի Ազգային Պատկերասրահում «Կարոյան Գալերին» (www.karoyangallery.com) կբացի նրա «Հուզական վերլուծություն» անվանումը կրող մուլտիմեդիա ինստալյացիան: Նախագծի համադրողը Նազարեթ Կարոյանն է:

Այս նախագծով բացվում է «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի (www.arepaf.am ) այս տարվա թողարկումը: 

Ե՞րբ և ինչու՞ որոշեցիք Ձեր կյանքը նվիրել արվեստին:

Կարծում եմ, երբեք էլ այլ տարբերակ չեմ ունեցել: Որքան ինձ հիշում եմ, խնդիրը միայն այն էր, թե արվեստի հատկապես ո՛ր ձևը կամ լեզուն եմ ընտրելու: Մինչ օրս աշխատել եմ վիդեոյի, ձայնի, լուսանկարչության, գծանկարի, քանդակագործության, վերջերս նաև օպերայի ոլորտներում: Ես ընտրել եմ մի ուղի, որ թույլ է տալիս ինտեգրել արվեստի բոլոր ձևերն ու միջոցները, դիտարկել հայեցակարգի ու պատմության փոխհարաբերությունները, ինչը ժամանակի մեջ անվերջ փոխակերպումների մեջ է: Բնությունը իմ աշխատանքի հիմնական թեման է: Ես ինձ համարում եմ այն միջնորդը, որ նրան ձայն է տալիս: 

Կարծու՞մ եք արդյոք, որ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը եկել է Ձեր ընտանիքից, Ձեր նախնիներից:

Անկասկած: Դա եկել է այն բոլորից ու ամենից, որով շրջապատված եմ եղել, երբ ամեն ոք գնահատում է ստեղծագործականությունը, յուրաքանչյուրը ներքնապես արվեստագետ է, և հազվադեպ կարելի է հանդիպել մեկին, ով չի ստեղծագործում: Ինձ համար նույնպես, արվեստը ոչ թե առաջնահերթություն է, այլ իմ կյանքը: Անշուշտ, դրա համար առաջին հերթին պարտական եմ մորս ու հորս, ում հարգանքն ու նվիրումը արվեստին պարզապես անզուգական է: Այնուամենայնիվ, դա իսկապես եկել է ամբողջ միջավայրից:

 Շատ վաղ տարիքից հայտնվեցի օպերայում՝ առանց որևէ պատկերացում ունենալու որևէ լիբրետտոյի մասին: Նորից ու նորից նույն տեսարանը չտեսնելու համար փակում էի աչքերս, ու երաժշտությունը դառնում էր իմ երևակայած տեսիլքների ու սեփական պատմության սաունդթրեքը: Այսօր ես ի մի եմ բերում իմ տեսիլքներն ու պատմությունները՝ իմ ստեղծած վիզուալ լեզվով հաղորդակցվելու համար:

Երբ մտածում եք Ձեր նախնիների (Ֆրանց Լիստի կամ Ռիխարդ Վագների) հետ կապի մասին…նրանցից ու՞մ կնմանեցնեիք Ձեզ…. չէ որ նրանք այնքա՜ն տարբեր էին….

Այո, նրանք շատ տարբեր էին, բայց մրցակցության բացակայությունը գուցե այն էր, ինչ թույլ տվեց նրանց բարեկամ մնալ: Ռիխարդ Վագների իղձը՝ լիակատար վերահսկողություն ունենալ ամեն ինչի վրա, ի վերջո հանգեցրեց այն բանին, որ տարբեր ժամանակներում բավական թվով մարդիկ ներքաշվեցին դրա մեջ: Իսկ Լիստը համերգային շրջագայության էր գնում իր փոքրիկ, հատուկ պատրաստված ստեղնաշարով: Նա որևէ մեկի կարիքը չուներ՝ իր ստեղծագործականությունը ապացուցելու համար: Ամենայն հավանականությանմբ նա ավելի մոտ էր ազատությանը: 

Խնդրեմ պատմեք ԱՐէ փառատոնի Ձեր համագործակցության մասին: Ինչպե՞ս դա սկսվեց:

Գրեթե մեկ տարի առաջ Մարինե Կարոյանն ինձ նամակ գրեց:  Մեր շփումը սկսվեց Gesamtkunstwerk (Համընդհանուր արվեստի աշխատանք) հայեցակարգի շուրջ, ինչն աշնանը ԱՐէ-ի կողմից կազմակերպվող համաժողովի թեման էր: Մարինեի հետ շարունակական աշխատանքը, որ հասցրեց ԱՐէ-ի այս տարվա թողարկմանը, մի տեսակ նախորդ թեման ավելի ևս ընդլայնելու, թատերական հարթակից այն հանելու մի բնական զարգացում էր:

Ծանոթացա ԱՐէ փառատոնի նախորդ թողարկումներին: Ուսումնասիրեցի, թե ինչպես է փառատոնը արձագանքում ժամանակակից արվեստի զարգացումներին, ինչն ինձ շատ հետաքրքրեց: Պարզվեց, որ Արէ փառատոնը Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի մի մասն է: Ավելին, ինձ առաջարկվեց ցուցադրությունը կազմակերպել Կարոյան Գալերիի, և, անձամբ Նազարեթ Կարոյանի հետ համագործակցությամբ (մեկը, որ անկախ Հայաստանում բացել է առաջին սեփական ցուցասրահն ու, ավելի ուշ, դարձել Վենետիկի Բիենալեի մի մաս):

Այսօր մեր նախագիծը վիրտուալ տարածքից տեղափոխվել է Հայաստանի Ազգային Պատկերասրահ՝ վերածվելով մի տեղհատուկ մուլտիմեդիա ինստալյացիայի:

Ի՞նչ նախագիծ եք առաջարկել ԱՐէ –ի 2019 թողարկմանը մասնակցելու համար, որն, ի դեպ, «ՁԱԽՈՂՈՒՄ» խորագիրն է կրում այս տարի:

Ազգային Պատկերասրահում իմ ցուցադրության անվանումն է «Հուզական վերլուծություն»: Այն արձագանք է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» լեգենդին: Իմ վերլուծությունը ուղղված է այս առասպելի հետ կապված արվեստի որոշ ստեղծագործությունների և դրանց անտեսանելի բովանդակության ընդլայնմանը, որ տեղի կունենա որոշ նշանային համընկնումներ լուսաբանելու միջոցով:

Ինստալյացիան բաղկացած է տարատեսակ մեդիումներից, այդ թվում՝ տպված լուսանկարներ, ձայնային և վիդեո միջամտություն, պղնձե սկուտեղներ, մոմերի մոդուլար քանդակներ, գծանկարներ, հելիո –փորագրություններ: Այս բաղկացուցիչների մեծ մասը Երևանում է պատրաստվել:

Եվ, ավելի կոնկրետ, ի՞նչն է այս տեղհատուկ նախագծի ոգեշնչման աղբյուրը:

Հիմնական ոգեշնչման աղբյուր հանդիսացավ Վադգես Սուրենյանցի (1860 -1921) «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը (1899թ.):

Ինձ հետաքրքրում է երեք ժամանակաշրջանների եռաչափ փոխազդեցությունը, և, հատկապես, թե ինչպես պիտի այդ լեգենդար, մինչթվայնացման 1899թվականը այս ինստալյացիայով ցույց տամ՝ ներկա ժամանակում: Ինստալյացիայի մի մասը Սուրենյանցի ստեղծագործության տարբեր հատվածների բարձր որակով լուսանկարած  մանրամասներ են: Սրանք ներկի և պիգմենտային հյուսվածքների մանրադիտակային տեսարաններ են, հին լեգենդի՝ ժամանակակից տեխնոլոգիական ընթերցում: Ժամանակակից տեխնոլոգիաների (2019 թվանշանային սենսոր և 120 մմ ոսպնյակ) և 1899 թվականին ստեղծված Արայի նկարի փոխհարաբերությունը վերափոխում է  լեգենդի զգացումները: Առաջին պլան է մղվում ժամանակի փուլային կողմը: «Հուզական վերլուծությունը» կարճ, տեսողական պոեմ է, եթե կուզեք` մի Հաիկու:

Ի՞նչ դեր ունի ընտրված վայրը՝ արվեստի ստեղծագործության հայեցակարգի ձևավորման գործում:

Եկեք սկսենք ԱՐէ- ից և այն մանրամասներից, որոնց մասին ավելի վաղ խոսել ենք: ԱՐ –ի արմատաբանությունը (այն, որ այս արմատը հազարավոր բառերի հիմք է հայերենում), և է բայը, որ «լինել» է նշանակում: Սրանից ելնելով, իմ պատկերացումներում ԱՐէ –ն արմատներով խորքերը հասած մի իրողություն է: Սա ինձ անմիջապես կապեց խորքային շերտերի հետ: Եվ երկրորդը. չափազանց ոգեշնչող է շրջապատված լինել Ազգային Պատկերասրահի հիանալի հավաքածուի ստեղծագործություններով, և, իհարկե, Մարինեի ու Նազարեթի հետ հանդիպումը շատ յուրահատուկ է: Այս մոնումենտալ հաստատության ճարտարապետությունը, սանդուղքները, վերելակները նույնպես մասնակցում են զգացմունքների ամբողջականացմանը: Աշխատանքային գործընթացը նույնպես կարևոր էր. սկզբում աշխատեցինք հեռավորության վրա՝ համացանցով, բայց, ավելի ուշ, իմ նախնական այցի ընթացքում այնքան մոտեցա առարկային, որքան հնարավոր չէ բնական եղանակով դա անել: Ի նկատի ունեմ, որ լուսանկարում էի գերժամանակակից գործիքով՝ վեր հանելով գունանյութի անտրոպոմորֆ ձևերը:  Այժմ ժամանակն է մի փոքր հեռանալ, որոշակի հեռավորություն պահպանել: Այնպիսի զգացողություն է, կարծես վայրէջք ես կատարել Լուսնի վրա և հետո նոր ուղիով հետ գնացել՝ որպեսզի վերադառնաս նոր, անժամկետ փաստերով: 

Ի՞նչ տեղ կտայիք այս աշխատանքին՝ Ձեր ամբողջական ստեղծագործության մեջ:

Հույզն ու զգացմունքը հաղորդակցություն են, ինչն արվեստի միակ նպատակն է: Արան ինձ ոգեշնչում է իմ մի օպերա-ֆիլմ նախագծի հետ կապված, որի վրա այժմ զուգահեռ աշխատում եմ: Իսկ պղնձյա ու մոմե մոդուլար քանդակները էքսպերիմենտ են՝ լույսի ու ժամանակի հետ: 

Այս ամենը, ըստ էության, շատ ոգեշնչող է: Ի՞նչ ձախողվելու մասին է խոսքը:

Նախ ասեմ, որ ես ձախողումը տեսնում եմ հենց առասպելի մեջ: Ինչպե՞ս կարող է այնպիսի մի անկեղծ ու հավատարիմ հերոս, ինչպիսին է Արան է, ձախողվել՝ չնայած իր բազմաթիվ արժանիքներին: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը գերեվարել գեղեցկությունը, թե՞ այն կարող է գոյություն ունենալ միայն ազատության ու շարժման մեջ: Ըստ Օվիդիոսի՝ կատարելությունը հանգեցնում է ոչնչացման:

Բացի այդ, ես անդրադառնում եմ ձախողման հարցին՝ նաև ներկայի կտրվածքով: Հուզական վերլուծությունը, կամ Կարծիքի վերլուծությունը ժամանակակից մեթոդներ են, որ ուղղված են տվյալ ուղերձը հասկանալուն: Դրա հիմնական նպատակը փաստերի խմբի վերլուծությունն է՝ հասկանալու համար մարդկային տիպական տրամադրվածությունները, զգացմունքներն ու հույզերը, որ այդ ուղերձի արտահայտությունն են: Զգացմունքներն այլևս դուրս են մտերմության հասկացությունից ու, նաև, արվեստից: Ի՞նչ կարող ենք անել: Մենք ձախողվել ենք:

Հարցազրույցը՝ Մարինե Կարոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter