
Դատախազությունը նույնպես բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը
Դատախազությունը բողոքարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմնավոր կասկածի բացակայության և թաքնվելու վտանգ չլինելու մասով: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը;
Նշենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, նրան կալանավորելու որոշում էր կայացրել, բայց գտել, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ: Քոչարյանի պաշտպանական թիմն ավելի վաղ հայտնել է, որ իրենց կողմից ևս բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակել էր Փետրվարի 15-ին:
Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի գործով» մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Մեկնաբանել