HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդուրժողականության հաղթարշա՞վ, թե՞ վանդալիզմ

Ադրբեջանի Նիժ (Նիջ) գյուղի ուտի փոքրամասնության համար վերջերս վերակառուցված եկեղեցու բացումը «Ադրբեջանի հանդուրժողականության հաղթարշավ է»։ Այսպես է կարծում «Կովկասյան մուսուլմանների գերատեսչության» ղեկավար Սալման Մուսաեւը։

Մուսաեւի հայտարարությունը վերջերս մեջբերվել է «ԲաքուԹըդեյ» անգլալեզու ադրբեջանական պարբերականի կայքէջում՝ մի տարի անց այն բանից հետո, երբ Բաքվի նորվեգական դեսպանատունը ահազանգեց Ադրբեջանում կատարված «վանդալիզմի» մասին։ «Նորվեգական մարդասիրական նախաձեռնությունը» (ՆՄՆ), որը Նիժի եկեղեցու վերանորոգման հովանավորն է, եւ Նորվեգիայի դեսպանատունը 2005թ.-ի փետրվարի 11-ին պաշտոնապես հայտարարեցին եւ դատապարտեցին շինարարության ժամանակ եկեղեցու պատերից հայկական երեք արձանագրությունների կանխամտածված ոչնչացումը։ «Մերձակա գերեզմանաքարերի հայկական գրությունները նույնպես քերվել են, սակայն զարդանախշերը պահպանվել են»,-«Հետքին» տեղեկացրեց Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Սթեինար Գիլը։

«Որքանով մեզ հայտնի է՝ վանդալիզմը չի հետաքննվել, եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»,-բացատրեց դեսպան Գիլը։ Նիժի քրիստոնյա փոքրամասնության մի ներկայացուցիչ հավաստիացրել էր դեսպանին, որ հայկական արձանագրություններին ոչ մեկը չի դիպչի վերակառուցման ժամանակ։ Դեսպանատան 2005թ.-ի հայտարարությունը տեղեկացրեց Ադրբեջանի ղեկավարության՝ վանդալիզմը հետաքննելու խոստումը, սակայն այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չտարվեց։

«Չնայած Նիժի քրիստոնյաները պատասխանատվություն չէին ստանձնել եղածի կապակցությամբ, Ուտի-աղվանական եկեղեցական խորհուրդը ներողություն խնդրեց հայկական արձանագրությունների ոչնչացման համար»,-«Հետքին» տեղեկացրեց ՆՄՆ տնօրեն Ալֆ Հենրի Ռասմուսենը։ Բայց «ներողությունը» մի նամակ էր, որը գաղտնի պահվեց հանրությունից։ Ուտի համայնքը ո՛չ պաշտոնապես դատապարտեց, եւ ո՛չ էլ ներողություն խնդրեց եկեղեցու հայկական ինքնության վերացման համար։

Ռասմուսենը պնդում է, որ վանդալիզմն ավելի շուտ ուտիական, քան թե հայ մշակույթի դեմ էր. «Բոլոր գրությունները հին հայերեն լեզվով էին։ Բայց ավելի շատ ուտիական պատմություն է ոչնչացվել»։ Որոշ ուտիներ, այնուամենայնիվ, համաձայն չեն Ռասմուսենի հետ։ «Ֆրանս Պրես» գործակալությունը 2005թ.-ի փետրվարի 17-ին տեղեկացրեց, որ մի տեղացի ուտի առաջնորդ «պնդեց, իբր թե հայկական արձանագրությունները, ըստ որոնց եկեղեցին կառուցվել էր 1823 թվականին, կեղծ էին՝ տեղադրված հայերի կողմից 1920-ականներին, պատմական հավակնություն ցուցաբերելու համար»։

Ադրբեջանում վերջերս իրագործված հայատյաց գործողությունների ցուցակում է 2005-ի դեկտեմբերին Հին æուղայի խաչքարերի ոչնչացումը եւ 2006թ.-ի Բաքվի հայկական եկեղեցին գրադարանի վերածելու որոշումը։

Չնայած Ռասմուսենը կարծում է, որ վերանորոգված եկեղեցին ավելի շատ ուտիների, քան թե հայերի պատմությանն է վերաբերում, նա ասում է, որ իրենց կազմակերպությունը նորվեգական եկեղեցու միջոցով կապվել է Հայկական եկեղեցու հետ՝ հաղորդելու, որ Նիժի եկեղեցու վերանորոգումը ուտիների համար աղոթավայր լինելու ցանկություն է։ «Պատասխանը՝ ոչ ոք (Հայկական եկեղեցում) դեմ չէր ուտիների՝ Նիժի եկեղեցին օգտագործելու ցանկությանը»,—«Հետքին» ասաց Ռասմուսենը։

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին նույնպես դեմ չէր ուտիների՝ եկեղեցի ունենալու ցանկությանը։ «Բաքվի ռուս արքեպիսկոպոս Ալեքսանդրը և Հռոմի կաթոլիկական եկեղեցու մի ներկայացուցիչ մասնակցեցին Նիժի եկեղեցու 2006 թվականի վերաբացման արարողությանը»,-հաղորդում է «Ազերի Պրես Ինֆորմեյշն» գործակալությունը։ Սակայն սա այն բանից հետո, երբ հանրությանը հայտնի էր Նիժի եկեղեցու հայկական ինքնության ոչնչացումը։ Հրավիրված դեսպանություններից ոչ մեկը չմասնակցեց արարողությանը։

Նորվեգիայի դեսպանատունը չմասնակցեց եկեղեցու վերաբացմանը, ի տարբերություն «Նորվեգական մարդասիրական ձեռնարկություն» կազմակերոպության։ «Սա սկզբունքի խնդիր է»,-ասում է դեսպան Գիլը։ «Ամեն տեսակի ոչնչացում ընդդեմ որեւէ երկրի, կրոնի կամ ազգի պատմական հուշարձանի դատապարտելի է։ Մենք հիշում ենք Բուդդայի արձանները։ Նիժի դեպքում ոչնչացումը նաեւ գերեզմանների սրբապղծում է»։ Ռասմուսենն, իր հերթին, չի մոռացել վերացված 200-ամյա հայկական արձանագրությունները։ Նա հուսով է, որ անարդարությունը մի օր կուղղվի. «Բարեբախտաբար, բոլոր գրությունների նկարները կան։ Դրանք բոլորը լավ արձանագրված են։ Եվ ես հուսով եմ, որ երբ տարիներ անց երկու երկրների (Հայաստանի եւ Ադրբեջանի) հարաբերությունները բարելավվեն, հնարավոր կլինի վերականգնել բնօրինակ փորագրությունները»։

Սիմոն Մաղաքյան
Հատուկ «Հետքի» համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter