HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Վարդան պապի Ծափաթաղը

Վարդան պապը ծնվել է Վայքի Բարձրունի գյուղում: Նրա հորը' Համբարձում Խաչատրյանին, 1937 թվականին «ժողովրդի թշնամի» պիտակով գնդակահարել են Երեւանի բանտի պատի մոտ: 1942 թվականին 16 տարեկանում կամավոր մեկնել է բանակ: Ռազմաճակատ չեն տարել, փոքր էր, 6 տարի ծառայել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մոտ գտնվող գյուղատնտեսական մասում, իր մշակած կարտոֆիլով կերակրել գնդին: Հետո եկել է Երեւան, ամուսնացել, երկու տուն կառուցել տարբեր ժամանակներում, 50 տարի աշխատել Հայաստանի երկաթուղում: Կնոջ մահից հետո 2000թ. երկրորդ կնոջ հետ մեկնել է սահմանամերձ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղ եւ նոր կյանք սկսել: Բնակություն է հաստատել լքված տներից մեկում, նոր այգի տնկել, կարտոֆիլ ու լոբի ցանել:

Մարդու այս տեսակի մեջ դրված' անվերջ ստեղծելու մեխանիզմը չի կարող կանգ առնել նույնիսկ 80 տարեկանում: Նա զարմանում է, երբ լսում է, թե ինչ-որ մեկն աշխատանք չունի, վատ է ապրում, ուտելու հաց չունի. այդպիսի պահերին նա ոչինչ չի պատասխանում, միայն նայում է սեփական ձեռքերին ու շուռումուռ տալիս դրանք: Երբեք ոչ մեկից ոչինչ չի խնդրել: 50 տարի աշխատած մարդուն պետությունը 11 հազար դրամից մի փոքր ավելի թոշակ է տալիս' ողորմության նման մի բան: Նրա մասին չեն հիշում անգամ հարազատ երկաթուղում, զավակները Երեւանում դժվար կյանքով են ապրում: Նա ոչ մեկից չի նեղանում, այդ տարիքում իրեն կերակրող հողի հետ է: Իր համար հաց է թխում, կերակրում հավերին: Զարմանում է' ի՞նչ են այդքան ճառում հեռուստաէկրանից, ի՞նչ են այդքան խոսում-բողոքում վատ սոցիալական վիճակից: Ինքը երբեք չի բողոքել: Մի բողոք ունի միայն' Աստծուց. երեք ամիս առաջ իրեն զրկեց սիրելի կնոջից' իր ընկերոջից: Նա մնաց մենակ, բայց, միեւնույն է, շարունակում է փայփայել հողը, իր երկու կատուներին ու շանը, կարտոֆիլ դնել ու լոբի ցանել:

Երբ համագյուղացիները, թռչնագրիպից վախենալով, մորթեցին բոլոր հավերը, Վարդան պապը քթի տակ փնթփնթաց. «Թռչնագրիպս ո՞րն է, մի ժամանակ էլ ասում էին չոմալակ ու մորթում էին, ես չմորթեցի»: Ու պահեց իր հավերը: Հիմա գյուղով գալիս ու Վարդան պապից ձու են ուզում: Նա անգամ չի էլ լսել գյուղնախարար Դավիթ Լոքյանի էն ասածը, թե «վարչապետն ասում էր' թռչնագրիպ չկա Հայաստանում, լրագրողներն ասում էին' կա, լրագրողներին լսեց գյուղացին ու հիմա հավ չունի»: Ինքը ոչ մեկին լսելու պետք չունի, իրեն պիտի լսեն, իր փորձին եւ իմաստնությանը:

Մի օր գիշերը բակից մի ուժեղ գմփոց լսեց. «Կարո՞ղ է հարեւան սարերից ռումբ գցեցին»,-մտածեց ու այդպես էլ բաց աչքով պառկեց մինչեւ առավոտ: Առավոտը տեսավ, որ քանդվել է ցախի մարագը. թեք սարի փեշը սեւահող է, կպցնող մի գրամ կավ չկա, հալոցքի ջուրն ու անձրեւաջուրը տալիս-քանդում են: Վարդան պապը փայտե հենարաններ տնկեց ու մենակ սկսեց վերականգնել պատը:

Ծափաթաղում, ուր ապրում է Վարդան պապը, մեր երկրի հակադրություններն ավելի են երեւակված, քան մի ուրիշ գյուղական բնակավայրում: Այստեղ են կառուցված Թուֆենկյան հյուրանոցն ու ռեստորանը: Հյուրանոցում հաճախ են լինում հայտնի մարդիկ, ովքեր իրենց քիթը դուրս չեն հանում հյուրանոցի շքեղություններից, զվարճանալով' մի հիսուն մետր այն կողմ գտնվող սահմանային սարերին նայում են հյուրանոցի համարի պատուհաններից, անգամ մի քանի մետր հեռու ծփացող Սեւանը նրանց համար մոծակատեղի է. ջիպից ծուլորեն մի քանի քայլ են գցում մինչեւ հյուրանոց եւ հյուրանոցից մինչեւ ջիպ: Նրանք չգիտեն Վարդան պապի մասին, նրանց մի օրվա ծախսածը Վարդան պապը կամաց-կամաց կարող է մի տարի ծախսել, բայց Վարդան պապը թքած ունի այդ ջիպերի վրա, նա իր կատվին մի ջիպի հետ էլ չի փոխի: Ուրախ է, որ նրանք չեն իջնում ջիպերից, չեն անցնում իր քայլած ծուռումուռ ճամփով եւ չեն զգում այն, ինչ ինքն է զգում:

Վարդան պապի Ծափաթաղն ուրիշ է, հյուրանոցում ապրողների Ծափաթաղը' ուրիշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter