Տարեցտարի ավելի շատ մարդ է զոհվում ավտովթարի հետևանքով․ տվյալների ուսումնասիրություն
Մարտի 1-ի առավոտյան, երբ Էդուարդ Հովհաննիսյանն իր ավտոմեքենայով մանկապարտեզ էր տանում 3-ամյա որդուն, բախվեց դիմացից ընթացող մեքենային: Բարեբախտաբար վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ ստացողներ չեն եղել:
«Երեխան հիմնականում դեմքին էր մի քանի տեղ վնասվածք ստացել, բայց ես հասցրեցի նրան բռնեմ: Ամեն դեպքում, երբ նրան բռնեցի, միասին բախվեցինք ավտոմեքենայի դիմացի հատվածին»,- պատմում է Էդուարդ Հովհաննիսյանը:
Դավթաշեն վարչական շրջանի Գրիգոր Աղաբաբյան փողոցում տեղի ունեցած այդ վթարի մանրամասները պարզելու համար քննություն է ընթանում, քանի որ վարորդները հակասական կարծիքներ են հայտնել դեպքի վերաբերյալ:
Ըստ Էդուարդի՝ դիմացի մեքենայից մոտ 10-15 մետր հեռավորության վրա դուրս է եկել վազանցի, դիմացով ընթացող վարորդը կտրուկ ձախ է թեքվել՝ ավտոլվացման կետ մտնելու համար: Բախումն անխուսափելի է եղել:
Վթարից հետո Էդուարդը երեխայի համար նախատեսված մեքենայի նստատեղ (carseat) է պատվիրել:
«Ես ինքս ընդունում եմ, որ շատ սխալ եմ եղել, որ երեխայի համար «carseat» չեմ օգտագործել: Միշտ մտածում ես՝ դե լավ, իմ հետ հաստատ չի պատահի դա, մինչև իսկականից չի պատահում: Նույնիսկ կատակ կա չէ, որ ասում են՝ ես խմած ավելի լավ եմ քշում, բայց դրա հետևանքներն իրականում շատ ծանր է լինում։ Խմած քշելու համար մարդկանց պետք է այնքան տուգանեն, որ տունը ծախեն՝ տուգանքը վճարելու համար»,- ասում է Էդուարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հինգ տարվա վարորդական փորձ ունի: Վթարների գլխավոր պատճառ է համարում այն փաստը, որ վարորդների մեծ մասը վարորդական իրավունք է ձեռք բերել կաշառքով՝ չտիրապետելով երթևեկության կանոններին:
«Հետք»-ի տվյալների լրագրության թիմն ուսումնասիրել է ավտովթարների՝ Ճանապարհային ոստիկանության կողմից մշակված վիճակագրությունը։ ՃՏՊ-ների վերաբերյալ մանրամասն և հանրային վիճակագրություն չի վարվում։ Մեր ուսումնասիրությունը ներառում է ՃՏՊ-ների թիվը՝ ըստ տեղանքի, օրվա ժամերի, ամիսների, տեսակի և տուժողների թվի։
ՃՏՊ-ների թիվը Հայաստանում աճել է 16.3 %-ով
Հայաստանում ամեն ամիս տեղի է ունենում միջինում մոտ 340 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ): 2018թ.-ին գրանցվել է 4111 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 343 անձ, վիրավորվել՝ 5950-ը
Ճանապարհատրանսպորտային ամենաշատ պատահարները գրանցվել են Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում: Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը Կոտայքի մարզում գրանցված պատահարների զգալի թիվը պայմանավորում է դեպի Սևան, Ծաղկաձոր, Աղվերան և այլ հանգստյան գոտիներ տանող ավտոճանապարհի երթևեկության ակտիվությամբ։
2017թ-ի համեմատ՝ 2018-ին ՃՏՊ-ների թիվը Հայաստանում աճել է 16.3 %-ով, իսկ զոհերի թիվը՝ 64-ով: Պատահարների թվի աճը, ըստ ՃՈ պաշտոնյա Խաչիկ Սամվելյանի, ուղիղ համեմատական է մեքենաների ներկրման թվի աճին։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2018թ-ին, 2017-ի համեմատ, մարդատար ավտոմեքենաների ներկրման աճը կազմել է 58 տոկոս, այսինքն՝ 27 400 մեքենայով ավելի։
Խաչիկ Սամվելյանը նշում է, որ Հայաստանի ճանապարհները և ենթակառուցվածքները չեն հարմարեցվում ավտոմեքենաների ներկրման կտրուկ աճին, ինչի հետևանքով էլ մեծաքանակ մեքենաներով երթևեկությունը լի է լինում վթարներով։
2018թ.-ին ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունեցել բախման (1629 պատահար, 99 զոհ) հետևանքով։ Մեծ է նաև հետիոտնի վրաերթի (1169 պատահար, 111 զոհ), խոչընդոտի վրաերթի (581 պատահար, 53 զոհ) և շրջման (475 պատահար, 55 զոհ) դեպքերի թիվը:
Վթարներն՝ ըստ ամիսների, շաբաթվա օրերի և օրվա ժամերի
Թվում է՝ եղանակային պայմանների պատճառով պատահարների թիվը պետք է զգալի լիներ ձմռան ամիսներին, բայց պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ առավել վթարաշատ են ամռան և աշնան ամիսները:
Մասնավորապես՝ 2018 թվականին վթարների մեծ մասը տեղի է ունեցել հուլիս (419 պատահար), օգոստոս (409 պատահար) և նոյեմբեր (409 պատահար) ամիսներին:
Նախորդ տարվա վթարների մեծ մասը գրանցվել է հանգստյան օրերին: ՃՈ հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն այս պատկերը պայմանավորում է հանգստյան օրերին քաղաքացիների՝ ալկոհոլի չարաշահմամբ։ Նա ընդգծում է, որ հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ալկոհոլի ազդեցությամբ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ 2018թ-ի վիճակագրության՝ վթարների թիվը մեծանում է երեկոյան և գիշերային ժամերին: Մասնավորապես՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո՝ 18:00-21:00-ն, վթարաշատ է․ այդ ժամանակահատվածում գրանցվել է 816 վթար: Զգալի թվով պատահարներ են եղել նաև գիշերային ժամերին, հատկապես՝ ժամը 21:00-24:00-ի հատվածում՝ 740 վթար:
Ցերեկ | Գիշեր |
Վթարները Երևանում
2017թ-ի համեմատ՝ նախորդ տարի մայրաքաղաքում վթարների թիվն աճել է մոտ 20 տոկոսով: 2018-ին Երևանում գրանցվել է 1832 ՃՏՊ , որի հետևանքով զոհվել է 83 անձ, վիրավորվել՝ 2447-ը:
Ինչպես 2017-ին, այնպես էլ 2018-ին ամենաշատ վթարները տեղի են ունեցել Ծովակալ Իսակովի պողոտայում: Անցյալ տարի այստեղ գրանցված 50 պատահարի հետևանքով զոհվել է 6 անձ, վիրավորվել՝ 78-ը:
Հաջորդ ամենավտանգավոր հատվածը Արշակունյաց պողոտան է, որտեղ տեղի է ունեցել 40 պատահար, զոհվել՝ 3 անձ, վիրավորվել՝ 45-ը: Վթարաշատ են եղել նաև Դավիթ Բեկ, Բագրատունյաց, Աճառյան փողոցները, Տիգրան Մեծի և Բաղրամյան պողոտաները:
Մայրաքաղաքի՝ ՃՏՊ-ների վիճակագրությունն՝ ըստ փողոցների, կարող եք տեսնել ստորև ներկայացված քարտեզում:
ՃՈ հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը վստահեցնում է՝ երթևեկությունում ամեն ինչ չէ, որ գրված օրենքներով է կարգավորվում:
«Կան չգրված օրենքներ, պետք է պահպանել համակեցության կանոնները, և՛ վարորդը, և՛ հետիոտնը, և՛ երթևեկության յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանատու լինի իր և դիմացինի կյանքի և առողջության համար։ Ոստիկանության ծառայությունը միայն բավարար չէ, որ ունենանք գոհացնող պատկեր, մինչև մեր քաղաքացիների, ինչպես նաև Հայաստան հյուր եկած անձանց մոտ ճանապարհային երթևեկության կուլտուրան և իրավագիտակցությունը չբարձրանա ու չզարգանա»,- եզրափակում է Խաչիկ Սամվելյանը:
Տեսանյութը՝ Անի Սարգսյանի
Առաջին լուսանկարը՝ edgarsnyder.com-ից
Մեկնաբանել