
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների գործը վերաբացելու դեմ բողոքը դռնփակ է քննվում
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործը վերաբացելու որոշման դեմ մեղադրյալ Արաքս Դիլանյանի բողոքը կքննվի դռնփակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, քիչ առաջ նման որոշում կայացրեց՝ նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանը դատարան է ներկայացրել փաստաթղթեր, որոնք, նրա պնդմամբ, նախաքննական գաղտնիք են պարունակում:
Քննիչը նիստը դռնփակ քննելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր նախորդ դատական նիստին, սակայն դատարանը պահանջել էր տրամադրել այն փաստաթղթերը, որոնք պետք է հետազոտվեն, և ըստ քննիչի, նախաքննական գաղտնիք են պարունակում: Այն պահից սկսած, երբ քննիչը ներկայացրեց փաստաթղթերը, դատարանը որոշեց գործը դռնփակ քննել:
Րոպեներ անց նիստն ավարտվեց: Ինչպես պարզվեց, դատարանը ներկայացված նյութերին ծանոթանալու համար է հետաձգել նիստը: Դրանց բովանդակությանը ծանոթանալուց, կողմերի դիրքորոշումները ճշտելուց հետո դատարանը նորից կանդրադառնա նիստի քննությունը դռնփակ շարունակելու կամ գործը դռնբաց քննելու հարցին:
Նշենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դրամ կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա մասնակցությամբ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է կարճման որոշումը, սակայն 2018 թվականի հունիսի 7-ին՝ այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն իշխանափոխություն էր եղել, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա վերացրել է կարճման, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը: Այժմ գործի նախաքննությունը շարունակվել է: Հարությունյանը, ինչպես նաև գործով այլ մեղադրյալներ գտնվում են հետախուզման մեջ:
Գործի վերաբացման որոշման օրինականությունը բողոքարկել է գործով մեղադրյալ Արաքս Դիլանյանը, նիստին մասնակցում են նաև շահագրգիռ անձանց՝ Արամ Հարությունյանի և մեկ այլ մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպանները:
Մեկնաբանել