HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստան-Ֆինլանդիա ֆուտբոլային 5-րդ հակամարտությունը

Այսօր՝ 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը, որը «Եվրո-2020»-ի ընտրական փուլում մեր թիմի մասնակցությամբ երկրորդ խաղը կլինի: Հիշեցնենք, որ այս հավաքականներն ընդգրկված են ընտրական 10-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Իտալիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Հունաստանը եւ Լիխտենշտայնը: Առաջին խաղում Հայաստանը հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջել է բոսնիացիներին, իսկ ֆինները 0-2 հաշվով կրկին դրսում պարտվել են իտալացիներին:

Այսօրվա խաղը լինելու է հայ-ֆիննական 5-րդ մրցավեճը: Ֆինների հետ նախկինում 4 անգամ հանդիպել ենք պաշտոնական խաղերում: Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում՝ 2004-ի սեպտեմբերի 8-ին, Երեւանում հյուրերը հաղթեցին 2-0, իսկ նույն տարվա հոկտեմբերի 9-ին Տամպերեում գրանցվեց 3-1՝ հօգուտ ֆինների: Մեր գոլը տուգանայինից խփեց Արմեն Շահգելդյանը: Թիմերը հանդիպեցին նաեւ «Եվրո-2008»-ի ընտրական փուլում: 2006-ի հոկտեմբերի 7-ին Երեւանում գրանցվեց 0-0, իսկ նոյեմբերի 15-ին Հելսինկիում տանտերերը հաղթեցին 1-0: Այսպիսով՝ վիճակագրությունը այսօրվա հյուրերի օգտին է, որոնք տարել են 3 հաղթանակ ու 1 ոչ-ոքի գրանցել, գոլերի տարբերությունը 6-1 է՝ հօգուտ ֆինների: Այդուհանդերձ, ամեն ինչ որոշվելու է կոնկրետ խաղում, եւ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները վիճակագրությունը փոքր-ինչ շտկելու լավ հնարավորություն ունեն այսօր:

Նախախաղային ասուլիսում էլ գլխավոր մարզիչը նշել է, որ ամեն ինչ անելու են՝ լավ արդյունքի հասնելու համար:

Հանդիպումը սպասարկելու է չեռնոգորական մրցավարական բրիգադը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ, որի օգնականներն են Միլովան Ջուկիչը եւ Յովիցա Տատարը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկեւիչը Լեհաստանից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից:   

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, կսկսվեն Բոսնիա եւ Հերցեգովինա-Հունաստան ու Իտալիա-Լիխտենշտայն խաղերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter