HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի կոմբինատի նոր սեփականատերը կրճատումներ չի անելու

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը  և կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մարտի 13-ին հանդիպել էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանին: Նախարարության կայքի տեղեկացմամբ՝ քննարկվել է «Չաարատի» կողմից Կապանի կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագիրը: Հանդիպումից հետո «Հետքը» գրավոր հարցեր էր ուղղել Դավիթ Թովմասյանին՝ հետաքրքրվելով ներդրումների մասին:

Ի պատասխան՝ Դ. Թովմասյանը հայտնել է, որ հանդիպմանը խոսք է գնացել կոմբինատի առջեւ դրված առաջնահերթությունների մասին, որոնք վերաբերում են դրա զարգացմանը, անվտանգությանը, աշխատանքի անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրերին:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռքի աշխատանքը փոխարինել մեքենայականով, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արտադրողականության և անվտանգության աստիճանը: Թովմասյանին հարցրել էինք, թե արդյոք սա ենթադրում է, որ կոմբինատում պատրատսվում են կրճատումներ անել, բացի դրանից՝ ներկայում քանի՞ աշխատակից ունի կոմբինատը:

Գլխավոր տնօրենը նշել է, որ ՓԲԸ-ում աշխատում է մոտ 900 մարդ, շուրջ 350 աշխատակից էլ ներգրավված է ընկերությանը ծառայություն մատուցող կապալառու կազմակերպություններում: Դ. Թովմասյանը նաև հայտնել է, որ պատրաստվում են շարունակել արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռքի աշխատանքը մեքենայացնելու գործընթացը, ինչը, սակայն, չի ենթադրում աշխատակիցների կրճատումներ: Ավելին, ըստ պատասխանի, աշխատանքի արտադրողականության և անվտանգության աստիճանը բարձրացնելու նպատակով նոր տեխնոլոգիաներ կիրառելու ճանապարհին ընկերությունը գնալու է առկա մասնագետների վերապատրաստման և նոր մասնագետների ներգրավման ուղղությամբ:

Արտյոմ Վոլինեցը վերոնշյալ հանդիպմանը հայտնել էր, որ կոմբինատն առաջիկայում նախարարություն է ներկայացնելու օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարվելիք փոփոխությունը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը: Դավիթ Թովմասյանը պարզաբանել է, որ ցանկացած ընդերքօգտագործում իրենից կենդանի գործընթաց է ներկայացնում, և ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում արդյունահանման նախագծում կատարել փոփոխություններ: Ընկերությունը ներկա փուլում կատարում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի մշակում, որը ներկայացնելու է լիազոր մարմնին:

Հարցին, թե առաջիկա տարիներին ինչ ծրագրեր կամ փոփոխություններ են պատրաստվում իրականացնել կոմբինատում և համայնքում, Դավիթ Թովմասյանը պատասխանել է, որ ընկերությունը ինչպես նախորդ, այնպես էլ այս և հետագա տարիների համար նախատեսել և նախատեսելու է սոցիալական ծրագրերի իրականացման բյուջե և ազդակիր համայնքի հետ համատեղ քննարկումների արդյունքում շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր ու իր դերակատարությունն ունենալ համայնքի զարգացման գործում: Բացի դրանից՝ ՓԲԸ-ն առաջիկայում պատրաստվում է բարելավել աշխատակիցների աշխատանքային պայմանները՝ դրանք դարձնելով ավելի անվտանգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter