
«Մինչ այս պահը արել ենք ամեն հնարավոր բան». առողջապահության նախարարն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որը վերաբերում էր 2018թ. ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած քաղաքացի Զավեն Գրիգորյանի առողջական վիճակին:
Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասել էր. «Զավեն Գրիգորյանը մեկ տարի առաջ՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերի կիրառած հատուկ ուժերի հետևանքով ստացել է խիստ ծանր վնասվածներ, կորցրել է ամեն ինչ՝ իր աշխատանքային պայմանագրերը, հայտարարվել է սնանկ, մեկ տարի է` փորձում է վերականգնել իր առողջությունը։ Դիմել է իշխանության բոլոր կառույցներին, և ըստ էության որևէ տեղից արձագանք չի ստացել»:
Արսեն Թորոսյանը պատասխանել է, որ «Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը արել է ամեն հնարավոր բան»։
«Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։
Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։
Իմ առաջին հրամանով՝ պետպատվերի շրջանակներում անվճար կազմակերպվել է նրա ոտքի վիրահատությունը։
Ուզում եմ հայտնել նաև, որ վերջինիս սուր լեյկոզ հիվանդությունը որևէ կապ չունի հեղափոխության և տրավմայի հետ՝ չնայած, որ այդ հարցով ևս զբաղվել և զբաղվում ենք։
Մարտի 15-ին ստորագրածս հրամանով նրա համար կազմակերպվել է առողջական վիճակի գնահատման մասնագիտական կոնսիլիում։
Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ՝ նա մոտ երեք հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ կախված տարբեր հանգամանքներից՝ չի մնացել։
Այժմ Զավեն Գրիիգորյանը գտնվում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ հավուր պատշաճի բժշկական օգնություն է ցուցաբերվում՝ տնօրեն Սամվել Դանիելյանի անմիջական վերահսկողությամբ։
Իհարկե շինարարական պայմանագրերի մասով առողջապահության նախարարությունը որևէ բան անել չի կարող, բայց ինչ վերաբերում է առողջությանը՝ մինչ այս պահը արել ենք ամեն հնարավոր բան»,- գրել է Առողջապահության նախարարը Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ կցելով հրամանների լուսանկարները։
Մեկնաբանել