HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում

Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Ֆինլանդիայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց ֆինների հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հանդիպումը մեկնարկեց մեր ընտրանու գրոհներով, սակայն ֆիններին շատ արագ հաջողվեց հավասարեցնել խաղը և արդյունքում՝ գոլի հեղինակ դառնալ։ 14-րդ րոպեին աջ եզրից կատարված փոխանցումից հետո գնդակը Հայաստանի հավաքականի դարպասն ուղարկեց Ֆրեդրիկ Յենսենը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ անկազմակերպ ֆուտբոլ էին խաղում, շատ քիչ գրոհներ էին տրամաբանական ավարտին հասցվում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց կրկին Հայաստանի հավաքականի գրոհներով։ Մեր ընտրանու խաղացողները բազմաթիվ հարվածներ կատարեցին մրցակցի դարպասին, սակայն բոլոր դեպքերում գնդակը շեղ էր ընթանում։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ֆինլանդիայի հավաքականը ևս վտանգավոր պահեր էր ստեղծում․ երկու դեպքում Հայաստանի հավաքականին վերահաս գոլից փրկեց դարպասապահ Արամ Հայրապետյանը, սակայն 78-րդ րոպեին նա արդեն անկարող էր։ Կրկին հարձակման աջ եզրից փոխանցում հետևեց մեր ընտրանու տուգանային հրապարակ, որը եզրափակեց ֆինների հարձակվող Սոիրին՝ հաշիվը դարձնելով 2։0։

Դրանից հետո մեր հավաքականը շատ վտանգավոր պահ ստեղծեց. Գևորգ Ղազարյանի հեռահար հարվածը Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահը մեծ դժվարությամբ հետ մղեց, իսկ վրա հասած Ալեքսանդր Կարապետյանի՝ գլխով կատարած հարվածը մրցակցի դարպասապահը կրկին կարողացավ կանխել։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին էլ մեր ընտրանին 1։2 հաշվով պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։ 

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումից բացի, ընտրական J խմբում այսօր ևս երկու խաղ տեղի կունենա․ Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Լիխտենշտայնի ընտրանուն, իսկ Բոսնիա և Հերցեգովինան կհյուրընկալի Հունաստանին։

Լուսանկարը՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter