HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող շինարարական բումի, մենաշնորհի դեմ պայքարի, արտահանման ծավալի աճի մասին

Խորհրդարանում շարունակում են լսել Կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի զեկույցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շինարարության ոլորտում տեղի ունեցող պրոցեսներին։

«Ե´վ հունվարին, և´ փետրվարին մենք ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ՝ համապատասխանաբար 22,1 և 21,3 տոկոս։ Լրջագույն աճ է նկատվում հիպոթեքային վարկավորման ոլորտում, այս տարվա հունվարը նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարը փետրվարի նկատմամբ` 100 տոկոսով, երկրի հիպոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով՝ 70 մլրդ դրամով։ Այսինքն` անցած տարվա մայիսից մինչ այժմ մոտավորապես 150 մլն դոլարի գործարք են արել քաղաքացիները. սա նշանակում է` ՀՀ քաղաքացիների վստահությունը սեփական ապագայի նկատմամբ, և այն գումարները, որոնք նրանք պայմանականորեն կարող էին պլանավորել արտագաղթի վրա, ծախսում են Հայաստանում տնավորվելու համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենակարևոր դրսևորումն է»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս ցուցանիշները թույլ են տալիս ասել, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին։

Վարչապետի խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետվարին աճել է 1,9 տոկոսով։

«Սա` չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերական արտադրանքը հունվարին նվազել էր 1,1 տոկոսով, փետրվարին արձանագրված 4,7 %-ի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1,9 %։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկայական տոկոսը, արդեն մեկ տարի չի աշխատում։ Հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք երկու հսկաներ, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական ցուցանիշների առյուծի բաժինն էին ապահովում, և մենք այսօր աճ ենք ցույց տալիս այն պայմաններում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում։ Դրանց ճակատագրի վերաբերյալ, համոզված եմ, հարցուպատասխանի ժամանակ կքննարկենք, բայց ուզում եմ ասել, որ ակտիվ աշխատանք է ընթանում Թեղուտի հետ կապված: Այն մարդիկ,, ովքեր ներգրավված են պրոցեսի մեջ, հավաստիացնում են` շատ արագ ու շուտով այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն` կվերաբացվի»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ հունվար-փետրվարին առևտուրն ընդլայնվել է 13,1 %-ով, աճել է նաև ծառայությունների ճյուղը, հունվարի աճը կազմել է 15,6 %, փետրվարինը՝ 19,3 %, հունվար-փետրվարի երկամսյա աճը կազմել է 17,5 %։

«Սննդամթերքի արտադրությունն աճել է 25 %-ով, խմիչքների արտադրությունը` ավելի քան 30 %-ով, հագուստի արտադրությունը՝ մոտ 15 %-ով, ծխախոտի արտադրությունը՝ 17 %-ով, Արսենն էստեղ չի, չէ՞»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը՝ նայելով կառավարության կողմը և փնտրելով առողջապահության նախարարին։

Փաշինյանի խոսքով՝ 2019-ի հունվար-փետրվարին զգալի աճ է արձանագրվել կոնյակի արտահանման ծավալներում, արտահանման արժեքը կազմել է 30,2 ԱՄՆ դոլար, աճը՝ 24,2 %։

«Ես համոզված եմ, որ թվերը, առանց դրանց հիմքում գտնվող գաղափարախոսության, ոչինչ են: Ես կարծում եմ, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում հաճախ ենք սխալը գործել, որ ուղղակի հետևել ենք թվերին, առանց խորանալու դրանց բովանդակության մեջ: Իմ համոզմամբ, սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է: Ո՞րն է տնտեսական զարգացման մոդելի էությունը. տնտեսական հեղափոխության առանցքային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարող սուբյեկտը, կառավարությունը ոչ թե պետք է հանդես գա որպես նրանց ղեկավար, այլ կառավարության հիմնական անելիքն է՝ անհատական ջանքի քաջալերումը, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելը, կարգավորումները հնարավորինս դյուրացնելը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը և հեռանկարում՝ հարկային բեռի թեթևացումը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև մենաշնորհների դեմ պայքարին` նկատելով, որ քաղաքական մակարդակով արձանագրել են, որ այս ոլորտում ունեն կոնկրետ հաջողություններ։

«Հիմա մենք արձանագրում ենք, որ 2018-ի մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախկին 57 տոկոսի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, դիզվառելիքի մասով` 29 տոկոս, նախկին 51-ի փոխարեն։ Այս ցուցանիշը կարևոր եմ համարում ոչ միայն այն տեսանկյունից, որ մրցակցային վիճակը բարելավվել է, այլև, որ չի բարելավվել նախկինում գործող ընկերությունների ողնաշարը ջարդուփշուր անելու միջոցով, նրանք բնականոն շարունակել են իրենց գործունեությունը, սակայն դաշտ է բացվել նաև այլ ընկերությունների գործունեության համար»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter