HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական «դեպորտ»․ Գերմանիայի ոստիկանությունն իր գործողություններում անօրինականություն չի տեսնում

«Հետքը» գրել էր Սադոյանների ընտանիքի մասին, որը 2018թ.-ի հունիսին արտաքսվել էր Գերմանիայի Նոյվիդ (Neuwied) քաղաքից՝ ուժի կիրառմամբ։ Հիշեցնենք, որ Սադոյանները Գերմանիայից կացության իրավունք էին խնդրել՝ որդու բուժման նպատակով։

Ընտանիքի հայրը՝ Համլետ Սադոյանը, արտաքսման օրը տանը չէր եղել։ «Գիշերվա ժամը 5-ին տան դուռը ջարդել են, մեծ աղջիկս, լսելով ձայները, դուրս է եկել միջանցք ու վախից ուշագնաց եղել։ Չորս ամսական հղի կնոջս, անչափահաս երեխաներիս ու առաջին կարգի հաշմանդամ տղայիս ծեծելով, քաշելով տնից դուրս են հանել՝ չթողնելով անգամ կոշիկներն ու շորերը հագնեն»,- այսպես էր Սադոյանը նկարագրել արտաքսման պատմությունը մեր նախորդ հրապարակման մեջ։

kaptuk1.jpg (132 KB) kaptuk2.jpg (129 KB) kaptuk3.jpg (143 KB)

Համլետ Սադոյանի կնոջ ստացած կապտուկները՝ արտաքսման ժամանակ

«Հետք»-ը դիմել էր Գերմանիայի միգրացիոն ծառայությանը՝ հարցնելով, թե ինչու է բռնություն կիրառվել հղի կնոջ և անչափահաս երեխաների նկատմամբ՝ նրանց արտաքսման ընթացքում։

Միգրացիոն ծառայությունից մեզ ուղղորդել էին դեպի Ներքին գործերի նախարարություն՝ նշելով, որ արտաքսման գործողությունն իրականացնում է ոստիկանությունը։

Դաշնային ոստիկանությանը «Հետք»-ը 3 հարց էր ուղղել․

  • Անկախ սոցիալական և կացության կարգավիճակից՝ յուրաքանչյուր մարդ արժանապատվության և էթիկապես ճիշտ վերաբերմունքի արժանանալու իրավունք ունի։ Ինչո՞ւ է Նոյվիդի ոստիկանությունը ուժ կիրառել Սադոյանների ընտանիքի հանդեպ՝ արտաքսման ժամանակ։
  • Արդյոք Դաշնային ոստիկանության կանոնակարգը սահմանում է հատուկ իրավիճակներ, երբ միգրանտների արտաքսման ընթացքում կարելի է ուժ կիրառել։ Եթե այո, ապա որոնք են այդ իրավիճակները։
  • Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը՝ Նոյվիդի ոստիկանության պահվածքի համար ընտանիքից ներողություն խնդրելու հարցում։

Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Սթիվ Ալթերը պատասխանել է, որ իրավասու է անդրադառնալ միայն երկրորդ հարցին՝ ուղղորդելով առաջին և երրորդ հարցերը Ռայնլանդ-Փֆալց (Rheinland-Pfalz) երկրամասի ոստիկանություն։

Ալթերի պատասխանում ասվում է, որ ոստիկանների կողմից հարկադրական միջոցների կիրառումը մարդու իրավունքների խախտում չի համարվում։ Դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունների իրականացման անհապաղ պարտադրանքի (UZwG) մասին օրենքը թույլատրում է ոստիկաններին հարկադրական ուժ կիրառել՝ վերադարձվող անձանց բռնի գործողությունները զսպելու նպատակով։ Ըստ ոստիկանության պաշտոնյայի՝ նման հարկադրական մեթոդներ կիրառվում են՝ կախված առանձին դեպքից՝ հաշվի առնելով համաչափության սկզբունքը։

Թե որքանով էր ոստիկանության աշխատակիցների կիրառած ուժը համաչափ եղել հղի կնոջ և անչափահաս երեխաների նկատմամբ, Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել։

«Ոստիկանության կողմից հարկադիր ուժ է կիրառվում միայն անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ իրավիճակը հանգստացնելու նպատակով»,- եզրափակում են պատասխանում։

Ռայնլանդ-Փֆալց (Rheinland-Pfalz) երկրամասի ոստիկանությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ գրել է, որ տվյալ դեպքի մասին կարծիք է հարցրել Կոբլենց (Koblenz) երկրամասի ոստիկանությունից, որը պատասխանատու է Նոյվիդ քաղաքի համար։

«Գործի վերանայումից և եզրակացությունից հետո տեղահանումը որևէ առարկության ենթակա չէ։ Նման դեպքերում ոստիկանությունը ներգրավվում է օտարերկրացիներին ծագման երկիր վերադարձնելու գործընթացում։ Արտաքսումը նախօրոք մանրամասն իրավական քննության արդյունքում է տեղի ունեցել: Այս առումով՝ որևէ հիմք չկա՝ քննադատելու մեր ձեռնարկած միջոցները։ Իսկ մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանությունը ոստիկանական համակարգի աշխատանքի հիմնական բաղադրիչն է»,- նշվում է Ռայնլանդ-Փֆալց (Rheinland-Pfalz) երկրամասի ոստիկանության պատասխանում։

Սադոյանների ընտանիքի արտաքսման դեպքի վերաբերյալ «Հետք»-ը պատասխան է ստացել Գերմանիայի երեք պետական մարմիններից, սակայն դրանցից որևէ մեկը հստակ չի պարզաբանել, թե ինչ դիմադրություն է ցուցաբերել ընտանիքը, որը «զսպելու» համար ոստիկանությունը հարկադիր միջոցներ է ձեռնարկել։  

Մեկնաբանություններ (1)

Հրաչ
Դիմեք եվրոդատարան դրական արդյունքի դեպկում, որոշակի գումար կարելի է ակնկալել իսկ տեղում գտնվողները նկատի կունենան վոր ՀՀ դատապաշտպաներ կան որ իրենց իրավունքներյ կարող են պաշտպանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter