HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական «դեպորտ». Եվրոպայից Հայաստան արտաքսվածների թիվը եռապատկվել է

«Գիշերվա ժամը 5-ին տան դուռը ջարդել են, մեծ աղջիկս, լսելով ձայները, դուրս է եկել միջանցք ու վախից ուշագնաց եղել։ Չորս ամսական հղի կնոջս, անչափահաս երեխաներիս ու առաջին կարգի հաշմանդամ տղայիս ծեծելով, քաշելով տնից դուրս են հանել՝ չթողնելով անգամ կոշիկներն ու շորերը հագնեն»,- այսպես է Համլետ Սադոյանը նկարագրում Գերմանիայից 2018 թ․ հունիսին իր ընտանիքի արտաքսման պատմությունը։

Համլետ Սադոյանն այդ գիշեր տանը չի եղել, մեկնել էր Քյոլն (Cologne)՝ հաշմանդամություն ունեցող որդու՝ Գոռի կացության իրավունքի հարցերով։   

Սադոյանների ընտանիքի ճակատագիրը հիմնովին փոխվել է 2014թ.-ի մարտի 29-ին, երբ 17-ամյա Գոռ Սադոյանը ավտովթարի ենթարկվելու հետևանքով ողնաշարի կոտրվածք է ստացել։ Գոռը սովորում էր Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ժողովրդական գործիքներ բաժնում՝ որպես դուդուկահար։ Նա այժմ նվագել չի կարող՝ մատների շարժունակության պակասի պատճառով։

Hamlet_Gor1.jpg (496 KB)
Համլետ և Գոռ Սադոյանները

Մինչ ավտովթարը, Գոռի ընտանիքը երբևէ չի մտածել Հայաստանից դուրս ապրելու մասին, սակայն նրա վերականգնողական բուժումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար «հանձնվել» են Գերմանիայում։ Այնտեղ հասնելու համար Գոռի հայրը՝ Համլետ Սադոյանը, ընկերոջից պարտքով գումար է վերցրել, որը մինչ այժմ չի կարողացել վերադարձնել:

Ընտանիքը մեկուկես ամիս անցկացրել է փախստականների համար նախատեսված ճամբարում, որից հետո տեղափոխվել Նոյվիդ (Neuwied) քաղաքում իրենց հատկացված բնակարան: Գերմանիայում հաստատվելուց 3,5 տարի անց արտաքսվել են։

Ընտանիքի անդամներից ոչ մեկն առանց հուզմունքի չի կարողանում վերհիշել արտաքսման օրը:  

«Իրենք մեզ շատ են օգնել, ինչի համար մենք շնորհակալ ենք, բայց այն վայրագությունը, որ արել են ընտանիքիս նկատմամբ, ոչ մեկի գլխում չի տեղավորվի»,- ասում է Համլետ Սադոյանը և ցույց տալիս կնոջ մարմնի կապտուկների լուսանկարները, որոնք առաջացել են գերմանացի ոստիկանների բռնության հետևանքով:

kaptuk1.jpg (132 KB) kaptuk2.jpg (129 KB) kaptuk3.jpg (143 KB)

«Հետքը» դիմել է Գերմանիայի միգրացիոն ծառայությանը՝ հարցնելով, թե ինչու է բռնություն կիրառվել հղի կնոջ և անչափահաս երեխաների նկատմամբ՝ նրանց արտաքսման ընթացքում։ Նրանց պատասխանը՝ այստեղ։

Սադոյաններն արտաքսվել են այն հիմնավորմամբ, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր պայմանները ստեղծված են։

«Դատավորին Հայաստանից հայտնել էին, որ հաշմանդամություն ունեցող անձինք ապահովված են, քանի որ թոշակ են ստանում, բայց չէին ասել, թե որքան: Դատավորը քմծիծաղեց, երբ ասացի, որ առաջին կարգի հաշմանդամը ամսական մոտ 30 եվրո թոշակ է ստանում»,- պատմում է Համլետ Սադոյանը:

bak.jpg (492 KB)
Սադոյանների՝ Չարենցավանի բակը

«Խնդրում եմ՝ մեր բակը ցուցադրեք, թող ասեն՝ ինչպես է ամեն ինչ ապահովված։ Այստեղով առանց սայլակի մարդը չի կարող քայլել, Գոռն անվասայլակով ինչպե՞ս տեղաշարժվի: Որդիս ամիսներով տնից դուրս գալ չի կարող»,- ասում է Համլետ Սադոյանը։

Գերմանիայում Գոռն անցել է վերականգնողական բուժում, որի շնորհիվ սկսել է փոքր-ինչ շարժել վերջույթները: Հայաստան տեղափոխվելուց հետո տղայի բուժումը դադարեցվել է՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

Հարկադիր վերադարձից հետո Սադոյանների ընտանիքը  Հայաստանում որևէ պետական աջակցություն չի ստացել: Միայն «Հայկական Կարիտաս» ՀԿ-ն խոստացել է Համլետի համար ավտոմեքենա գնել, որ վարորդի աշխատանք կատարելով՝ կարողանա ընտանիքը կերակրել։ Մեքենայի առկայությունը կհեշտացնի նաև Գոռի տեղաշարժը:

Համլետ Սադոյանը երբեմն կրկին գնալու մասին է մտածում, քանի որ որդու ապագան Հայաստանում չի պատկերացնում:

«Տնից դուրս չգալու հետևանքով երեխայի հոգեբանությունն էլ է խաթարվում, մերն էլ: Չարենցավանում ապրելով՝ Գոռը ո՞րտեղ կրթություն պետք է ստանա, ո՞րտեղ պիտի աշխատի։ Որպեսզի երեխայիս ապագան չկործանվի, ես երբեմն մտածում եմ կրկին գնալու մասին»,- եզրափակում է Համլետ Սադոյանը։

main.jpg (699 KB)

Նախորդ տարի 3 անգամ ավելի շատ հայաստանցի է արտաքսվել Եվրոպայից, քան 2017թ-ին։ Այս տվյալներն արտացոլում են «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանն աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց թիվը: Արտաքսված հայաստանցիների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի վարվում:

Caritas Data1.jpg (1.46 MB)

«Հայկական Կարիտաս»-ի «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար  Լուսինե Ստեփանյանը նշում է, որ Հայաստանի քաղաքացիներին հետ ուղարկելու հարցը սրվել է 2015 թ.-ն, երբ Եվրոպան բացել է սահմանները Սիրիայի փախստականների առջև:

«Հայաստանից գնում են ավելի լավ կյանքի համար, իսկ Եվրոպան ընդունում է նրանց, ովքեր գնացել են՝ իրենց կյանքը փրկելու համար։ Երբ կշեռքի մյուս կողմում դնում ես Սուդանը, Սոմալին, Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, բնականաբար, այդ երկրներից գնացածների դրությունն ավելի ծանր է»,- պարզաբանում է Լուսինե Ստեփանյանը։  

Մարդուն արտաքսելուց առաջ ԵՄ միգրացիոն ծառայությունները նախ պետք է նույնականացնեն, թե որ երկրի քաղաքացի է տվյալ անձը։ ՀՀ քաղաքացիներին նույնականացնելու հարցում նրանց օգնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը՝ ըստ 2014թ-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի։   

Վերջին 2 տարիներին քառակի աճել է նաև ԵՄ երկրներից Հայաստանի միգրացիոն ծառայություն ուղղված նույնականացման հայցերի քանակը: 

Readmition1.jpg (1.12 MB)

Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ վերոնշյալ տվյալները չեն արտացոլում Հայաստան արտաքսված քաղաքացիների ամբողջական թիվը, քանի որ քաղաքացիության հաստատումը դեռ չի նշանակում, որ նրանք փաստացի վերադարձվել են:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Հետք»_ին հայտնեց, որ այժմ ներդրվում է ռեադմիսիոն գործերի ուսումնասիրման էլեկտրոնային համակարգ, որը կօգնի Հայաստանի կառավարությանը՝ հասկանալ, թե նույնականացված անձը փաստացի վերադարձվել է, թե ոչ։ Համակարգի ներդրումը ֆինանսավորում է Եվրամիությունը և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD):

Վերաինտեգրման բեռը հասարակական կազմակերպությունների ուսերին է

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է, որ Հայաստան վերադարձվածների ինտեգրման հիմնական բեռը հասարակական կազմակերպությունների ուսերին է։ Նրանք են ֆինանսական կամ այլ թիրախային աջակցություն տրամադրում վերադարձվածներին։

Ծառայությունն այս պահին իրականացնում է վերաինտեգրման երկու ծրագիր՝ «Մեկ պատուհան» ծառայությունը, որն ընդամենը խորհրդատվական բնույթ ունի և «Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանց»-ի (ERIN) ծրագիրը, որը պետք է թիրախային աջակցություն ցուցաբերի վերադարձողներին:

Ըստ Արմեն Ղազարյանի՝  Միգրացիոն ծառայությունն այժմ համալիր կերպով վերանայում է ինտեգրման ռազմավարությունը Հայաստանում, ինչը ենթադրում է գործողությունների ծրագրի և իրավական ակտերի մշակում: Վերադարձողներին հատկացվող ֆինանսական աջակցության մասին Ղազարյանը համարում է, որ դեռ շուտ է խոսել։ Այդ մասին ծառայության պետը կխոսի գործողությունների ծրագրի մշակումից հետո։

«Հայկական Կարիտաս» ՀԿ ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը կարծում է, որ վերաինտեգրման հիմնական խոչընդոտը արտաքսվածներին Հայաստանում որպես առանձին խոցելի խումբ չհաշվառելն է։

Ըստ «Հայկական Կարիտաս»-ի տվյալների՝ հատկապես մեծ է  Գերմանիայից արտաքսվածների թիվը. 2018թ-ին այն 7 անգամ աճել է՝ 2017-ի համեմատ։

Europe_map.jpg (825 KB)

Արտաքսված անձանց զգալի մասը առողջական խնդիրներ ունեցողներն ու ծերերն են

«Մինչև այս տարի միջին տարիքի մարդկանց էին վերադարձնում, իսկ հիմա շատ-շատ են ծերերն ու հիվանդները։ Իմ տպավորությամբ՝ ԵՄ երկրները հետ են ուղարկում մարդկանց, որոնք իրենց երկրին պետք չեն՝ հիվանդ են, չունեն գիտելիք, հմտություններ, այդ երկրին օգուտ չեն կարող տալ»,- ասում է Լուսինե Ստեփանյանը:

Անդրանիկ Մամիկոնյանը հենաշարժողական խնդիր ունի։ Գերմանիա է մեկնել 2012թ-ին, «հանձնվելուց» 4 ամիս անց կացության իրավունք է ստացել։ Ըստ նրան՝ իր Գերմանիա մեկնելու տարիներին հատկապես հաշմանդամություն ունեցողներին կացության իրավունք ավելի հեշտ էր տրվում, քան հիմա։

Անդրանիկը Սադոյանների ընտանիքի ընկերն է Գերմանիայում: Նա պետության կողմից անվճար ստացվող բժշկական պարագաները խնայողությամբ է օգտագործում՝ Գոռին ամեն ամիս օգնություն ուղարկելու համար։ Անդրանիկը բողոքում է, որ ցանկություն ունի էլեկտրական անվասայլակ ուղարկել Հայաստան, բայց չի կարող, քանի որ մաքսազերծումը թանկ է, ասում է՝ մի «Օպել»-ի գին է:

Անդրանիկ Մամիկոնյանը «Հետք»-ին պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ Քյոլն այցելության ժամանակ, Գերմանիա արտագաղթած հաշմանդամություն ունեցող անձինք վարչապետին հարցրել են արտաքսվածների՝ Հայաստանում վերաինտեգրման ծրագրերի մասին, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնել է, որ այդ հարցերն օրակարգում են:

«Մենք էլ ենք մարդ, մենք էլ նորմալ պայմաններով ապրելու իրավունք ունենք: Ես Քյոլնից սայլակովս միայնակ հասնում եմ Բեռլին: Իսկ Հայաստանում սայլակով մարդու համար ամեն ինչը խնդիր է»,- ասում է Մամիկոնյանը։

Արտաքսվածների աճին համընթաց ապաստան հայցողների թիվը նվազում է

2018թ-ին Եվրոպայում ապաստան հայցող հայաստանցիների թիվը եռակի նվազել է՝ 2017-ի համեմատությամբ։ Ըստ Եվրոստատի տվյալների՝ վերջին 10 տարիներին ԵՄ երկրներում ապաստան ստանալու համար Հայաստանից դիմել է միջինը 6489 մարդ, որոնց կեսը մերժվել է։ Նախորդ տարի՝ ապաստան հայցողների թվի նվազման հետ մեկտեղ, նվազել է նաև մերժումների քանակը՝ հասնելով 155-ի։

eurostat.jpg (1010 KB) 

Արտաքսվածների հետընդունումը՝ ԵՄ վիզայի ազատականացման երաշխիք

Արմեն Ղազարյանը կարևորում է Հայաստանի կողմից հետընդունման համաձայնագրի անխափան իրականացումը, քանի որ այն խթանում է ԵՄ վիզայի ազատականացման գործընթացը։

«Մենք ցանկանում ենք ունենալ կանոնավոր, օրինական միգրացիա: Մեր քաղաքացիները նույնպես պետք է գիտակցեն, որ ավելի լավ է ճամփորդել կանոնավոր և օրինական կերպով, այլապես մենք դժվար թե ունենանք վիզայի ազատականացման ռեժիմ»,- եզրափակում է Միգրացիոն ծառայության պետը։ 

Մեկնաբանություններ (1)

Գոռ
Իսկ դիմել ե՞ք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պարզելու համար թե արդյոք բացատրություններ են պահանջելու Գերմանիայի դեսպանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter