HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալաթիա փողոցի ջրանցքն աղբատարի է վերածվել

Լուսանկարում պատկերված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա փողոցով հոսող ջրանցքը:

Այս փողոցով է հոսում Ստորին Հրազդան ջրանցքը, որը ոռոգելի ջուր է հասցնում Արմավիրի մարզի մի շարք համայնքների:

Աղտոտված այս ջրով են ոռոգվում պտղատու շատ այգիներ և հողատարածքներ:

Ոչ ոռոգելի ամիսներին ջրանցքի այս հատվածը մշտապես աղբաշատ է: Փողոցով հոսող ջրանցքում կուտակվում է ոչ միայն հոսած ջրի հետ եկած, այլև բնակիչների թափած կենցաղային աղբը: Մեզ հետ զրույցում բնակիչները ևս չեն թաքցնում, որ ջրանցքում աղբ են թափում: Միաժամանակ նաև բողոքում են շրջակայքում տարածված գարշահոտությունից և ջրանցքի կեղտոտությունից:

Տեսանյութում ևս երևում է, որ տարածքի բնակիչներից մեկը դույլով աղբը լցնում է ջրանցքը: Նրանք ջրանցքում աղբ թափելու հանգամանքը պայմանավորում են աղբարկղերի բացակայությամբ: Ասում են՝ տարածքում բավարար թվով աղբարկղեր չեն տեղադրվել, այդ մասին բազմիցս բարձրաձայնել են:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Լազր Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն 20 օր է՝ ջրանցքի մաքրման աշխատանքներ են ընթանում, մոտ օրերս դրանք կավարտվեն: Ըստ նրա՝ այս պահին մաքրվում է Շրջանային փողոցի ջրանցքի հատվածը:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ ջրանցքի մաքրման աշխատանքներում խոչընդոտներ կան. փողոցներում կան նեղ հատվածներ, որտեղ տեխնիկան չի կարողանում աշխատել:

Բաժնի պետը ջրանցքի աղտոտման հարցում մեղադրեց նաև տարածքի բնակիչներին, ասաց՝ ջրանցքը շատերի համար որպես աղբարկղ է ծառայում:

Լազր Խաչատրյանի փոխանցմամբ՝ ջրանցքը տարվա ընթացքում մեկ անգամ է մաքրվում՝ ոռոգման շրջանի մեկնարկին: Նա տեղյակ է աղբարկղերի սակավության առնչությամբ բնակիչների բողոքներից: Ըստ պաշտոնյայի՝ «Սանիթեք» ընկերության հետ արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ մոտակա մեկ-երկու ամսում նոր աղբարկղեր կտեղադրվեն և՛ այդ տարածքում, և՛ վարչական շրջանի այլ փողոցներում:

«Բնակիչներ կան` իրենց աղբը նետում են ջրանցքը: Հնարավոր է, որ այլ հատվածներից հոսող ջուրն էլ է իր հետ աղբ բերում: Անընդհատ մենք այս խնդիրը ունենք, բայց բնակիչներն էլ պետք է հասկանան, որ ջրանցքը պետք է մաքուր պահեն: Հնարավոր չէ ամեն պահ ջրանցքում տեխնիկա աշխատի, աղբ դուրս բերի»,- նշեց Լազր Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter