HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավելիի հույս չկա, գոնե արժանապատիվ խաղ տեսնենք

Այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականը ձախողեց Ազգերի լիգայի միջոցով «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը, ամենալավատեսներն անգամ դժվար թե հույս փայփայեին, որ դա կարելի է անել «Եվրոյի» ընտրական փուլի միջոցով: Այդուհանդերձ, գոնե լավ, դիտարժան խաղ տեսնելու ակնկալիք ֆուտբոլասերներն ունեին: Բայց արդեն առաջին երկու հանդիպումներում բոսնիացիներից ու ֆիններից կրած 1-2 եւ 0-2 հաշիվներով պարտությունները, թող կոպիտ չհնչի, ցույց տվին, թե որտեղ է իրականում գտնվում մեր ընտրանին:

Եթե բոսնիացիների դեմ մերոնք հիմնականում պաշտպանվողի դերում էին ու դրվագներից շատերում սեղմվում էին սեփական տուգանայինին՝ գրոհը մշակելու լավ հնարավորություններ տալով մրցակցին, ապա Երեւանում թիմն այդ առումով քիչ թե շատ պատշաճ տեսք ուներ: Գյուլբուդաղյանցը չէր փոխել պաշտպանական գծի խաղացողներին՝ Հովհաննիսյան, Հարոյան, Չալըշըր, Դաղբաշյան, բայց հենակետային գոտում Գրիգորյանին Մկրտչյանի փոխարեն զույգ էր կազմել Մխիթարյանը: Խաղից առաջ թվում էր, թե մարզիչները դրանով խնդիր են դրել վերահսկել դաշտի կենտրոնը՝ Սարաեւոյում տեղի ունեցածը չկրկնելու համար. գուցե այդ գործոնը եւս եղել է, բայց հանդիպումից հետո գլխավոր մարզիչը նշեց, որ Կառլենը խաղից ժամեր առաջ հիվանդացել է, ու ստիպված են եղել արագ փոփոխություններ կատարել մեկնարկային կազմում:

Շատ է նշվել այն մասին, որ Մխիթարյանի՝ հենակետային օղակում խաղալուց տուժում է հարձակման գիծը: Որքան էլ Հենոն ունիվերսալ ֆուտբոլիստ լինի, պարզ է, որ գերմարդ չէ ու չի կարող բոլոր տեղերում լինել, իրականացնել մյուսների անելիքը կամ սրբագրել սխալները: Սակայն թիմի առաջատարի ներկայությամբ հենակետային գոտին իսկապես ավելի որակյալ հանդես եկավ, քան Սարաեւոյում: Միայն այն, որ դաշտի կենտրոնական հատվածում հայ ֆուտբոլիստները դիմավորում էին մրցակցին, պրեսինգի դիմում ու գնդակ խլում, նախորդ խաղի համեմատ առաջընթաց էր, բայց ահա գնդակ մշակելու, կասեցնելու եւ վարելու կուլտուրան դեռ այնքան հեռու է ցանկալիից:

Եթե ֆինները գրոհը սկսում էին արագ փոխանցումներով եւ տակտիկական գրագիտության շնորհիվ ազատ գոտիներ տեղափոխվում ու գնդակ ստանում, ապա մերոնք թիկունքում մի որոշ ժամանակ խաղարկում էին գնդակը, փորձում գտնել լավ դիրքում հայտնված խաղացողի, սակայն հատկապես մրցակցի տուգանայինին մոտենալիս բախվում էին կազմակերպված պաշտպանության, ու ամեն ինչ ավարտվում էր շեղ հարվածով կամ նույնիսկ դրան էլ չէր հասնում: Մերոնց դանդաղկոտությունը նպաստում էր, որ ֆիններն արագ վերադասավորվեն թիկունքում ու խոչընդոտեն հնարավոր սպառնալիքը:

Դանդաղկոտության եւ տակտիկական սխալի հետեւանք էին նաեւ մեր բաց թողած երկու գոլերը: Մրցակցի ֆուտբոլիստներից Պիրինենը հանդիպումից առաջ լրագրողներին ասել էր, որ ուսումնասիրել են Հայաստանի հավաքականի թույլ կողմերը, գիտեն դրանք: Այն, որ ֆիններն առավելապես գրոհում էին մեր պաշտպանության ձախ եզրի ուղղությամբ, եւ նրանց հարձակման աջ թեւում էր գործում թիմի գոլահար Պուկին, բացահայտում է, որ նրանց թիրախում մեր ձախ գոտին էր (հետխաղային ասուլիսում այդ մասին խոսեց նաեւ հյուրերի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան): Ի վերջո, մերոնք Սարաեւոյում երկրորդ գոլն ընդունել էին այդ նույն եզրի թերացման պատճառով:  

Ու երեկվա խաղում էլ 2 գոլերի դրվագում նույն թեւը ճեղքեր տվեց: Գրոհի աջ եզրում Պուկին գնդակը կրնկով փոխանցեց Լոդին ու նետվեց առաջ, Դաղբաշյանը, Չալըշըրն ու հենակետայիններից Գրիգորյանը չկարողացան ո՛չ արգելափակել Լոդի պատասխան փոխանցումը, ո՛չ էլ չեզոքացնել Պուկիին, որը հայտնվեց Արամ Հայրապետյանի դիմաց ու, չնայած վերջինս նետվեց հարձակվողի ոտքերի տակ, Պուկին գնդակը կարողացավ ուղարկել Յենսենին, որին էլ իր հերթին չկարողացավ խանգարել Հարոյանը: Այդպես հաշիվը բացվեց 14-րդ րոպեին:

Երկրորդ գոլի դրվագում կրկին պասիվ հանդիսատեսի դերում էին Դաղբաշյանն ու Գրիգորյանը, որոնց Լոդն իր արագությամբ անցավ մեկ շնչով, ապա դիմային գծի մոտից Չալըշըրի ու Հարոյանի արանքով գնդակն ուղարկեց Սոիրիին, որին այս անգամ էլ չկարողացավ փակել Հովհաննիսյանը. 78-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց, ինչը նման խաղի պարագայում պարտություն էր նշանակում: Այս դրվագում սխալվեց նաեւ Հայրապետյանը, որն ամբողջ խաղի ընթացքում մի քանի անգամ փրկեց թիմին վերահաս գոլերից: Դարպասապահի խաղը հուսադրում է, սակայն պաշտպանությունում մանկական սխալները դարպասն անառիկ պահելու գրեթե ոչ մի շանս չեն թողնում:     

Ֆինների հետ խաղից առաջ Գյուլբուդաղյանցն ասել էր, թե հենակետայինի գոտում փոփոխություն անելը մի փոքր դժվար է: Մյուս կողմից՝ Սարաեւոյում նա, խոսելով Արտակ Եդիգարյանի մասին, ասել էր, որ վերջինս այն քիչ ֆուտբոլիստներից է, որ կարող է խաղալ ցանկացած դիրքում, ավելին՝ նրա օպտիմալ դիրքը, մարզչի կարծիքով, հենակետային կիսապաշտպանն է: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու Արտակը չխաղաց Երեւանում, փոխարենը խաղարկողի իր դիրքից հետ քաշվեց Մխիթարյանը:             

Կիսապաշտպանության Բաբայան-Ղազարյան-Արաս եռյակից ամենաակտիվը Բաբայանն էր, որը մեր գրոհների «բանալին» էր. հենց նրա միջոցով՝ ձախ եզրից էր Գյուլբուդաղյանցի թիմը փորձում ճեղքել ֆինների պաշտպանությունը, ու պատահական չէ, որ առաջին կեսում նրա ակտիվությունից հետո մրցակիցը երկրորդում ավելի ուշադիր սկսեց գործել Էդգարի դեմ ու, փաստորեն, կարողացավ չեզոքացնել նրան: Դրական առումով առանձնացավ նաեւ Գեւորգը, որը Սարաեւոյի անհաջող ելույթից հետո անընդհատ վազքի, պայքարի մեջ էր, ջանում էր, երկու վտանգավոր հարված կատարեց, որոնցից երկրորդը խաղավարտից 7 րոպե առաջ էր ու կարող էր գոլով ավարտվել: Ցավոք, այդքան ուշ ստեղծված պահը մեր թիմի ամենառեալ հնարավորությունն էր: Ղազարյանի հարվածից հետո կորագծով ընթացող գնդակը հետ մղեց Հրադեցկին, վրա հասած Կարապետյանի՝ գլխով կրկնահարվածից հետո դարապասապահը եւս մի անգամ փրկեց իր թիմին:

Իրենց պորտուգալական եւ հոլանդական ակումբներում շատ քիչ խաղաժամանակ ստացող Գեւորգն ու Արասը, ինչպես հավաքական հրավիրվող ցանկացած այլ ֆուտբոլիստ, պիտի առաջնահերթ ձգտի գտնվել այնպիսի մարզավիճակում, որից հավաքականը միայն կշահի, այլապես ստացվում է, որ ոմանց համար ազգային թիմը մարզավիճակ ձեռք բերելու տեղ է դարձել: Արասը վաղուց այն չէ, ինչ սովոր էինք տեսնել. չկան նրա տեխնիկական խաբքերով անցումները, յուրօրինակ փոխանցումները, ձախ ոտքով հարվածները: Այս պարագայում աջ թեւում մեր գլխավոր զենքը դարձել է Կամո Հովհաննիսյանի արագությունը:

Հարձակման գիծը լրիվ առանձին թեմա է: Սարաեւոյում Արմեն Գյուլբուդաղյանցն ասել էր, թե այդ գոտում իրենք հենակետայինի համեմատ այլընտրանք ունեն: Բայց արդյոք այդպիսին կարելի է դիտարկել Բալեկյանին: Մեր համոզմամբ՝ ցանկացած խաղացող մեկնարկային կազմում իր տեղը պետք է վաստակի, Բալեկյանը դրան դեռ չի հասել, ու դժվար է ասել, թե կհասնի արդյոք: Մինչ օրս խոսվում է այն մասին, որ Լատինական Ամերիկայից ժամանած խաղացողների համար դժվար է հարմարվելը: Այս պարագայում նման ֆուտբոլիստին պաշտոնական պատասխանատու հանդիպմանը հարձակվողի դիրքը վստահելը, դեռ խաղը չսկսած, արդեն տարակուսանք էր առաջացրել: Բալեկյանին մեկնարկային կազմ ընդգրկելու որոշման անհեռանկար լինելը ապացուցվեց դաշտում, որտեղ ֆուտբոլիստն այս անգամ եւս ոչ մի բանով աչքի չընկավ: Շեշտենք, որ նա որեւէ կերպ չի առանձնացել նաեւ հավաքականում անցկացրած նախորդ 3 հանդիպումներում: Ալեքսանդր Կարապետյանը շատ ավելի վտանգավոր եւ կրեատիվ ֆուտբոլիստ է, քան Բալեկյանը, ավելին՝ երեկվա խաղը հերթական անգամ ցույց տվեց, որ մինչ օրս Յուրա Մովսիսյանին ու Մարկոսին համարժեք խաղացող հավաքականը չունի: Առաջինի բացակայությամբ տուժում է հարձակման արագությունն ու ինտենսիվությունը, հարվածների որակը, երկրորդի պարագայում՝ գրոհների կազմակերպման որակը, բայց, որ ավելի կարեւոր է, հեռահար, կտրուկ, դարպասապահների համար անկանխատեսելի հարվածները:       

Հայաստանի հավաքականն ընդամենը այսբերգի գագաթն է. այն, ինչ տեսնում ենք ազգային թիմում, հայկական ֆուտբոլի շատ փոքր մասն է: Այսբերգի հիմքը՝ հայկական ֆուտբոլային համակարգը, շատերին տեսանելի չէ (շատերին չեն հետաքրքրում մանկապատանեկան ֆուտբոլը, պատանեկան ու երիտասարդական հավաքականները, ակումբային ֆուտբոլը), բայց այն գործում է, այլ հարց է, թե ինչպես: Մեր հանրապետությունում շատ քիչ են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, այնինչ հենց նրանցից պիտի կատարվի հավաքականի կադրերի ընտրությունը: Նրանց սուղ լինելու պարագայում ստիպված հայացք ենք գցում սփյուռքին, բայց ոչ միշտ է հաջողվում գտնել որակյալ խաղացողներ, երկրորդ՝ հնարավոր չէ տեղական համակարգը երկրորդել դրսի հատուկենտ կադրերին: Մյուս կողմից՝ այդ համակարգում այսօր պրոֆեսիոնալ մակարդակով անցկացվում է միայն երկու առաջնություն (բարձրագույն եւ առաջին խմբերի), որոնց մասնակցում է ընդամենը 12 ակումբ՝ առաջին եւ դուստր թիմերով: Սա է ամբողջ երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասշտաբը, սա է փաստը:

Հետահայաց նայելով «Եվրո-2012»-ի եւ ԱԱ-2014-ի ընտրական փուլերին, երբ թիմը որակյալ խաղի եւ վաստակած միավորների նոր նշաձող սահմանեց, կարող ենք ասել, որ պարզապես հավաքվել էր լավ կորիզ. սերունդ ասելը սխալ կլինի, քանի որ բարձրակարգ խաղ ցուցադրողները քիչ էին: Հիմա, երբ այդ կորիզը կազմող խաղացողները մոտեցել են 30 տարեկանի շեմին կամ անցել այն, մի մասը թիմում չէ, մյուսներն էլ մարզավիճակի խնդիր ունեն, իսկ նրանց հետեւից եկողներ էլ չկան (մինչեւ 19 տարեկանների հավաքականի ելույթները վկա), մնում է ամեն անգամ ցավով նայել, թե ինչպես է հավաքականը աչք շոյող խաղ ցուցադրում հատուկենտ դեպքերում՝ հընթացս իրեն թույլ տալով պարտվել նաեւ գաճաճ երկրների կիսասիրողական ընտրանիներին:     

Մտածել, թե «Եվրո-2020»-ի ընտրական այս խմբում մեր հավաքականը կարող է մարզական խնդիր լուծել, ուտոպիայի ժանրից է: Երկրպագուների առավելագույն ակնկալիքը, թերեւս, կարող է լինել արժանապատիվ խաղ տեսնելը՝ անկախ արդյունքից:

Հ.Գ. Ընտրական 10-րդ խմբում երկրորդ տուրում գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Իտալիա-Լիխտենշտայն՝ 6-0, Բոսնիա եւ Հերցեգովինա-Հունաստան՝ 2-2:

Լուսանկարները՝ Getty Images-ի (uefa.com), ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter