HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանը փոփոխությունների շեմին. ինչպես տեղի ունեցավ հեղափոխությունը, եւ որն է նոր իրականությունը

Օրբելի կենտրոնի նախաձեռնությամբ, որի բացումը տեղի ունեցավ երեկ, այսօր մեկնարկեց «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովը։

Համաժողովի պանելային քննարկումները ծավալվում են հետեւյալ թեմաների շուրջ՝ «Թավշյա հեղափոխություն՝ ինչու եւ ինչպես։ Հայաաստանի նոր իրականությունը», «Ուղեղային կենտրոնների դերը փոփոխվող աշխարհում եւ դրանց ազդեցությունը պետությունների զարգացման գործում», «Հետհեղափոխական Հայաստան. մարտահրավերներ եւ հնարավորություններ» եւ «Հայաստանի զարգացման տեսլականը»։

Համաժողովի բանախոսները տեղական եւ միջազգային գիտական եւ հետազոտական շրջանակներից են, քաղաքական գործիչներ, նախարարներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ։

Քննարկման առաջին մասը նվիրված է թավշյա հեղափոխության վերլուծությանը, իմաստավորմանը եւ նոր իրականության սահմանմանը։ Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին եւ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցը ներկայացրին, թե ինչպես էին իրենց երկրներում իշխանություններն ու փորձագիտական համայնքը արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնավորապես՝ Կ. Տասիցը նշեց, որ չնայած նախնական շրջանում համեմատություններ ու զուգահեռներ էին տարվում ուկրաինական Մայդանի հետ, հետագայում ռուս քաղաքական գործիչներն ու փորձագիտական համայնքն արձանագրեցին, որ Հայաստանում ծավալվող շարժումը կենտրոնացած է ազգային շահերի վրա։ «Նրանց մեծ մասը կասկածում էր, որ ընդդիմությունը հաջողություն կունենա, կարծում էին, թե որոշ ժամանակ ցույցերը կշարունակվեն եւ կմարեն, քանի որ Հայաստանի իշխանությունները հաջող փորձ ունեին ճնշելու նման բողոքի ակցիաները»,- ասաց պրն. Տասիցը։ Միաժամանակ նա շեշտեց, որ ՌԴ պաշտոնյաների դիրքորոշումը հավասարակշռված էր՝ նկատի ունենալով Պեսկովի, Զախարովայի այն հայտարարությունները, թե տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է։ Ամփոփելով՝ նա նշեց, որ Հայաստանը կարեւոր քայլ արեց դեպի ժողովրդավարություն։ 

Հեղափոխությունը երկու գործոնների համադրության արդյունք էր՝ զանգվածային մոբիլիզացիա եւ ներիշխանական ճգնաժամ

Օրբելի կենտրոնի փորձագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ելույթի սկզբում նշեց, որ սկեպտիկ էր, երբ 2018-ի մարտի 30-ին սկսվեց քայլարշավը, եւ ուրախ է, որ սխալվեց։ Նա ասաց, որ այս մեկ տարվա ընթացքում ապրիլյան դեպքերի ֆունդամենտալ վերլուծություն չի տեսել, մինչդեռ դրանց վրա պետք է հենվեն կանխատեսումները։ Փորձագետը մտահոգություն հայտնեց, որ «մենք մեր սեփական փորձը տեսության վերածելու մեխանիզմ չունենք, մեր ապրածը չենք տեսականացնում, մեզ հետ տեղի ունեցողը փոխառված դասագրքային իմաստներով ենք տեսականացնում, մյուս կողմից՝ համաշխարհային պրոցեսներից կտրում ենք, ասես կապ չկա»։

Իր ելույթում նա փորձեց ուղենիշներ սահմանել, ուրվագծել այն համատեքստերը, որոնցում հնարավոր է մեր հեղափոխությունն իմաստավորել։ «Եթե որպես պատմաբան գիրք գրեի, ներածական մասում կգրեի, որ մեր ժամանակակից պատմությունը հեղափոխությունների պատմություն է, տասնութերորդ դարի ազատագրական շարժումներից սկսած, ներառյալ 1988-շարժումը, որը Արեւելյան Եվրոպայի պրոցեսների մաս էր, եւ այս երրորդ հեղափոխությունը, սա մասն է, շարունակությունն է մի մեծ պրոցեսի»,- ասաց Հրանտ Տեր- Աբրահամյանը։

Փորձագետի կարծիքով՝ թավշյա հեղափոխությունը պետք է իմաստավորվի Երրորդ հանրապետության համատեքստում, որը խաղաղ, զանգվածային, հրապարակային շարժումների մի ցիկլ է։ 2018-ի հեղափոխությունը շատ արագ տեղի ունեցավ, երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Միջազգային հանրության համար դա գուցե անսպասելի էր, բայց, Տեր-Աբրահամյանի համոզմամբ, այն խորը հիմքեր ուներ եւ մեր քաղաքական-բնիկ մշակույթի ծնունդ էր։

Նա ցավով նշեց, որ իննսունականներին ՀՀՇ-ն, իշխանության գալով, ազգային դեմոկրատիզմի փորձը չվերածեց կառավարման գաղափարախոսության։ Ավելին, հետագա տարիներին ազգայինն ու դեմոկրատականը ինչ-որ պահից սկսեցին հակադրվել՝ ռուսական եւ արեւմտյան ազդեցության տարեբր դրսեւորումների արդյունքում, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ ազգայինը միշտ դրսեւորվում է որպես դեմոկրատական։

Քաղաքագիտական վերլուծության համատեքստում նա խոսեց Հայաստանի երեք նախագահների գծած «եռանկյունու» մասին, որոնք ներգրավված էին մի պրոցեսի մեջ, որը խաղ էր հիշեցնում, եւ այդ եռանկյունու խաղի արանքներում ձեւավորվեցին նոր սերնդի քաղաքական ուժեր, որոնցից մեկն եկավ իշխանության։ «Այն ազատ դաշտը, որը կար այդ եռանկյունու կողքին, հնարավորություն տվեց նոր ուժերի ձեւավորման»,- ասաց Տեր-Աբրահամյանը։

Դարձյալ համաշխարհային պրոցեսների համատեքստից եւ այն համոզմունքից ելնելով, որ ոչ մի բան իր ժամանակից դուրս չի կարելի դիտարկել, նա հաստատեց, որ 2010-ական թվականներից իրավիճակը Հայաստանի շուրջ փոխվեց՝ անկայունություն Մերձավոր Արեւելքում, նոր սառը պատերազմ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, պոպուլիստական շարժումների ակտիվացում։ Եվ դրանց անուղղակի արձագանքը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, «Սասնա ծռերի» ապստամբությունը եւ, վերջապես հեղափոխությունը։

Հեղափոխությունը, փորձագետի համոզմամբ, երկու գործոնների համադրության արդյունք էր՝ ներիշխանական ճգնաժամ եւ զանգվածային մոբիլիզացիա։ «Գաղտնիք չէ, որ իշխանության ներսում էլ կար դավադրություն, եւ իշխանության փոփոխությունը տեղի ունեցավ այդ երկուսի համադրությամբ։ Զանգվածային մոբիլիզացիան ոչ միայն Սարգսյանին հեռացրեց, այլեւ տապալեց ներիշխանական դավադրությունը՝ Կարեն Կարապետյանի վարչապետությունը կամ անորոշության շրջանը տեւեց երկու օր»,- ասաց Օրբելի կենտրոնի փորձագետը։

Ապա նկարագրեց հետհեղափոխական իրավիճակը որպես բավական ունիկալ հետսովետական տարածքի համար, քանի որ մի կողմից կա իշխանություն՝ մեծ հանրային աջակցությամբ, մյուս կողմից ռեսուրսների մեծ մասն իշխանության ձեռքում չէ։ «Ուստի հեղափոխությունն ավարտված չէ այնքան ժամանակ, քանի այդ խնդիրը լուծված չէ»,- եզրափակեց Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
«Ուստի հեղափոխությունն ավարտված չէ այնքան ժամանակ, քանի այդ խնդիրը լուծված չէ»: Կարծում եմ, բանախոսի այս թեզը շատ հոգեհարազատ է պերմանենտ հեղափոխության բոլշևիկյան դրույթին, ինչը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր: Կարծում եմ նաև, որ հեղափոխությունը սկսվում է գործադիր իշխանություն վերցնելով և ավարտվում օրենսդիր իշխանություն վերցնելով: Մնացածն արդեն գրագետ կառավարման ոլորտի խնդիր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter