HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Տիգրան Խաչատրյան. «Բիզնեսին վերաբերող կարգավորումները պետք է հնարավորինս պարզեցվեն»

Կառավարությունը պետք է օգնի, որ Հայաստանում գործող բիզնեսը լինի քիչ ծախսատար, որակյալ եւ մրցունակ։ Այսպես ձեւակերպեց նոր կառավարության անելիքը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Հայաստանը փոփոխություների շեմին» համաժողովում ելույթ ունենալով «Հետհեղափոխական Հայաստան. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ։

Նախարարի համոզմամբ՝ բիզնեսին վերաբերող կարգավորումները պետք է պարզեցվեն հնարավոր չափով։ «Բիզնեսը իր ժամանակի մեծ մասը ծախսում է պետական կառույցների բյուրոկրատիան հաղթահարելու վրա, ոչ թե իր զարգացման։ Մենք արդեն լուծել ենք ազատ մրցակցության հարցը, կոռուպցիայի հարցը։ Համակարգային կոռուպցիա չկա այն եղանակով, որ բիզնեսին խոչընդոտ հանդիսանա։ Մեկ այլ բան է, որ կառավարության տվյալ առաջադրանքը ներքեւի օղակներում չի կատարվում այնպես, ինչպես տրվել է առաջադրանքը»,- ասաց նախարարը։

Նա շեշտադրեց հատկապես փոքր բիզնեսի հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը, որը մեր տնտեսության հիմնական մասն է. «Պետությունը պիտի լոգիստիկ այնպիսի միջավայր ստեղծի, որ փոքրները կարողանան դրսեւորվել դրսի շուկաներում»։

Նախարարի խոսքով՝ մենք լավագույն եղանակով դեռեւս չենք օգտագործում այն հնարավորությունները, որոնք առկա են աշխարհում։ Նա համեմատեց Հայաստանում մարդու մեկ ժամում աշխատած գումարի ցուցանիշը (2500 դրամ) աշխարհի միջին ցուցանիշի հետ, որը տասն անգամ ցածր է եւ ասաց, որ պատճառը հմտությունների եւ գիտելիքների ոչ բավարար մակարդակն է եւ տոխնոլոգիաների ոչ բավարար կիրառությունը տնտեսության մեջ։

Ինչով է պայմանավորված տնտեսական աճը. Այս հարցի պատասխանը, ըստ նախարարի, ներդրումներն են։ «Ե՞րբ են ներդրումներ կատարվում, երբ ստանում են բարձր շահույթ, իսկ ե՞րբ կստանան բարձր շահույթ, երբ օգտագործվեն հարեւան երկրների շուկաները, երբ ապրանքների եւ ծառայությունների սպառողներ լինեն նաեւ հարեւան երկրները, դրա համար ուշադրություն պետք է դարձնենք արտահանմանը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։ Եվ քանի որ մենք չենք կարող ամեն ինչ արտադրել նույնքան լավ, որքան աշխարհը, պետք է ձգտենք որոշ բաներ լավ արտադրել։

Բանավեճի կենտրոնական հարցն էր՝ ինչպես արտահանել փակ սահմանների եւ բարդ աշխարհագրական դիրքի պայմաններում։ Նախարարի տեսակետն է՝ ամեն պարագայում ուշադրություն դարձնել որակին. «Փակ սահմաններով, լոգիստիկ բարդ պայմաններով եթե որակով չարտադրենք ու չկարողանանք մեր ծախսերը տեղավորել այդ արժեքի մեջ, դժվար կարողանանք մրցել»։

Նա օրինակ բերեց թեթեւ արդյունաբերության եւ չվերամշակվող գյուղատնտեսական արտադրության ոլորտները, որոնք հետաքրքիր զարգացում են արձանագրել նախորդ տարի։ «2018-ին թեթեւ արդյունաբերության բնագավառում արտահանման աճը կազմել է 64%։ Ես անուններ չեմ ուզում տալ, բայց Վանաձորում երկու ընկերություն շատ որակյալ աշխատանք են կատարում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում հնարավոր է ապահովել որակյալ արտադրություն։ Եվ այս ոլորտի արտադրանքը համադրելի է ծխախոտի արտադրանքին արտահանման արժեքով»,- ասաց նախարարը։

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ասաց, որ Հայաստանը չի կարող հավակնել լուրջ առաջընթացի, եթե չդիմագրավի սպառնալիքներին։ Նա նկատեց, որ կառավարության ծրագրում սպառնալիքներ թվարկված չեն, մինչդեռ դրանք կան։ Դրանցից առաջինը ժողովրդագրականն է։ «Գրել եք մի իդեալական ծրագիր, բայց ո՞վ է այն իրականացնելու, մարդկային ռեսուրսները հաշվարկե՞լ եք, արդյոք»,- տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին ու կառավարությանը հարց ուղղեց Թաթուլ Մանասերյանը։

Նա համոզված է, որ Հայաստանը տնտեսական անվտանգություն չունի, քանի որ չունի ժողովրդագրական անվտանգություն։ Տնտեսագետն անթույլատրելի է համարում երիտասարդ մասնագետներին դոնորի պես դրսի աշխարհին մատակարարելը։ «Հասել ենք կրիտիկական կետին, որ առաջիկայում տասնութ տարեկանների լուրջ խնդիր ենք ունենալու։ Կրթության նախարարությունը (նախկինում եւ այսօր) չի էլ հաշվարկում, թե պետպատվերով կրթություն ստացածներից քանիսն են անգործ։ Ժամանակակից միգրացիան մեզ խոցելի է դարձնում առավելապես, քանի որ ունենք չավարտված պատերազմ»,- մտահոգություն հայտնեց կենտրոնի ղեկավարը եւ ամփոփեց՝ թվարկելով առաջընթացի երեք հենասյուները՝ տնտեսական անվտանգություն, մրցունակություն եւ տնտեսական դիվանագիտություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter