HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Տիգրան Ավինյան. «Բարեփոխումներ անելու կամքն առկա է»

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի ամփոփիչ քննարկմանը ներկայացրեց կառավարության եւ, մասնավորապես, իրենց քաղաքական թիմի՝ Հայաստանի զարգացման տեսլականը։ Նա նշեց, որ տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն են տալիս մտածել երկարաժամկետ հեռանկարի՝ առաջիկա տասնհինգ տարվա մասին։

Այդ հեռանկարն ամփոփվում է մարդակենտրոն հանրային քաղաքականության բանաձեւում, որի վերջնանպատակը ներառական տնտեսական զարգացումն է։ Փոխվարչապետը հավաստիացրեց, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի սպասարկման պրակտիկայից, եւ կառավարությունն իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ կտրվածքով երկրի համար դրական փոփոխություններ ապահովելու սկզբունքով։ «Զարգացման չափորոշիչը ոչ թե ներքին համախառն արդյունքի աճն է, այլ անհատի բարեկեցությունը, սեփական կյանքից նրա բավարարվածությունը»,- մարդակենտրոն քաղաքականությունը մեկնաբանեց փոխվարչապետ։

Զարգացման ճանապարհին, ըստ Ավինյանի, չափազանց կարեւոր է մարտահրավերների եւ խնդիրների գիտակցումը։ «Քաղաքականության մեջ ազնվությունն է միակ հաղթաթուղթը, որը թույլ է տալիս իրապես բարեփոխումներ անել, դրանք կյանքի կոչել։ Մի կողմից ՀՀ-ն ունի սահմանափակ բնական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ, բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս տեղի ունեցավ հեղափոխությունը այդ սահմանափակ ռեսուրսների պարագայում։ Չպետք է մտածել սահմանափակումների մասին, պետք է մտածել շրջանակներից դուրս, որովհետեւ այս դարաշրջանը թռիչքային զարգացման հնարավորություն է տալիս»,- ասաց փոխնախարարը եւ կրկին մատնանշեց Հայաստանի մարդկային կապիտալը՝ իբրեւ ամենամեծ հարստություն եւ ստեղծարար ուժ։

Այս համատեքստում նա առաջնային համարեց կրթության եւ առողջապահության ոլորտում ներդրումների շարունակական աճը, որովհետեւ մարդկային կապիտալի զարգացման համար պետք է բարձրացնել կրթության մակարդակը։ «Կրթության եւ գիտության զարգացման շնորհիվ հնարավոր է հասնել ներառական տնտեսական զարգացման եւ համընդհանուր բարեկեցության»,- ասաց պրն Ավինյանը։

Փոխվարչապետը թվարկեց եւս մի քանի առաջնայնություն՝ ազգային իննովացիոն համակարգի զարգացման նախադրյալների ձեւավորում, ենթակառուցվածքների զարգացում, որն ուղղակիորեն ազդում է մարդկանց կյանքի որակի եւ տնտեսական ակտիվության վրա, ծառայությունների թվայնացում, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում։ Պատահական չէ, ըստ Ավինյանի, որ կառավարության նոր կառուցվածքում նախատեսում են բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարի պորտֆել. տեխնոլոգիաները թույլ տվեցին հեղափոխության գործընթացում ներգրավել ՀՀ քաղաքացիներին, ուստի տեխնոլոգիաները բեկումնային փոփոխություններ կարող են բերել մեր կյանքում։

Փոխվարչապետի համոզմամբ, այս բարեփոխումները կյանքի կոչելով՝ կկարողանանք տնտեսության կառուցվածքային փոփոխություն ապահովել։  

Նա անդրադարձավ նաեւ պետական կառավարման համակարգի արդիականացմանը։ «Բավական բարդ գործընթաց ենք նախաձեռնել։ Տասնամյակներով, շարունակաբար ուռճացվող պետական համակարգը ունի վերանայման խնդիր, եւ այսօր գործառույթներ կան, որոնք ստեղծվել են հավելյալ մարդ հավաքագրելու համար, սակայն դրանք հավելյալ բարիք չեն ստեղծում»,- ասաց Ավինյանը։ Բայցեւ հավաստիացրեց, որ բարեփոխումները կվերաբերեն նաեւ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացմանը։

Պարգեւավճարների համակարգը, որը նախկին իշխանությունների օրոք ինստիտուցիոնալ հիմքերի վրա էր դրվել, ըստ նրա, արդյունավետ չէ։ «Պետք է հասկանալ, թե ինչու էր դա ստեղծվել. լավ կադրերին խրախուսելու խնդիր ունեին, բայց չէին կարողանում հասարակության հետ բաց եւ անկեղծ խոսել։ Մենք համարում ենք, որ դա արդյունավետ չէ, ուստի պետք է խոսենք պետական համակարգի արդյունավետության բարձրացման եւ աշխատավարձերի մասին»,- ասաց փոխվարչապետը։ Նա հավաստիացրեց՝ բարեփոխումներ անելու կամքն առկա է. երբեմն դժվար եւ ոչ այնքան պոպուլյար փոփոխություններ են ստիպված անել, սակայն առանց հասարակության բոլոր շերտերի հետ բաց քննարկման այդ փոփոխությունները հաջողության չեն հանգեցնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter