HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե Վիեննայում հաջողվի հասնել նրան, որ բացառվի ուժի կիրառումը երկու կողմից էլ, դա կլինի Փաշինյանի մեծ հաջողությունը»

Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկին Սեդրակյան, վաղը Վիեննայում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումը: Արդյոք ինչ-որ սպասելիք պետք է ունենալ այդ հանդիպումից:

-Նախ՝ այդ հանդիպումը շատ արագ եղավ: Մեծ մասամբ հանրությունն անպատրաստ էր դրան: Խոսում էին հնարավորության մասին, բայց կոնկրետ բաներ չէին հստակեցվում: Այդ շտապողականությունը, թե հանկարծակիությունը խորհելու առիթ է տալիս, որովհետև մինչ այդ Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ արտահայտվել էր, որ եթե Մինսկի խմբի համանախագահները գտնում են, որ մեկնաբանելու կետեր կան, թող իրենք էլ մեկնաբանեն: Նման կոշտ դիրքորոշումը, անկեղծ ասեմ, Հայաստանն առաջին անգամ է դրսևորում: Եվ այդպիսի կոշտ դիրքորոշումը, իհարկե, շատ հաճելի է մեր ականջին, որովհետև, կարծես, երաշխիք լինի Արցախի, այսպես ասած, անառիկությանը, անսասանությանը, բայց մյուս կողմից՝ ցանկալի էր իմանալ, թե այդպիսի կոշտ դիրքորոշումը պահպանող ինչ կռվաններ կան, որովհետև կոշտ դիրքորոշումը մի բան է, իսկ կոշտ դիրքորոշման թիկունքում գտնվող խաղաքարտերը՝ մեկ այլ բան:

Համենայն դեպս, Վիեննայի հանդիպումը նախ տեղի առումով է շատ ցանկալի, քանի որ գիտենք, որ Վիեննայում մի անգամ արդեն ունեցել ենք որոշակի համաձայնություններ: Երկրորդ՝ շատ ուրախալի է, որ ռուսական միջնորդությունն ուղիղ չի դրսևորվում, թեպետ անուղղակիորեն դրսևորվում է, և դա էլ է մտահոգիչ, քանի որ կիսագաղտնի պայմաններում, զուտ հաղորդագրության մակարդակով հանրությանը տեղեկացավ, որ մեր արտգործնախարարը հանդիպել է Ռուսաստանում իր գործընկերների հետ: Պարզ է, որ այնտեղ խորհրդակցություններ և բանակցություններ են ընթացել, և ակնհայտ է՝ Ղարաբաղի հարցով: Տեսնո՞ւմ եք՝ ինչ ասում ենք, ենթադրությունների մակարդակով ենք ասում, որովհետև Ղարաբաղի հարցում կոնկրետ տեղեկությունը քիչ է, բավարար չէ:

-Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ բանակցությունների են գնում այն օրակարգով, ինչի մասին ինքը խոսել է Ստեփանակերտում: Բայց Արցախին բանակցային սեղան վերադարձնելու նրա մոտեցումը հանդիպել է ոչ միայն Բաքվի դիմադրությանը, այլև, ըստ էության, չի ողջունվել Մինսկի խմբի համանախագահների կողմից: Մի տեսակ փակուղային իրավիճակ չի՞ ստեղծվում:

-Գիտեք, երբ փակուղային իրավիճակ է ստեղծվել, մենք կարողացել ենք մեղքը գցել Ադրբեջանի վրա՝ ասելով, որ իրենք են ստեղծում նման իրավիճակ: Հիմա հստակ հիմնավորումներ են պետք, որպեսզի հայկական կողմը դարձյալ միջազգային հանրությանը ներկայանա այն դիրքորոշմամբ, որ մենք չէ, որ այդ փակուղային իրավիճակը ստեղծում ենք, այլ Բաքվի ոչ ճկունությունը և մեր պայմանները չընդունելու մարտավարությունը:

Բանակցությունները ցայսօր Հայաստանին օգուտ են տվել այնքանով, որքանով մեզ հաջողվել է պահպանել ստատուս-քվոն: Ապրիլյան պատերազմից հետո ստատուս-քվոն խախտվեց: Եվ հիմա մեր գերխնդիրն է, իսկապես, Արցախը բերել բանակցությունների սեղան (սա հեռահար խնդիր է), իսկ ամենակարճաժամկետ և ամենակենսական ծրագիրն այն է, որ միջազգային հանրությունից երաշխիքներ ստանանք, որ ապրիլյան հարձակումներն ու ագրեսիան չեն կրկնվի, որովհետև միայն այդ դեպքում բանակցություններն արդյունավետ կարող են լինել: Կարելի է, իհարկե, առաջնահերթ թիրախավորել այդ հարցը՝ ռազմական ագրեսիան երկու կողմից էլ պետք է բացառվի, նախահարձակ լինելը և մնացած բոլոր գործընթացները պետք է մնան թղթի վրա, վերբալ, բանակցային մակարդակում, բայց ոչ երբեք ուժի կիրառմամբ:

Եթե Վիեննայում հաջողվի հասնել նրան, որ բացառվի ուժի կիրառումը երկու կողմից էլ, դա կլինի Նիկոլ Փաշինյանի մեծ հաջողությունը, չնայած ասում եմ՝ օրակարգում այնքան էլ հստակ ուրվագծված չէ դա:

-Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն ասել էր, որ մադրիդյան սկզբունքները հնացած են, Հայաստանի ԱԳՆ-ն, մեծ հաշվով, ձեռնպահ մնաց մեկնաբանելուց: Հնարավոր համարո՞ւմ եք, որ միջնորդները նոր փաստաթուղթ դնեն բանակցային սեղանին մոտ ապագայում:

-Այս հանդիպման ընթացքում դա բացառում եմ: Իհարկե, կցանկանայի, որ Գոլանի բարձրունքների նախադեպը բոլորս ունենայինք աչքի առաջ (ԱՄՆ նախագահ Թրամփը օրերս հայտարարել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներն այդ երկրի սուվերեն տարածք ճանաչելու անհրաժեշտության մասին- հեղ.): Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչպես են հարցերը լուծվում ներկայիս միջազգային թատերաբեմում, եթե իրոք կան շահագրգիռ կողմեր, եթե իրոք կան ժողովրդավարական և ինքնաբավ պետություններ: Գոլանի բարձրունքների դեպքն ունենք, և վստահ եղեք, որ այդ ճանաչումն այլևս անկասելի է, որովհետև Իսրայելը և ԱՄՆ-ն կարողացել են հասնել բանակցային և ստրատեգիական պարտնյորության այնպիսի աստիճանի, որ իրացրել են այդ ծրագիրը:

Ռուսաստանը ցայսօր իր որևէ ստրատեգիական դաշնակցի համար նման ֆավորիտային պայմաններ չի ապահովել, և միակ բանը, որ արել է, ինքն իրեն վերցրել է Ղրիմը. միայն այդքանը, ուրիշ ոչ մի բան: Մենք պետք է հասկանանք, որ ինքներս պիտի մեր գլխի ճարը տեսնենք, քանի որ մեր ստրատեգիական դաշնակիցը, որի հետ հարաբերություններն իբր թե օր-օրի լավանում են, իրականում շարունակում է իր կեղտոտ խաղը և Հայաստանին որևէ տեսակի օգնություն տրամադրելու կամ աջակցելու ցանկություն չունի: Կարծում եմ՝ այս պարագայում պետք է առավելագույնս զգոն և զգույշ լինենք ու, իհարկե, փնտրենք ավելի վստահելի եւ ուժեղ դաշնակիցներ: Դա հնարավոր է, դա կարելի է:

-Ամեն դեպքում, Փաշինյան-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթուղթ կստորագրվի՞:

-Չեմ կարծում, որովհետև դրա համար որևէ նախապայման չկա: Ինձ թվում է՝ սա բլից հանդիպում է, շոշափում են հեռանկարները, հնարավոր գործողությունների ընթացքը ու նաև ղեկավարների վճռականության աստիճանը, ինչը շատ տարածված է դիվանագիտական աշխարհում:

Ցանկալի կլիներ, որ հանդիպումից առաջ Հայաստանի հանրությունն արտահայտվելու, ելույթներ ունենալու, փորձագիտական գնահատականներ տալու մի վեկտոր ստանար, որ Նիկոլ Փաշինյանը Վիեննայի այդ հանդիպմանը գնար՝ զինված ոչ միայն իր լեգիտիմությամբ, այլև Արցախի հիմնախնդրում հանրային աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter