HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի հայցը քննող դատավորը պարզել է, որ Վանեցյանը գործով պատշաճ պատասխանող չէ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աիդա Դավթյանի, այսօր տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչայանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստ:  Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել է «Կոնգրես» հյուրանոցի մասին խոսելիս Քոչարյանների հասցեին Վանեցյանի ասած արտահայտությունների համար:

«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ ասում է՝ մենք ոչինչ չունենք, փաստորեն կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքը: Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպել, որ 6 մլն դոլար փող տա իրենց, իրանք էլ վերցնեն, տանեն: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան: Էդ ունեցվածքի հետ կապված՝ թե որտեղից է եղել, ապօրինի հարստացումը, իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացում չկա, փողերի լվացման համար է հարուցվել քրեական գործ»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Դատավոր Աիդա Դավթյանն այսօրվա նիստին  քննարկման առարկա դարձրեց Արթուր Վանեցյանի՝ գործով ոչ պատշաճ պատասխանող լինելու հարցը և առաջարկեց ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինել:

«Դատարանը գործի քննության ընթացքում, պարզելով, որ հայցը հարուցված է ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի սույն հայցով, ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172 հոդվածով, նկատի ունենալով, որ հենց հայցվորն է  հայցադիմումում նշել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենն ասուլիս է տվել սեպտեմբերի 11-ին և այլն, ուզում եմ հայցվորի համաձայնությունը ստանալուց հետո ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով»,- ասաց դատավորը:

Նշենք, որ Վանեցյանի`գործով ոչ պատշաճ պատասխանող լինելու հարցը այս գործով առաջին նախնական դատական նիստի ընթացքում բարձրացրել էր Վանեցյանի ներկայացուցիչներից Վահագն Գրիգորյանը` նշելով, որ, հայցն, ըստ էության, կարող էր լինել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ըստ Գրիգորյանի՝ հայցվորն իր հայցադիմումի մեջ էլ ընդունել է արտահայտությունների կատարման պահին Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի կարգավիճակ ունենալու հանգամանքը:

Ըստ Գրիգորյանի՝ քաղաքացուն պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը, սակայն այսօր պնդեց, որ Արթուր Վանեցյան ֆիզիկական անձը գործով պատշաճ պատասխանող է, և հանգամանքը, որ հայցում նրա անվան դիմաց գրված է ԱԱԾ տնօրեն, նրան նույնականացնելու համար է:

Նշենք, որ Վանեցյանը լրագրողների հետ զրույցում արած իր հայտարարությունից հետո պարզաբանել է, որ էմոցիոնալ հայտարարություն է արել, առաջին անգամ խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիաներով, խոսքը շատ ճիշտ չէ ձևակերպել:

Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն այսօր մեջբերեց Վանեցյանի խոսքն այն մասին, որ ինքն, ըստ էության, արդեն հերքել է այն, ինչի համար Սեդրակ Քոչարյանը դիմել է դատարան ու հերքում է պահանջում, ապա հետաքրքրվեց, թե արդյոք Վանեցյանի խոսքը նշանակո՞ւմ է, որ նա ընդունում է հանգամանքը, որ իր արած արտահայտությունները զրպարտություն պարունակող սխալ տեղեկություններ են եղել: Հարցին ի պատասխան՝ Վանեցյանի ներկայացուցիչներից Մարիամ Զոդյանն ասաց, թե Վանեցյանն ասել է այն, ինչ ասել է, մնացած հարցերի պատասխանները դատաքննության ընթացքում կտրվեն:

Զադոյանն այսօր դատարան էր ներկայացրել գրավոր ապացույցներ թեմայի վերաբերյալ մամուլում հրապարակված հոդվածներ ու ԱԱԾ-ի կողմից տարածված մեկ հաղորդագրություն, որոնց ծանոթանալու համար Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչները  ժամանակ խնդրեցին դատարանից: Նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 23-ը:

Նշենք, որ ներկայացված հայցից որոշ ժամանակ անց Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ փողերի լվացման և հարկեր չվճարելու համապատասխան հոդվածներով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter