HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բջջային շուկայի անկումը չի դադարում. ինտերնետի ծավալներն ընդլայնվում են

Հինգ տարի անընդմեջ հայաստանյան բջջային շուկայում անկում է գրանցվում։ Ոլորտի հասույթը տարեցտարի կրճատվում է։ Փոխարենն էական առաջընթաց է ապրում ինտերնետի շուկան։

2018 թվականին Հայաստանում կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է մոտ 146.7 մլրդ դրամ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2017 թվականի համեմատ այն աճել է ընդամենը 1 %-ով։ Աճը, բնականաբար, ապահովել է ինտերնետի շուկան, իսկ բջջային շուկայում դեռևս 2014 թվականին սկսված անկումը օպերատորներին չի հաջողվում դադարեցնել։

2018 թվականին բջջային շուկայի ընդհանուր հասույթը կազմել է մոտ 57 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 7.3 %-ով։ Նկատենք, որ 2017 թվականին շուկայի անկումն ավելի մեծ էր՝ մոտ 24 %:

Իսկ ինտերնետ հասանելիության հասույթը 2018 թվականին կազմել է մոտ 51 մլրդ դրամ՝ աճելով 12.6 %-ով։

Կապի ոլորտի հասույթի առյուծի բաժինն ապահովում են ինտերնետն ու բջջային կապը։ Ինչպես տեսնում ենք, չնայած ծավալների կրճատմանը, բջջային կապի հասույթն առայժմ գերազանցում է ինտերնետին։ Սակայն, գրանցվող դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ արդեն այս տարվանից ինտերնետն իր հասույթով առաջ կանցնի բջջային կապից։ 

Կապի շուկայի ընդհանուր հասույթի 38.8 %-ն է 2018 թվականին գոյացել բջջային շուկայից, իսկ ինտերնետ հասանելիության շուկայից՝ 34.6 %-ը։ Դեռևս 2013 թվականին, երբ բջջային կապի հասույթը աճի միտումներ էր գրանցում, բջջային շուկայի կշիռը կապի ոլորտում 60.5 % է եղել, իսկ ինտերնետի կշիռը` ընդամենը 16.2 %: Սրանք ամենադիպուկ ցուցանիշներն են, ըստ որոնց՝ կարելի է պնդել, որ վերջին տարիներին բջջային կապը զգալիորեն զիջում է իր տեղն ինտերնետին։ 

Վերջին տարիներին թե' Հայաստանում, թե' ամբողջ աշխարհում ընդլայնվող OTT (անգլ. Over the Top) ծառայությունները, ինչպիսիք են Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն, լուրջ մարտահրավեր են նետել բջջային շուկային՝ դառնալով բջջային հեռախոսակապի այլընտրանք։ Այս ծառայությունները հնարավորություն են տվել մարդկանց աշխարհի տարբեր ծայրերում հաղորդակցվել ավելի մատչելի տարբերակով, որը հանգեցրել է բջջային կապի դերի ու հասույթի նվազմանը։

Թեև բջջային շուկայի ընկերությունները ծրագրեր ու քայլեր են ձեռնարկում ոլորտի անկումը դադարեցնելու ուղղությամբ, սակայն դա դեռևս չի հաջողվում։ Բջջային շուկայի հասույթի նվազումն ու ինտերնետ հասանելիության շուկայի հասույթի աճը մոտ ապագայում կարող են միմյանց լրացնող ազդեցություն ունենալ բջջային օպերատորների եկամուտների վրա, քանի որ նույն օպերատորները Հայաստանում նաև ինտերնետ են մատակարարում։  

Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի տեսակարար կշիռը ծառայությունների կազմում 2018 թվականի տվյալներով 7.8 % է։ Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ կրթության ոլորտի կշիռը 3.1 % է, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման կշիռը՝ 4.2 %, գիտության կշիռը՝ 4.5 % և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter