HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Փոխնախարարը պնդում է՝ ճնշում չի գործադրել. հաշվապահական ընկերության հետ պայմանագիրը կխզվի

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը պարզաբանում է, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ը հրաժարվում է հաշվապահական հաշվառման ծառայություն մատուցող ընկերության պայմանագրից քիչ ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալու նպատակով:

«Հետք»-ը մարտի 20-ին գրել էր, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, որը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վերահսկողության տակ է գործում, չի վճարում «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ին հաշվապահական հաշվառման ծառայության համար: Դա այն դեպքում, երբ հաշվապահական ընկերության հետ 2018 թ.-ին կնքվել էր 3 տարվա պայմանագիր: «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի տնօրենը մեզ հայտնել էր, որ 2019 թ.-ի ծառայությունների համար իրենց չեն վճարում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանի ճնշմամբ:

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին և ի թիվս այլ հարցերի, հարցրել էին նաև, թե ինչ ազդեցություն է ունեցել գործընթացի նկատմամբ փոխնախարար Ալբերտ Բաբայանը: Մեր հարցմանը պատախանել է հենց Ալբերտ Բաբայանը՝ նշելով, որ նախարարության ոչ մի պաշտոնյա որևէ ազդեցություն չի ունեցել «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի չստորագրման հարցում: Փոխնախարարն առաջացած խնդիրը պարզաբանել է հետևյալ կերպ. «ՀՀ կառավարության կողմից որդեգրված կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման՝ այն է հնարավոր քիչ ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալու քաղաքականությունը, հաշվապահական հաշվառման ծառայությունների դիմաց վճարման համար գումար չի նախատեսվել՝ փոխարենը որոշում է կայացվել հաշվապահական հաշվառումը շարունակել իրականացնել նախատեսված հաստիքային միավորների միջոցով, իսկ առաջացած հավելյալ միջոցները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով ուղղվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի 127 աշխատակիցների վարձատրության ավելացմանը»:

Ասվածի համար որպես հիմնավորում՝ Ալբերտ Բաբայանը նշել է, որ մինչև «Բիզնես քոնսալթ» ընկերության հետ պայմանագրի կնքումը «Չափագիտության ազգային ինստիտուտի» հաշվապահությունն իրականացնում էին ինստիտուտի աշխատակիցները, հաշվապահական ծառայության ֆոնդը կազմում էր 9 միլիոն դրամ, իսկ «Բիզնես քոնսալթ» ընկերությունը նույն ծառայությունը կատարում է տարեկան 23 միլիոն դրամով: Փոխնախարարի տված տեղեկության մեջ միտումնավոր կամ պատահաբար նշված չէ՝ այդ 9 միլիոն դրամ գումարի մեջ հարկերը մտնում են, թե ոչ, որովհետև հարկերը հետ ավելի մեծ թիվ կարող է ստացվել, իսկ «Բիզնես քոնսալթ» ընկերությանը հատկացվող 23 միլիոն դրամի մեջ հարկերը ներառված են, որը հետ է գնում պետբյուջե:

Հ. Գ. «Բիզնես քոնսալթ» ընկերության տնօրենը մեզ ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և վարչապետին ուղղված իր նամակները, որոնց այդպես էլ ո՛չ կառավարությունից, ո՛չ նախարարությունից չէին պատասխանել: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հստակ ժամկետներ է սահմանում հարցումներին պատասխանելու համար, սակայն կառավարությունում և նշված նախարարությունում կոպտորեն խախտել են օրենքի պահանջը: Կառավարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ վարչապետի աշխատակազմին հասցեագրված բոլոր նամակներին և դիմումներին տրվում է ընթացք և տրամադրվում է պատասխան: Վերոնշյալ հարցի առնչությամբ էլ փոխնախարարը փորձել է արդարանալ և շրջանցել այն: «Ինչ վերաբերվում է հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպության հետ հաղորդակցությանը, ապա հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակի, հնարավոր լուծումների հստակեցման նպատակով ընկերության ներկայացուցչի հետ տեղի են ունեցել քննարկումներ»,- իր պատասխանում գրել է փոխնախարար Բաբայանը՝ չնշելով, թե ովքե՞ր են քննարկում ունեցել, ե՞րբ և ի՞նչ ձևաչափով, քանի որ «Բիզնես քոնսալթ»-ի տնօրենը պնդում էր, որ ամիսներ շարունակ չի կարողացել գործընթացի մասին տեղեկություններ ստանալ:

 

Լուսանկարը՝ mineconomy.am-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter