
Վարչապետին հղված նամակները տեղ չեն հասնում. Չափագիտության ինստիտուտին ծառայություն մատուցող ընկերությունը փաստի առաջ է
Վերջին ամիսներին խմբագրություն դիմած քաղաքացիների խնդիրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք իրենց բողոքները չեն կարողանում հասցնել բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին (1, 2):
Այս անգամ իր խնդրով «Հետք»-ին է դիմել հաշվապահական ծառայություն մատուցող «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի տնօրեն Լևոն Թոփուզյանը: Այս ընկերությունը 2018 թվականի փետրվարին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ կնքել է հաշվապահական հաշվառում մատուցելու պայմանագիր: 2018-20 թվականների համար կնքված պայմանագրի գինը կազմել է 63 մլն 240 հազար դրամ: «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ն նշված կառույցի հաշվապահությունն իրականացնում է 5 հիմնական և 1 ոչ հիմնական աշխատակցի միջոցով: Ծառայությունը մատուցվում է յուրաքանչյուր ամիս, հարկերը ներառյալ` մոտ 1.8 մլն դրամով:
Պայմանագրով նախատեսված է եղել, որ եթե «Չափագիտության ազգային ինստիտուտը» տվյալ տարվա համար ունի բավարար միջոցներ, ապա համաձայնագիր է կնքում նշված ընկերության հետ: Այդպես եղել է 2018 թվականին, սակայն 2019 թվականի հունվար ամսին «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի տնօրենը չի ցանկացել «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի հետ համաձայնագիր ստորագրել: Սա այն դեպքում, երբ ինստիտուտի տնօրեն Հայկ Ստեփանյանը էլեկտրոնային տարբերակով ստորագրել էր համաձայնագիրը: Հաշվապահական ընկերությունը փաստացի առանց վճարը ստանալու շարունակում է ծառայություն մատուցել «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ին և չգիտի, թե երբ կստանա այս տարվա գումարը:
«Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի տնօրենը հետաքրքրվել է, թե որն է պայմանագրի անբաժան մաս համարվող համաձայնագիրը չստորագրելու պատճառը եւ պարզել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ճնշումներ են գործադրվում «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի ղեկավարի վրա, որպեսզի համաձայնագիրը չստորագրեն: «Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի տնօրեն Լևոն Թոփուզյանն այս տարվա հունվարին նամակ է գրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին: Խնդիրը ներկայացնող նամակն անպատասխան է մնացել: Երկրորդ նամակը նա հասցեագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակն անպատասխան է մնացել, սակայն Թոփուզյանն իմացել է, որ նամակից հետո Կառավարությունից հանձնարարական է ուղարկվել նախարարի պաշտոնակատարին, սակայն հանձնարարականը չի կատարվել: Թոփուզյանը ևս մեկ նամակ է գրել վարչապետին, դրա պատասխանը նույնպես չստանալով` սկսել է նույն գործողություններն արդեն զրոյից՝ դիմելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին:
«Բիզնես քոնսալթ» ՓԲԸ-ի տնօրենն իր վարկածն ունի, թե ինչու չի ստորագրվում համաձայնագիրը: Ըստ նրա` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանն է շահագրգռված համաձայնագիրը չստորագրելու հարցում:
«Ալբերտ Բաբայանի անմիջական ազդեցության և ճնշման ներքո համաձայնագիրը չի ստորագրվում: Իր հեռահար նպատակն, ըստ ինձ հասած տեղեկությունների, այն է, որ հետագայում սպասում է, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ն ու «Ստանդարտացման ինստիտուտ»-ը պետք է միավորվեն, և ինքը զբաղեցնի տնօրենի պաշտոնը: Այսինքն` հեռահար նպատակների համար ներկայումս կատարում է այն քայլերը, որ որոշակի պաշտոններ իրենով անի, որպեսզի հետագայում տնօրեն դառնալուց հետո աշխատակիցների փոփոխություն անմիջապես չկատարի»,- ասաց Լևոն Թոփուզյանը: Նրա խոսքով՝ այս տարվա հունվարի 11-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ը Վահան Խաչատրյան անուն, ազգանունով աշխատակցի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել, սակայն իրենք տեղյակ չեն, թե այդ աշխատակիցը հաշվապահության հետ կապված ինչ աշխատանք է կատարում, որի համար վճարվում է: Նկատենք, որ սա այն դեպքում, երբ «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի ամբողջ հաշվապահությունն իրականացնում է «Բիզնես քոնսալթ» ընկերությունը:
Լևոն Թոփուզյանը կարծում է, որ նախարարությունը պատշաճ չի ընդունում վարչապետի ապարատից ստացած հանձնարարականները: «Իսկ վարչապետն իր աշխատակազմի կողմից «բլոկավորված» է, որի հետևանքով տեղեկություներն իրեն չեն հասնում: Չեմ ուզում մի վայրկյան անգամ մտածել, որ կարող է վարչապետը տեղեկացվում է, և լուծումն այսպիսին է: Դա բացառում եմ, վստահ եմ, որ տեղ չի հասնում: Վստահ եմ նաև, որ Էդուարդ Աղաջանյանին (վարչապետի աշխատակազմի ղեկավար-հեղ.) էլ տեղ չեն հասնում մեր զանգերն ու խնդրանքը: Ներքևի օղակներն այսօր հարցեր որոշող են, սակայն իրենց իմացության մակարդակը թույլ չի տալիս հարցը լուծեն»,- ասում է նա:
Իրավիճակի պարզաբանման նպատակով մենք գրավոր հարցումներ ենք ուղարկել ինչպես վարչապետի աշխատակազմ, այնպես էլ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:
Գլխավոր լուսանկարում՝ Լևոն Թոփուզյանը, Հայկ Ստեփանյանը և Ալբերտ Բաբայանը (ձախից)
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել