HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել

Լիբանանահայ Իշխան Ավո Ոսկերիչեանը 2016 թվականի գարնանը Լիբանանից եկել է Հայաստան՝ միայնակ: Նույն տարում կրկին գնացել է Լիբանան՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին Հայաստան տեղափոխելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2016 թ.-ի օգոստոսին արդեն ընտանիքով Հայաստանում էր:

Սկզբում Նոր Նորքում են բնակարան վարձել, ապա՝ Զովունի գյուղում: Շատ չանցած՝ տուն են գնել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Գյուղի տունը բարեկարգ չի եղել և շարունակել են վարձակալությամբ Երևանում բնակվել: Նախորդ տարի արդեն տեղափոխվել են գյուղ, քանի որ ամեն ամիս մոտ 120 դոլարին համարժեք դրամ տան վարձ են վճարել:

«Լիբանանում ոսկերչությամբ էի զբաղվում, խանութ ունեի, տեր ու տնօրենը ես էի, բայց կյանքը վատ էր: Այստեղ եմ եկել, որպեսզի երեխաները մի քիչ ուրախանան, եկել եմ այստեղ մշտական բնակության»,- «Հետք»-ի թղթակցին պատմեց Ավո Ոսկերիչեանը և շարունակեց, որ ընտանիքը Լիբանանում երկու տուն է ունեցել, խանութ, մեքենա, սակայն որոշել է հայրենադարձվել, փակել է խանութը, վաճառել մեքենան և տեղափոխվել է Հայաստան: Նախորդ տարի որոշել է տան անձնական գույքը տեղափոխել Հայաստան, սակայն խնդիրներ են առաջացել, որոնք Ավո Ոսկերիչեանին գցել են հուսահատության մեջ:

Լիբանանահայ ընտանիքի կենցաղային իրերից բաղկացած բեռը տևական ժամանակ Երևանում է, սակայն գտնվում է մաքսային պահեստում: Ընդհանուր 4 տոննա կշռող գույքը (տան կահույք, կենցաղային տեխնիկա, պահարաններ և այլն) մաքսային ծառայողները պահանջում են մաքսազերծել, որի գումարը Ոսկերիչեանի ընտանիքը չունի: Ընտանիքի հայրը նախորդ տարի կոտրվածքներ է ստացել, մի քանի ամիս բուժում ստացել, այժմ աշխատանք չունի:

«Հունվարի 15-ին Փոթիից ստացա վեշերը, բայց մինչև այսօր պահեստանոցում է Շենգավիթի: Ասեցին, որ պետք է մաքսազերծեն, բայց ես այստեղ աշխատանք չունեմ, գումարն էլ չունեմ: Ասեցին, որ 4 տոննա 100 կգ բեռը 1 կիլոգրամը 4 դոլարով 16 հազար դոլար գումար պետք է մուծես: Ես այդպես հասկացա»,- մանրամասնեց Ավո Ոսկերիչեանը:

Ծանոթացանք ՊԵԿ-ում նրա խնդրով առկա նամակագրությանը (1,2): Ոսկերիչեանը խնդրել է, որ որպես հայրենադարձի՝ իր գույքը չմաքսազերծեն: Վարչապետին դիմելուց հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նույնը ներկայացնում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյան(1,2): Նա նամակում բացատրում է, թե ինչու Ոսկերիչեանը չի կարող օգտվել մաքսազերծման արտոնությունից:

Բանն այն է, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստան մշտական բնակության ժամանող անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Նույն հոդվածի 14-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի տարածքից դուրս մշտապես բնակվող է համարվում այն անձը, որը 1 տարվա ընթացքում 184 օրվանից (6 ամիս) ավելի է բնակվել Հայաստանից դուրս: Եթե այս ժամանակացույցը անձը խախտում է, ապա չի կարող օգտվել մաքսավճարի արտոնությունից:

Ավո Ոսկերիչեանը բացատրում է, որ ինքը 2016-2018 թվականների ընթացքում չի իմացել, որ ժամանակահատվածի սահմանափակում կա: «Թող Հայաստան ժամանող սփյուռքահայերին ասեն, ԱԳՆ-ն կամ մեկ ուրիշ կառույց թուղթ տա, զգուշացնի, որ այս կետերը խախտելու դեպքում կարող եք զրկվել նման հնարավորությունից»,- ասում է Ավո Ոսկերիչեանը: Նա նաև բացատրում է, որ 2016 թվականին գնացել է Լիբանան, որպեսզի փակի խանութը, վաճառի որոշ գույք և ընտանիքին տեղափոխի: Այդ ընթացքում էլ խախտել է 6 ամիս այլ երկրում բնակվելու ժամանակացույցը: Ավո Ոսկերիչեանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է ՊԵԿ-ից նախկինում ստացած նամակների պատասխանների պատճենները:

Ավո Ոսկերիչեանը մանրամասնում է, որ նշված ժամանակահատվածում Լիբանանում 6 ամիս չէր էլ կարող մշտապես բնակվել, քանի որ Հայաստան տեղափոխված ժամանակ իր վրա շուն է հարձակվել, վիրահատության է ենթարկվել և ամիսներ շարունակ չի կարողացել տեղաշարժվել:

«Ինձ որ հրավիրեցին ՊԵԿ կոմիտեի դահլիճ, ասեցի, որ որևէ մեկ քննիչ հանձնախումբ, որևէ մեկ պատասխանատուն թող ներկայանա տունս և ասի իրավունք ունեմ չմաքսազերծելու, թե չէ: Ես հայրենադարձություն եմ արել, բայց օրենքն եմ խախտել, ես որտեղի՞ց իմանայ օրենքը, ՊԵԿ-ում ասեցի, պետական որևէ կառույց պետք է թուղթ տար, որ ենթադրենք 10 օրենքը պետք է սովորես, որպեսզի չխախտես այն, եթե ես չսովորեի և խախտեի, թող ասեին, որ ես հանցավոր եմ»,- պարզաբանում է Ավո Ոսկերիչեանը:

Հ. Գ. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության հիմնական նպատակը մեծ հայրենադարձության ծրագրի իրագործումն է, որի մասին դեռևս 2015 թ.-ին հայտարարել է այն ժամանակ ԱԺ պատգամավոր, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ (9)

Armand
Shamefull. Pay taxes for your household when you decide to live in your motherland.
Armand
Why pay customs if you decide to live in your Motherland !!!!
Preston Bagrationi
Every politician, including Pashinyan are CORRUPT and thieving. Simply DO NOT repatriate to Armenia. The heck going back. I was going to, but I changed my mind. They can continue robbing good people.
ANAHIT
Հարգելի պետական ղեկավարներ! Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այլ երկրյա Հայերին վերադառնալ Հայրենիք գիտենք ու լսել ենք բոլորս, Պարտադիր՛, դուք պիտի ընդունեք բոլոր Հայրենիք վերադարձողներին անվճար... իր ընտանիքին հանձնեք գույքը, եվ հիշեք որ Շվեյցարյայի ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ ՖՈՆԴ ԲԱՑԵՑԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ,եվ այսոր այդ ֆոնդի ղեկավարը ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է... ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԴՈՒՔ ՕՐԵՆՔԻ ՈՒ ՖՈՆԴԻ «ՈՒՍՏԱՎԻ» ՀԱՄԱՁԱՅՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՁԵՎՈՎ ՊՒՏԻ ՖՈՆԴԻՑ ՄՈՒԾԵՔ ԱՅԴ ԸՆՏԱՆԻՔԻ ԾԱԽՍԵՐԸ, որոհետեվ մենք գիտենք որ այդ ֆոնդի գլխավոր նպատակը օգնությունն է, ծախսերը ,աղքատ ընտանիքները վերադարձնելու կամ ընդունելու համար Հայրենիքում...(ամեն ընտանիքին 100000 ԱՄՆ ԴՈԼԱՐ), այդ մասին գրված է Շվեցարիայի ժամացույցի գործարանի ՄԵԾՆ ՀԱՅ, ղեկավարի ուղերձը, ովքեր բացեցին այդ ֆոնդը... ՕԳՆԵՑԵՔ ՀԱՅՈՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ! ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՈՎՔԵՐ ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ ...
Angelina Gasparyan
Ոչինչ չի փոխվել ու չէր կարող փոխվել գործող նույն համակարգում և նույն Մարրշադյանների նման չինովնիկների օրոք: Այս թալանչի համակարգում թալանել են, թալանում են ու կթալանեն: Փաշինյանը իր մեյմունություններով ու մեյմուններով տվեց անցավ բոլոր սահմանները: Նախկին սրիկա իշխանավորներին ժողովուրդը չի երբեք չի ընդունել, սրան ընդունեցին, որ նախկիններից ազատվեն. այյն էլ ընկան կրակը սրա ձեռը: :
Sevan
This should not be the way we welcome our fellow Armenians. Armenia is home and the government should be working hard to facilitate their move NOT make it harder n costlier by silly rules. Show compassion and charge a minimal flat fee for this initial entry. After all they are not loaded w riches and be thankful they are not expecting help from the govt.
Սուրեն Աբրահամյան
Երբ հեռավոր 1963-ին ներգաղթեցինք Սովետական Հայաստան, ոչ մի մաքս, ոչ մի հարկ, ոչ մի ձգձգում: Ներգաղթ կոմիտեն տունը պատրաստ, մենք բնակարանամուտ տոնեցինք : Տան ապրանքները պետությունը բերեց մինչև տուն, քաղսովետի նախագահն էլ կոնյակ բացեց ու մեզ բարի գալուստ մաղթեց: Հորս արդեն որոշել էին թե որտեղ պիտի աշխատեր ու այդ գործարանի դիրեկտորն էլ եկել էր երկաթուղային կայարան մեր ընտանիքին դիմավորելու: Մենք ոչ մեկ մոտիկ ացգական չունեինք, Մեկ շաբաթվա ուտելիք էլ տվին մինչև հարմարվենք: Այն ժամանակ էլ ժողովուրդը նեղն էր: Բայց կար պետության հոգատարություն: Հիմա պետություն չկա: Եղած Սփյուռքի նախարարությունն էլ քանդեցին: Կարծես հատուկ դա արին որ սփյուռքից մեկը հույս չկապի պետության հետ: Թաք ու բիր գալացողներն էլ հանդիպում են պետական ապարատի կոշտ, շատ կոշտ դիմադրության: Մեջբերում են թե օրենքի պահանջով են շարժվում: Բայց կա չկամություն պետական բոլոր ատյաններում: Օրենքի ոգուն հետևող պաշտոնյան զրկված յ մարդկային հատկանիշներից ու ամենափոքր իսկ խոտորումը օրենքից, մատնանշում է որ չի կարող օրենքը խաղտել:: Բացարձակ պետ պաշտոնյան ինքնուրույնությունից զրկված է: Նախորդ ռեժիմի ժամանակ գոնե այն փոքր ճեղքը որ կար օրենսդրությունում, պաշտոնյան կաշառք էր վերցնում ու գործդ առաջ էր գնում: Հիմա ամենափոքր ուղղումի համար ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ գործն է առաջ գնում:: Պաշտոնյան վախենում է գործը կորցնի բայց երկրի առաջ ծառացած խնդիրները սառեցնում են ու լուծում չկա:
Serj
Ճիշտ է, մարդը սխալ գործեր է, բայց 16000 այդքա՞ն կարեւոր ու համապատասխան է այդ սխալին որքան ընտանիքի մը հայրենիք վերաբնակեցումը... մի քիչ ողջմտութիւն, խնդրեմ:
Hayk
Եթե ՊԵԿը իրավունք ունի բացառություններ անի նման դեպքերում, ու չի անում, պետք է պաշտոնյային փոխել: Եթե ՊԵԿը այդ իրավունքը չունի, պետք է օրենքը փոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter