
Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. Հայ երիտասարդների միություն Սամվել Եղիազարյան
Սամվել Էլիբեկի Եղիազարյանը ծնվել է 1958 թ., Երեւան քաղաքում: 1979-ին ծանոթացել է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) երիտասարդական կառույցի` Հայ երիտասարդների միության անդամների հետ եւ անդամակցել այդ կազմակերպությանը: Գրել է կոմունիստական գաղափարախոսության հակամարդկային ու ապազգային բնույթը բացահայտող հոդվածներ: Ակտիվորեն մասնակցել է ՀԵՄ-ի կազմակերպչական գործունեությանը: 1980 թ. մայիսի 21-ին, ՀԽՍՀ քր. օր.-ի 222 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նրան մտացածին մեղադրանք են ներկայացնում ու, իբր, կատարած խուլիգանության համար կալանավորում: Մի քանի օրից տեղափոխում են ՊԱԿ-ի մեկուսարան ու մեղադրանք ներկայացնում 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Պերմի մարզի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում: Ապրում եւ աշխատում է Երեւանում:
Պատմում է Սամվել Եղիազարյանը
Ամեն ինչի սկիզբն իմ ընթերցասիրությունը եւ 1979 թ. Մարզպետ Հարությունյանի հետ ծանոթությունն էր: Որոշ ժամանակ իրար հետ շփվելուց հետո նա ասաց ինձ, որ կա Հայաստանի անկախության համար պայքարող «Հայ երիտասարդների միություն» կոչվող ընդհատակյա կազմակերպություն, եւ առաջարկեց անդամակցել: Կազմակերպությունը նոր էր ձեւավորվում: Ես ուրախությամբ համաձայնեցի: Սրանով էլ սկսվեց իմ ընդհատակյա գործունեությունը: Կազմակերպության ներսում շրջող մի շարք փաստաթղթեր գրված էին իմ ձեռքով, բացի դրանից` մասնակցել էի ապրիլի 24-ի կապակցությամբ սեւ դրոշների պատրաստման գործին, բայց մեր կալանավորումից հետո ինձ հետ կապված այս դրվագները քննությունն այդպես էլ բացահայտել չկարողացավ: Փաստաթղթերը գտնվում էին թաքստոցում, դրա տեղը նրանք այդպես էլ իմանալ չկարողացան, իսկ դրոշների հետ իմ առնչության մասին մեր տղաները ցուցմունք չտվեցին:
Ապրիլի 23-ի գիշերը մենք պետք է արդեն պատրաստի դրոշները կախեինք Երեւանի տեսանելի վայրերում: Նախօրոք նախատեսված տարածքներն ուսումնասիրելուց հետո, ուշ գիշերով Իշխան Մկրտչյանը վերադարձավ եւ մեզ հայտնեց, որ դրոշներ կախելու գործի մասին Պետանվտանգության կոմիտեն տեղյակ է, եւ այն վայրերում, որտեղ պետք է դրանք կախենք` մեզ ծուղակ է սպասվում: Պարզ էր, որ մեզ հետեւում էին: Կիլիկիայում գտնվող մեր կոնսպիրատիվ բնակարանից արագ ավելի ապահով թաքստոց տեղափոխեցինք մեր ողջ արխիվն ու բաժանվեցինք: ՊԱԿ-ը նախատեսել էր մեզ ձերբակալել, այսպես ասած, գործի վրա` դրոշները կախելիս: Այդ գործից հրաժարվելով, փաստորեն, մենք խառնեցինք նրանց հաշվարկները: Դա էր պատճառը, որ մեզ ավելի ուշ սկսեցին ձերբակալել մտացածին մեղադրանքներով: Օրինակ, ինձ ձերբակալեցին 222 հոդվածով` խուլիգանության համար: Մայիսի 19-ին կանչեցին Շահումյանի շրջանի միլիցիայի բաժին եւ հայտարարեցին` իբր, հասարակական վայրում ես խուլիգանական արարք եմ թույլ տվել` հայհոյել եմ անցնող-դարձողներին: Ես, իհարկե, հասկացա սադրանքի նպատակը: Բաժնից ինձ տեղափոխեցին ժամանակավոր պահման մեկուսարան: Այնտեղ պահեցին երեք-չորս օր ու տեղափոխեցին Պետանվտանգության կոմիտե: «Խուլիգանության» մասին մեկ էլ ինձ հիշեցրին, երբ իմ կալանավորումից չորս ամիս անց` օգոստոսին, որոշեցին այդ դրվագով դատապարտել ինձ:
Դատարանում, որտեղ ինձ մեկ տարի ազատազրկման դատապարտեցին, գործածս «խուլիգանության» վկաները ոստիկաններ էին: Գոնե մեկ ձեւական տուժող չէին ներկայացրել:
Մեր գործով ընթացող ողջ նախաքննության ընթացքում նկատելի էր, որ քննիչները կանխամտածված այնպես են անում, որ հնարավորինս մեծ ու ծավալուն գործ ցույց տան, որ գործը բազմահատոր լինի: Անընդհատ նույն դրվագներին էին անդրադառնում, մի յոթ-ութ տողով էջեր էին լրացնում: Նախաքննությունից հիշելու շատ բան չկա: Միապաղաղ ու անհետաքրքիր պրոցես էր: Իսկ դատավարությունը հետաքրքիր ընթացավ: Մեր դատը սկսվել է 1981 թ. մարտի 26-ին, ավարտվել` ապրիլի 9-ին: Դատարանում, մեղադրյալի աթոռին մեր խմբի հինգ անդամներով էինք նստած, բայց միասնական էինք չորսս: Ես չեմ ցանկանում ծանրանալ կոնկրետ դրվագների ու անձերի վրա: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Որեւէ մեկի դատապարտելու խնդիր չունեմ: Բայց դատարանում ՀԵՄ-ի անունից չորսով էինք հանդես գալիս: Հիշում եմ, որ Իշխանը ագրեսիվ էր, մեղադրեց խորհրդային իշխանություններին Պարույր Սեւակին սպանելու համար, հիշում եմ, որ ցուցմունքներ տալուց մեջքով կանգնեց դեպի դատարանը, հիշում եմ մեր ցավակցական նամակը Ամերիկայի ժողովրդին` նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա կատարված մահափորձի կապակցությամբ: Ցավակցական հեռագրի տեքստը գրեց Վարդան Հարությունյանը, կարդացի` ես:
Դատից հետո սկսվեց մեզ համար մի ծանր, դաժան ու երկարատեւ էտապ, որը երկու ամսից ավելի տեւեց: Էտապի ժամանակ Ռոստովի բանտում Վարդան Հարությունյանի հետ էի: Հետո բերեցին Հովհաննես Աղաբաբյանին: Բանտախցում քրեական հեղինակություններով շրջապատված օրենքով գող կար: Ինչ-որ պատճառով Վարդան Հարությունյանը վեճի բռնվեց նրանց հետ: Վտանգավոր ու լարված իրավիճակ էր: Վեճի ժամանակ Վարդանը նրանց ասաց, որ սովետներին մենք տապալելու ենք, իսկ բոլոր գողերին ու հանցագործներին ավելի խիստ ենք դատելու, քան սովետներն են դատում: Վեճն ինչ-որ կերպ հարթվեց, ու գողը Վարդանին հրավիրեց չեֆիր խմելու: Հետո տեղի ունեցավ Իշխան Մկրտչյանի փախուստը բանտից: Մենք դրանից տեղյակ չէինք: Իշխանը փախել էր հարեւան խցից: Նրա հետ Մարզպետ Հարությունյանը եւ Ալեքսանդր Մանուչարյանն էին: Ժամանակ անց մեզ կրկին էտապ տարան: Իշխանի փախուստի հետ կապված` Մարզպետին այնքան էին խոշտանգել, որ շարժվել չէր կարողանում: Ծանր վիճակում էի նաեւ ես: Ինձ մոտ ստամոքսային լուրջ խնդիրներ էին առաջացել, սոսկալի ցավեր ու սրտխառնուք ունեի: Չէի կարողանում ոչ ուտել, ոչ էլ խմել: Մենք չորսով էինք` ես, Մարզպետ Հարությունյանը, Վարդան Հարությունյանը եւ Ալեքսանդր Մանուչարյանը: Չնայած մեր ֆիզիկական տառապանքներին` ընկճված չէինք: Կարեւորը` միասին ենք:
Կալանավայրում ինձ համար հետաքրքիր է եղել: Այնտեղ շատ բան եմ սովորել: Երբ պատժաչափս մոտենում էր ավարտին, ինձ տարան պատժիչ մեկուսարան: 15 օր այնտեղ պահելուց հետո տեղափոխեցին Պերմի բանտ: Մեկ շաբաթ մնացել եմ խցում, ինչից հետո կրկին կարցեր տարան, որտեղ մնացել եմ 22 օր: Այ, այս կարցերի մասին արժե հիշել, բոլորովին նման չէր մեր իմացած պատժիչ մեկուսարաններին: Աներեւակայելի վիճակ էր. երբ մարդն ստիպված էր զուգարանակոնքից խմելու համար ջուր վերցնել, երբ երկու մետր լայնություն ու վեց մետր երկարություն ունեցող խցի ճիշտ մեջտեղում բետոնե արհեստական թումբ էր սարքած` այն նպատակով, որ մարդը չկարողանար տաքանալու նպատակով այդ վեց մետրն արագ քայլել: Ըստ դատավճռի, երկու օր առաջ ես պետք է արդեն ազատ արձակված լինեի: Աղմուկ բարձրացրեցի, ինձ տարան բանտի ղեկավարներից մեկի մոտ: Կին էր: Նա էլ հանձնարարեց, ու ձեւակերպեցին իմ ազատ արձակման փաստաթղթերը: Փաստաթղթերիս հետ միասին` ինձ տվեցին Պերմ-Ադլեր-Երեւան ինքնաթիռի տոմս: Ազգանունս փաստաթղթերիս մեջ սխալ էին գրել: Ադլերում ինքնաթիռը փոխելուց խնդիր առաջացավ: Թույլ չտվեցին ինքնաթիռ նստել: Ստիպված գնացքով եկա: Ուղեկցորդները վրացիներ էին: Երբ տեսան փաստաթղթերս ու իմացան` ով եմ եւ որտեղից եմ գալիս, առանց գումարի եւ առանց ուշադրություն դարձնելու փաստաթղթումս առկա սխալի վրա, ինձ տեղավորեցին գնացքում, ու ես Երեւան հասա:
Այստեղ ինձ անմիջապես մեկ տարով հսկողության տակ վերցրին: Մեկ անգամ մոռացել էի պահանջվող օրը ոստիկանություն ներկայանալ, այդ պատճառով 1,5 տարի հսկողության ժամկետն ավելացրին: Անիմաստ խստություններ էին ցուցաբերում: Անգամ գաղտնի եմ ամուսնացել: Ապագա կինս Երեւանից չէր, նրան բերելու համար պետք է քաղաքից դուրս գայի, իսկ թույլտվություն չունեի: Վստահ էի, որ դիմելու դեպքում մերժում եմ ստանալու: Դրանում կասկած չկար: Ստիպված խիստ կոնսպիրատիվ պայմաններում է մեր ընտանիքն իրականացրել հարս բերելու արարողությունը:
Մեկնաբանել