HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լյուդվիգ Հարությունյանը կմասնակցի Գյումրու դրամատիկականի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո, ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ կանցկացվի ապրիլի 26-ին:

Անցյալի դասերը հաշվի առնելով, չմոռանալով ոչ այնքան վաղ անցյալում՝ 2016թ-ին, տեղի ունեցած մրցույթից առաջ ծավալված դեպքերը, երբ տնօրենի պաշտոնի համար հայտ էին ներկայացրել թատերական աշխարհի հետ ընդհանրապես կապ չունեցող անձինք, իսկ թատրոնն էլ ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել հանդես գալ սեփական թեկնածուով եւ հայտնվել տհաճ իրավիճակում, այս անգամ որոշում էր ընդունվել վաղօրոք կատարել սեփական քայլը:

Թատրոնի 120 հոգուց բաղկացած անձնակազմը միաձայն որոշել է տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրել գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանին: «Երկու տարի առաջ մենք անակնկալի եկանք, երբ պարզեցինք, որ տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրածները ոչ մի կապ չունեն թատրոնի հետ, իսկ մենք էլ չունեինք մեր թեկնածուն ու անպատրաստ էինք՝ նախկին տնօրենը որոշել էր չառաջադրվել, մենք էլ ժամանակ չէինք ունեցել սեփական թեկնածուն ունենալու, մյուս կողմից էլ չէինք կարող հանդուրժել, որ թատրոն չիմացող, բացարձակ օտար մեկը հայտնվեր թատրոնի ղեկին: Այս անգամ որոշեցինք ավելի կազմակերպված ներկայանալ մրցույթին եւ ապահովել սեփական թեկնածուի մասնակցությունը հենց թատրոնի կոլեկտիվից՝ տվյալ դեպքում խոսքը գնում է իմ թեկնածության մասին»,- թատրոնի ընդլայնված ժողովի ժամանակ հայտարարեց Լյուդվիգ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշումն ընդունել են ողջ կոլեկտիվով:

Թատրոնը նուրբ օրգանիզմ է՝ այն ղեկավարելու համար պետք է լինել «ընտանիքի» անդամ: Նման կարծիք հայտնեցին ժողովի մասնակիցները՝ նկատելով, որ թատրոնի վերելքը վերջին տարիներին կապված են եղել հենց Վիրաբյան-Հարությունյան տանդեմի հետ: «Մենք շատ լավ համագործակցել ենք, երբ Վիրաբյանը պրոդյուսեր էր, ես՝ գլխավոր ռեժիսոր, նույն ձեւով աշխատել ենք, երբ Վիրաբյան Տիգրանն արդեն տնօրեն էր, ես՝ գեղարվեստական ղեկավար»,- նկատեց Լյուդվիգ Հարությունյանը:

Գյումրու դրամատիկականում չեն բացառում, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացնողներ էլի կլինեն, պարզապես նախօրոք զգուշացնում են, որ անցած անգամվա նման պատահական մարդիկ չփորձեն «խցկվել» թատրոն: Վերջին շրջանում տարբեր թատրոններում ծավալված ու ծավալվող իրադարձությունները զգուշավոր են դարձրել աճեմյանցիներին: «Մենք էլ ենք հասկանում, որ տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոններում տարբեր մարդկանց նշանակումն առավել արդյունավետ է դարձնում թատրոնի աշխատանքը, բայց սա այն դեպքում, եթե այդ երկուսը համախոհներ են ու թատրոնի զարգացումը տանում են նույն ուղղությամբ»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ հավելելով, որ եթե ինքը հաղթի մրցույթում, ապա գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար իրենք առնվազն երեք թեկնածու ունեն՝ խնդիրներ չեն առաջանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter