HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

25 մլն դրամ՝ խաչի և անվանացուցանակի համար

Արմավիրի մարզում համայնքների սկզբնամասերում խաչերի տեղադրումը համատարած բնույթ է կրում: Համայնքապետերը խաչերի տեղադրման գումարները տրամադրում են հենց համայնքային բյուջեից: Որոշ համայնքներում էլ խաչեր տեղադրում են գյուղում ծնված, բայց այլ վայրերում բնակվող գործարարները:

Մարզի Սարդարապատ համայնքի մուտքի հատվածում վեր է խոյանում մետաղական կառուցվածքով 19 մետրանոց խաչը և լուսադիոդային լուսավորությամբ 12 մետրանոց «Սարդարապատ» անվանացուցանակը: Այս ամենի համար համայնքային բյուջեից ծախսվել է 25 մլն դրամ:

Խաչը կանգնեցվել է Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակի առիթով:

«Հաշվի առնելով, որ այդ տարելիցը բոլոր սարդարապատցիների համար նվիրական էր, ուստի համայնքի ավագանու և ազգաբնակչության հետ միասին որոշեցինք արժանավայել ներկայանալ այդ տարելիցին, և այդ կապակցությամբ որոշվեց համայնքի մուտքի հատվածում կառուցել մետաղական կոնստրուկցիայով խաչ և օրգանական ապակիներով լուսադիոդային լուսավորությամբ «Սարդարապատ» անվանումը տառերով»,- հիմնավորում է Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը:

Խաչի օրհնման և բացման տոնական միջոցառումը տեղի է ունեցել 2018թ. մայիսի 26-ին, որն ուղեկցվել է գյուղի եկեղեցու բակում մատաղի արարողությամբ և ճաշկերույթով: Խաչի տեղադրումը՝ որպես «ձեռքբերում», նշված է նաև համայնքապետի 2018թ. հաշվետվության մեջ:

Նշենք, որ Սարդարապատ գյուղում բազմաթիվ չլուծված հարցեր կան, որոնց համար այդպես էլ համայնքային բյուջեից գումար չի գտնվում: Օրինակ, կապիտալ վերանորոգման կարիք ունի մանկապարտեզը, ոռոգման ցանցը և այլն: Ավելին, դեռևս 2018թ. ապրիլի 26-ին Սարդարապատի ավագանին տվել է համաձայնություն, որ համայնքը գյուղի մանկապարտեզի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված շինարարական աշխատանքներ կատարելու համար մինչև 35 մլն դրամի չափով վարկ ստանա «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից:            

Մարզի Մայիսյան գյուղի սկզբնամասում ևս խաչ է տեղադրվել: Իհարկե, այս գյուղում խաչը 19 մետրանոց չէ, սակայն, ունի քարե պատվանդան, իսկ գիշերային ժամերին լուսավորվում է:

«Ամբողջ հանրապետությունում ամեն գյուղ իր սկզբնամասում խաչ էր տեղադրում: Դե, նկատելով, որ դա բոլորի համար ընդունելի կարգ է՝ մեր գյուղում էլ չկա այդ խաչը, ավագանու նիստով որոշեցինք խաչը տեղադրել»,- ասում է Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանը:

Խաչի տեղադրման նպատակով համայնքային բյուջեից ծախսվել է 950.000 դրամ, որի մեջ մտել է նաև լուսավորության համար 800 մետրից էլեկտրաէներգիայի մալուխների անցկացումը: Երկաթից պատրաստված խաչի գինը կազմել է 700 հազար դրամ:

Մայիսյանը նույնպես բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց համար գումար այդպես էլ չի տրամադրվումհամայնքային բյուջեից: Քարուքանդ վիճակում են համայնքի ճանապարհները, կիսավեր վիճակում է համայնքային մանկապարտեզը և այլն:

Լուսագյուղ համայնքում ևս խաչ է տեղադրվել, սակայն, համայնքապետ Սարիբեկ Կարապետյանի խոսքերով՝ խաչը տեղադրել է գյուղի բնակիչներից մեկը, ով Ամերիկայում է ապրում: Խաչը տեղադրված է միջպետական նշանակության ճանապարհի հարևանությամբ: Ս. Կարապետյանի խոսքով, քանի որ այդ տարածքում հենց խաչ պիտի դրվեր, իրենք մերժել չէին կարող և թույլատրել են, որ քաղաքացին իր միջոցներով այն տեղադրի:

«Համայնքային ոչ մի միջոց չենք ծախսել, ամբողջովին քաղաքացու կողմից է պատրաստվել խաչն ու տեղադրվել: Մենք միայն մասնակցել ենք բացման արարողությանը»,- ասում է Սարիբեկ Կարապետյանը:

Մեկնաբանություններ (4)

gohar
Ի պատասխան https://allinnet.info/people/daniel-decker-i-am-armenian/?fbclid=IwAR2B_OypHWb_aHyq6yhZc6shVmbUYCB9Eu5ksDKSSZBHLLRdgkD3xVtyAIo
HAGOP
WHAT A COMPLETE WASTE OF MONEY!!!!!! SPEND THE MONEY ON IMPROVING HOMES, SCHOOLS, COMMUNITY CENTERS!!!!! YOU DON'T NEED TO BUILD A CROSS TO BELIEVE IN GOD!!!!!!! GOD IS WITH YOU AND HE IS EVERYWHERE!!!!!! ARMENIANS NEED TO WAKE UP!!!!!!!
լյուդմիլա
Խաչը նյութականացրել եք եվ մրցակցության առարկա սարքել:Ապարանի բիզ-բիզ խաչից էի վատանում,հիմա էլ հիվանդության նման բան եք սարքել:Հավատ ունեցեք ձեր ներսի տաճարում,հեռու մնացեք ցուցամոլությունից:
Մինասյան
Այս ամենը խոսում է այն մասին, որ ոչ համայքապետերն են պատկերացնում իրենց իսկական պարտականությունները և ոչ էլ, առավելևս եկեղեցին.ցավալի է.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter