
Նիկոլ Փաշինյանը եկավ դատարան. նա Արթուր Այվազյանի՝ Մանախի գործով վկա է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանում է: Նա եկել է Արթուր Այվազյանի` Մանախի գործով դատարանում վկայություն տալու:
Նշենք, որ խոսքը «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված գործի մասին է:
Նիկոլ Փաշինյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու անհրաժեշտություն դատախազությունը տեսել է դեռ այն ժամանակ, երբ նա Հայաստանի վարչապետը չէր:
Նշենք, որ ըստ մեղադրանքի` Արթուր Այվազյանը 2017 թվականի մարտի 31-ին` ժամը 22:40-ի սահմաններում, Անդրանիկի փող. 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:
Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):
Մեկնաբանել