HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տվեց Արթուր Այվազյանի՝ Մանախի գործով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դատարանում ցուցմունք տվեց Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի գործով:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը մեղադրյալ է 2017 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 31-ին, «Ելք» դաշինքի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի գործով: Այս գործով տուժողը Հայկ Սարգսյանն է, որն այժմ պատգամավոր է:

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ Հայկ Սարգսյանը 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ելք»-ի նախընտրական շտաբի պետն է եղել: Նրա հետ ընկերական հարաբերություններ է ունեցել միջադեպից առաջ և հետո: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արթուր Այվազյանին, ապա, Փաշինյանի խոսքով, նրան առաջին անգամ է հանդիպում, բայց երբ պատգամավոր է եղել, նրանից նամակներ է ստացել:

«2017-ի մարտի 31-ին՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը, ես տանն էի, երևի երեկոյան ժամը 10-ի կողմերն էր, ինձ զանգեց, կարծես, Ալեն Սիմոնյանն ու ասաց, որ մեր տղաների վրա հարձակում է տեղի ունեցել: Ինձ զանգեցին, ես էլ ասացի, որ անմիջապես այդ տարածքից հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ: Ես մտածում էի, որ գուցե ավելի մեծ մի բան է, և ցանկացա, որ մեր տղաներն էնտեղից դուրս գան: Անմիջապես դուրս եկա տանից ու գնացի նախընտրական շտաբ»,- պատմեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ ինքն այդ օրերին շարժական շտաբ է ունեցել՝ «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, երբ մոտեցել է դրան, տեսել է, որ իր նկարի վրա ներկ է փչած:

«Ինձ պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա, երբ նկատել են ներկվածը, հարցրել են՝ ո՞ւր է դրոշը: Մի քանի քաղաքացիներ են եղել այնտեղ կանգնած, նրանցից մեկն ասել է՝ ես եմ տարել: Ասել են՝ ի՞նչ իրավունք ունեք էս դրոշն օգտագործել, խոսքը ՀՀ պետական դրոշի մասին է: Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, մեր տղաները հետ են պահանջել դրոշը, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացիներից մեկը, կամ քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին: Բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել է, փորձել է թույլ չտալ, որ հետագա հարվածներ տեղի ունենան, այդ պրոցեսի ընթացքում մի անձ հանել է զենքը, պահել Հայկի վրա, ներկաներից մեկն արագ արձագանքել է, խփել նրա ձեռքին, զենքը ընկել է, հետագայում դեպքի վայրից հեռացել են: Դրանից հետո ես իմացել եմ, որ զենքը իրենց մոտ է, ասել եմ՝ ցույց տվեք, ես այդ զենքը տեսել եմ, վերցրել եմ, անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, պատմել, թե ինչ է տեղի ունեցել, ուղիղ եթեր եմ մտել ֆեյսբուքի իմ էջում, ցուցադրել զենքը»,- պատմեց Փաշինյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայկ Սարգսյանը հրաժարվել է, որ իրեն ուղիղ եթերում ցույց տան, որովհետև վրան ակնհայտ վնասվածքներ են եղել: Փաշինյանը հստակ չհիշեց, թե հետագայում ինչպես է զենքը հանձնել ոստիկանությանը, նշեց, որ եթե չի սխալվում, ոստիկանությունը կարծես այդպես էլ չի գնացել ահազանգի հասցեով, և ինքն է գնացել ոստիկանության բաժին ու հանձնել զենքը:

«Ինձ ասացին, որ այդ ակտիվ անձի մասին խոսելիս օգտագործվել է «Մանախ» անունը»,- ի պատասխան մեղադրող դատախազի հարցի՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց նաև, որ զենքի մեջ մարտական փամփուշտներ են եղել: Հարցին՝ ինչպես է տեսել, որ մարտական փամփուշտներ են եղել, Փաշինյանը պատասխանեց, որ թմբուկավոր ատրճանակ է եղել, ինքն ուղիղ եթերում ցույց է տվել:

«Եթե փողի կողմից նայում ենք թմբուկի անցքերի մեջ, երևում է, որ գնդակավոր փամփուշտ է: Ոչ մարտական փամփուշտը այլ կերպ է լինում»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այս գործով նախաքննությունն իրականացրել է քննիչ Սուրեն Նավոյանը:

Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցրեց Նավոյանի հետ Փաշինյանի հարաբերությունների մասին:

«Քննիչ Նավոյանի հետ այդ գործի շրջանակներում այլ հարաբերություն չեմ ունեցել, միայն հիշում եմ, որ 2018-ի իրադարձությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, Նավոյանը իրավապահ համակարգի այն աշխատակիցներից էր, որոնք աջակցություն էին հայտնել Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությանը: Մինչև նախաքննությունը շփում չեմ ունեցել, նախաքննությունից հետո, հնարավոր է՝ զանգ եղած լինի, և հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ալումյանը պարզաբանեց, որ քննիչի վերաբերմունքը վկայի նկատմամբ կարող է քննիչի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք հանդիսանալ:

«Հանրապետության հրապարակում եղել են տասնյակ քննիչներ, ոստիկաններ, չեմ բացառում, որ եղել են նաև դատավորներ, պաշտպաններ, մեղադրյալներ և այլն: Հիմա դա ներկայացնել որպես մեր քաղաքական ուժի հետ ընկալվող իրադարձություն, ճիշտ ընկալում չէ: Ես չեմ հիշում՝ Նավոյանն ինչ ասաց, կարծես ասաց՝ դիմում եմ գրել, աշխատանքից դուրս եմ եկել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Ալումյանը հետաքրքրվեց՝ արդյոք Փաշինյանը տեղյա՞կ է, որ երբ Արթուր Այվազյանի շորերն առգրավվել են, որևէ բան չի արձանագրվել, բայց երբ դրանք հայտնվել են փորձագետի մոտ, պարզվել է, որ բազմաթիվ փամփուշներ են առկա շորերի մեջ:

«Պիտի տեղյա՞կ լինեի նման բանից. վստահ չեմ, որ տեղյակ եմ այդ մանրամասներից»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը և նրա հարցաքննությունն ավարտվեց:

Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter