HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ի տարբերություն Տոնոյանի հայտարարության՝ Ալիևի հայտարարությունները կրում են ռիսկային տարրեր»

«Հետքի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը

-Պարոն Վերանյան, մի քանի օր է՝ քննարկվում է մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը՝ հաշվի առնելով երկու կողմերի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները:

-Նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, որ դա Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո։ Այդ տեսանկյունից հանդիպումն ուներ ճանաչողական նշանակություն, ինչը շատ կարևոր էր՝ հետագա բանակցություններին կողմերի դիրքորոշումների, մոտեցումների հստակեցման առումով։ Ուստի, տրամաբանորեն պետք չէր ունենալ մեծ ակնկալիքներ, որ հանդիպումը առարկայական արդյունքներ էր տալու։ Դատելով կողմերի, Մինսկի խմբի համանախագահների արձագանքներից՝ հանդիպումը կարող ենք գնահատել դրական, ի վերջո, դա առաջին ճանաչողական հանդիպումն էր, և չէր բացառվում, որ լինեին նաև խնդիրներ։ Հանդիպումը դրական էր նաև այն համատեքստում, որ կարող է ձևավորել դրական քաղաքական նախադրյալներ՝ հետագա բանակցություններին արդյունավետություն հաղորդելու համար։

-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպեց «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Նման կարծր դիրքորոշում վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների կողմից չի նկատվել: Ինչո՞վ պետք է պայմանավորել սա:

-Ըստ իս՝ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը քաղաքական էր և չպետք է դիտարկել Արցախյան հակամարտության կարգավորման ընթացիկ միտումների և, մասնավորապես, բանակցային գործընթացի համատեքստից դուրս։ Կարծում եմ, որ պաշտպանության նախարարի հնչեցրած ձևակերպումը լիովին տեղավորվում է Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի կառուցողական դիրքորոշման դաշտում։ Այն է՝ հայկական կողմը շարունակում է հակամարտության լուծումը տեսնել խաղաղության և փոխզիջումների միջոցով։ Մյուս կողմից, սակայն, հայկական կողմը հստակ ուղերձ է ուղարկում, որ Ալիևի հնարավոր արկածախնդրությունը, ինչպես դա եղավ 2016 թ. ապրիլին, անհամեմատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար։ Այդ իմաստով հայտարարությունը զսպման, կանխարգելման կոչ է, որը խոշոր հաշվով ուղղված է հակամարտության շփման գծում կայունության պահպանմանը։

-Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է Տոնոյանի հայտարարությանը: Բաքուն, ըստ էության, անհանգստացած է ուժային կառույցի ղեկավարի նման հայտարարությամբ, գումարած դրան, որ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե պաշտոնանկ կաներ Տոնոյանին, եթե այլ բան ասեր: Առկա իրավիճակն ի՞նչ զարգացումներ կունենա՝ ըստ Ձեզ:

-Կարծում եմ, որ հնչած հայտարարությունները անհրաժեշտ է դիտարկել քաղաքական հարթությունում և, մասնավորաբար, բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումների, մոտեցումների հարաբերման ու ճշգրտման համատեքստում։ Հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում և այդ առումով օրինաչափ են ճանաչողական առաջին հանդիպման ֆոնին կամ դրան հաջորդող փուլի համար։

-Միաժամանակ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Սա նույնպե՞ս համարում եք քաղաքական նպատակով արված հայտարարություն: Արդյոք այն ուղղված է ներքին լսարանին:

-Հայտարարությունն, անշուշտ, ունի քարոզչական նշանակություն՝ ուղղված Ադրբեջանի ներքին լսարանին: Միևնույն ժամանակ, սակայն, նման հայտարարությունները չպետք է պայմանավորել զուտ ներքին լսարանի հանգամանքով: Իհարկե, այդ հայտարարություններում կան հստակ ռիսկեր և սպառնալիքներ: Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչությունը շարունակում է մնալ նույն մակարդակի վրա, և, ըստ էության, ժամանակի ընթացքում այդ հարցում փոփոխություններ չկան:

Ի տարբերություն Տոնոյանի հայտարարության, որտեղ ակնհայտ են ուղերձների պաշտպանական-զսպող բնույթը, Ալիևի այս և նախորդ հայտարարությունները կրում են անվտանգության տեսանկյունից ռիսկային տարրեր: Եվ ոչ միայն հայտարարությունները. վերջին տարիներին Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ դիրքորոշումը կայուն կերպով դրսևորվել է հայ-ադրբեջանական, արցախաադրբեջանական շփման գծում: Հայկական կողմի խնդիրն է պահպանել կայունություն ու պայմանական խաղաղություն զսպման միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter