HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կոնստանտին Օրբելյանը չի պատրաստվում թողնել թատրոնը եւ որեւէ մեկից «նեղացած չէ»

«Հիմա ինչ-որ անորոշություն է կատարվում, չգիտես, թե ինչու Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես լեգիտիմ չեմ եղել։ Այդ մասին հայտնել է Մշակույթի նախարարությունը վերջին 8-9 ամիսներին, սակայն դա իմ հարցը չէ։ Ինձ նշանակել է Մշակույթի նախարարությունը, ուրեմն ոչ լեգիտիմ է եղել այդ որոշումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ ավելացնելով, որ կնքված պայմանագիրն օրինական է եղել, այլ հարց է, եթե իշխանությունը դա լեգիտիմ չի համարել։

Հանդիպման ընթացքում քննարկվում էր Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցը, ինչպես նաեւ հեռացման հիմքերը։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը 2019թ.-ի մարտի 29-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանին ազատել է թատրոնի տնօրենի պաշտոնից։ Ազատման հիմքում դրված է այն, որ Օրբելյանը 2017 թվականի օգոստոսի 2-ին, առանց մրցույթի, թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո էլ շարունակել է համատեղությամբ զբաղեցնել գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը։ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 53-րդ կետի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»: Կ. Օրբելյանի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակումն իրականացվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի և մշակույթի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի N 778-Ա հրամանով հաստատված կազմակերպության կանոնադրության պահանջների խախտմամբ»,- գրված է ազատման հիմքում:

Կ. Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով չեղարկել Նազենի Ղարիբյանի որոշումը, որից հետո հանդիպել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս ներկայացրել է Օրբելյանի նշանակման վերաբերյալ արդարադատության նախարարության արված արձանագրումը՝ «Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով», անդրադարձել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի գործուղումներին եւ թատրոնում իրականացված ֆինանսական խախտումներին, հանդիպման վերջում հայտնել է. «Նախապես ասեմ, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի»:

Այսօրվա հանդիպման ժամանակ Կ. Օրբելյանն ասաց, որ որեւէ մեկին չի խնդրել իրեն նշանակել տնօրենի պաշտպոնում եւ իր կյանքի նպատակը չի եղել։

«Ես չեմ խնդրել, որ նշանակեն այդ պաշտոնին, սա իմ կյանքի նպատակը չի եղել։ Եթե սխալ է եղել, ինչու էին այդքան սպասում՝ մոտ 10 ամիս, միանգամից կազատեին։ Նրանք սպասում էին, որ ես դուրս գամ»,- նշեց Կ. Օրբելյանը՝ հավելելով, որ իր ազատման մասին որոշումը լավ փիառ քայլ եղավ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի համար։ Իսկ Ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրված 92 մլն դրամի խախտումների վերաբերյալ նշեց, որ եղել է մինչեւ իր տնօրեն նշանակվելը։ «Ես տնօրենի պաշտոնը զբաղեցրի 2017-ի փետրվարին, դեկտեմբեր ամսին արդեն իսկ թատրոնում աուդիտ էր անցկացվում, եւ խախտումներ էր արձանագրվել։ Ես որեւէ կապ չունեմ այդ պարտքերի հետ, որոնց մասին խոսում են։ Մենք մարում ենք նախորդ ղեկավարությունից ժառանգած պարտքերը»։

Հայաստանից իր բացակայությունների վերաբերյալ Օրբելյանն ասաց, որ դրանք եղել են աշխատանքային այցերի շրջանակում, եւ ինքը ոչ մի օր, առանց նախարարի հրամանի, այլ երկիր չի գնացել։

Ըստ նրա՝ իրավաբանները նայում են փաստաթղթերը, որոնք ներկայացվել են նաեւ վարչապետին։

«Ինչ-որ մեկը սխալ ինֆորմացիա է տալիս։ Այստեղ ամեն ինչ չի ներկայացվել այնպես, ինչպես որ կա։ Ես պետք է զբաղվեմ թատրոնով եւ անեմ իմ պարտքը։ Ես չեմ ուզում այդ ամենը թողնել, գնալ։ Ես ոչ մեկից չեմ նեղանում, ես գիտեմ ՝ ինչ-որ բան սխալ է գնում, թող իրավական ձեւով դա լուծվի»,- եզրափակելով խոսքը՝ նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter