
«Պարոն Քոչարյանի դեմ առանձնապես ցուցմունք տվող չկա»,- ասում է պաշտպանը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ բողոքների գործով դատական նիստն այսօր ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը՝ ապրիլի 5-ին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինիս խոսքով՝ այսօրվա նիստի ընթացքում ներկայացրել է իի բողոքի 40 %-ը:
Ապրիլի 6-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու` նախաքննական մարմնի տրամադրած ժամկետը: Պաշտպանները նախկինում բարձրաձայնել են այն մասին, որ տրամադրված ժամկետը բավարար չէ ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար: Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք քննիչի որոշումը բողոքարկել են դատախազություն, սակայն բողոքը մերժվել է: Ըստ պաշտպանի՝ ամենայն հավանականությամբ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը մերժման մասին որոշումը բողոքարկել է դատարան:
Լրագրողի հարցին՝ արդյոք գործի նյութերում առկա՞ են շոկային դրվագներ, ինչպես ասում է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, Ալումյանը պատասխանեց, որ գործում չկան այնպիսի հանգամանքներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չի եղել: «Բայց, երբ ես տեսնում եմ սպանվածի վերաբերյալ փորձագիտական.եզրակացություն, դա, իկարկե, շոկային է»,- ասաց պրն. Ալումյանը:
Հարցին՝ գործում Քոչարյանի դեմ անսպասելի ցուցմունքներ կա՞ն, Ալումյանը պատասխանեց, որ պարոն Քոչարյանի դեմ առանձնապես ցուցմունք տվող չկա:
Մեկնաբանել