
ՀԲ-ն փոքր-ինչ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ դարձնելով 4.2%
Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր կանխատեսմամբ՝ 2019 թվականի տարեկան արդյունքներով Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.2%: Այս ցուցանիշը նշված է այսօր ՀԲ-ի հրապարակած «ԵԿԱ տնտեսական ամփոփում» զեկույցում, որտեղ կանխատեսումներ ու ամփոփումներ են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսությունների վերաբերյալ։
2020 թվականին, ըստ ՀԲ-ի, Հայաստանի տնտեսությունը կաճը 4.9%-ով, իսկ 2021 թվականին՝ 5.2%-ով։
Համաշխարհային բանկը պարբերաբար հրապարակվող զեկույցներում, հաշվի առնելով տվյալ երկրի տնտեսական գործընթացներն ու գրանցած ցուցանիշները, թարմացնում է կանխատեսումները։ Այս տարվա հունվարին հրապարակված զեկույցում կառույցը Հայաստանի համար կանխատեսել էր 4.3% տնտեսական աճ։ Այսինքն՝ այս անգամ 2019 թվականի համար կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը ՀԲ-ն նվազեցրել է 0.1 տոկոսային կետով։
Փոխարենը բարձրացրել է 2020-ի և 2021 թվականների կանխատեսումները՝ համապատասխանաբար 0.3 և 0.6 տոկոսային կետերով։
Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի կառավարությունը ներկայում առանցքային բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն ունի, որոնք պետք է կատարվեն կառավարման ոլորտում և բիզնես միջավայրում։ Դա կխթանի նաև աշխատատեղերի ստեղծումն ու նոր ներդրումներ ներգրավելու հիմք կարող է լինել, որոնք իրենց հերթին սոցիալական խնդիրներ կլուծեն։
Հայաստանում տնտեսական աճը` համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հավելաճը, 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, կազմել է 5.2 %։ ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրն ու ծառայությունները, որոնք էլ հիմնականում ապահովում են տնտեսական աճը։
Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեով կանխատեսվել է 4.9% տնտեսական աճ։ Այսինքն՝ Հայաստանի տնտեսական աճի հարցում մեր կառավարությունն ավելի լավատես է, քան Համաշխարհային բանկը։ Նախորդ տարիների կանխատեսումներում ևս շատ են եղել դեպքերը, երբ Կառավարությունն ավելի բարձր աճ է կանխատեսել, քան համաշխարհային բանկը։
2018 թվականին տնտեսական աճը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում թուլացել է
Ըստ Համաշխարհային բանկի՝ 2018 թվականին տնտեսական աճը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում կրճատվել է մինչև 3.1%, ընդ որում՝ այսօր հրապարակված «ԵԿԱ տնտեսական ամփոփման» համաձայն` համաշխարհային տնտեսության աճի հապաղման և անորոշ հեռանկարների պայմաններում 2019 թվականին կանխատեսվում է մինչև 2.1% հետագա անկում:
«Տարածաշրջանի երկրներում աճի տեմպերը տարբեր են: Տարածաշրջանի խոշորագույն տնտեսության՝ Ռուսաստանի ավելի բարձր ՀՆԱ-ի կանխատեսումը, Ալբանիայում, Հունգարիայում, Լեհաստանում և Սերբիայում աճի արագացման հետ մեկտեղ էապես նպաստեցին տարածաշրջանի տնտեսական աճին: Միևնույն ժամանակ, ֆինանսական շուկայի և արժութային ճնշումների հետևանքով Թուրքիայում արձանագրվեց լուրջ տնտեսական անկում, ընդ որում 2019 թվականին կանխատեսվում է ընդամենը 1% տնտեսական աճ, որը 2017 թվականի 7.4% -ի համեմատ աննախադեպ մեծ անկում է»,- նկատում են Համաշխարհային բանկի մասնագետները:
Միևնույն ժամանակ, 2020-2021 թվականներին տարածաշրջանում ակնկալվում է չափավոր աճ, քանի որ Թուրքիայում սպասվող տնտեսության աստիճանական վերականգնումը կչեզոքացնի Կենտրոնական Եվրոպայում տնտեսական զարգացման դանդաղեցումը: Այնուամենայնիվ, տարածաշրջանի երկարատև մարտահրավերները դեռևս չափազանց մեծ են:
Մեկնաբանել