HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Կարեն Ավետիսյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում մշակութային լրագրող, կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն է։

Կարեն Ավետիսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Երկատվածության ուժեղ զգացում ունեմ եւ դրանից է, որ երրորդ դեմքով խոսելն այդքան էլ բարդ չէխոսում եմ ոչ թե նրա, այլ նրանց մասին։ Ով հիմա խոսում է, ոնց որ երկու երեխաների ծնող լինի, որոնց բաց է թողել կյանք, ու այդ երկուսը շատ տարբեր ուղղություններով առաջ են ընթանում․․․

Նրանք խիստ տարբեր են իրարիցեթե օրինակ մեկը մելանխոլիկ է, ուրեմն մյուսը սանգվինիկ է, մեկը «քյառթու» է, մյուսը՝ հիփսթեր,  մեկը սիրում է ակումբներ, էլեկտրոնային երաժշտություն, մյուսն, օրինակ, գնում է Տերտերյան լսելու․․․ Մեկը սիրում է ուշադրության կենտրոնում լինել, մյուսը՝ սեղանի ծայրին նստել ու կողքից նայել ընթացքին, մեկը սիրում է խոսեցնել ու լսել մարդուն, մյուսը սիրում է գտնել մեկին ու պատմել։

․․․ Եվ քանի որ չի ստացվել նրանց մեկտեղել, ինքը շարունակում է հետեւողի դերում մնալ։ Երկուսն էլ չգիտեն՝ ուր են գնում, չնայած որ նավակը թիավարելով առաջ են մղվում, հունի հետ հարաբերության մեջ են, բայց չունեն ընդհանուր ընթացքի վեկտորը։

Միակ լավ բանն այն է, որ հանդուրժում են իրար, չնայած որ տարբեր դիրքերում ենայսինքն կա ներդաշնակություն, որը երջանկացնում է, ինչպես մարդու եւ աշխարհի միջեւ ստեղծված ներդաշնակությունը կարող է երջանկացնել։

Շատ կուզեի՝ երեքով նստեինք մի սեղանի շուրջ, բայց այդ երկուսը դեռ շատ ակտիվ են, ես էլ չեմ ուզում իրենց հրավիրել ընդհանուր սեղանին։ Եթե նույնիսկ չստացվի այդ եռակողմ հանդիպումը, այս մեկը՝ որպես ծնող, աշխարհում թերեւս միակը կլինի, որ կցանկանա երեխաներից երկար ապրել, որպեսզի մեկտեղվի, դառնա ընդհանուր։ Ի վերջո պարզ չի դեռ, թե որ մեկը մյուսի կորուստի կրողը կլինի։

Սրանից ուղիղ մեկ տարի առաջ մի անդրադարձ էիր գրել, որն այսօր առավոտյան նորից կարդացել եմ։ Խոսքը «Ինչպես Մարկեսը լռեցրեց Վայնշտայնին, եւ «Հարյուր տարվա մենությունը» սերիալ չդարձավ» տեքստի մասին է։ Նեթֆլիքսը մեկ ամիս առաջ Մարկեսի որդիներից ստացավ վիպական նյութը էկրանավորելու իրավունքը։

Որպես մեդիատեքստի հեղինակ, ով կանխատեսում էր գաղափարի իրագործման կինոմատոգրաֆիկ ու մշակութաբանական ֆենոմենի ի հայտ գալը, այսօր ինչպե՞ս ես վերաբերում տեքստիդ, ինչպե՞ս ես գնահատում նման զարգացումները։

Տես՝ Մարկեսը կեսկատակ կոնցեպտ էր առաջ քաշումնա համաձայն էր վիպական նյութի էկրանավորման այն տարբերակին, որը ենթադրում էր 100 սերիա, իսկ սերիաների ցուցադրությունը տարեկան մեկ անգամ հաճախականությամբ։ Ստացվում է՝ միայն հաջորդ դարի մարդը կկարողանար տեսնել ամբողջական ֆիլմը։

Սա Մարկեսի ու հավերժության հարաբերության կոնցեպտն է, իսկ Նեթֆլիքսն, ինչպես եւ Վայնշտայնը, իրեն նման բան, բնականաբար թույլ տալ չի կարող, որովհետեւ հարաբերության մեջ է օրվա հետ, բացի այդ արվեստային ակնկալիքներից զատ ունի նաեւ առաջնահերթ կոմերցիոն ակնկալիքը։

Հիմա այն, ինչ իրականացվելու է, այնքան էլ չի համապատասխանելու Մարկեսի ցանկությանը, չնայած որ իրավահաջորդները՝ որդիները նախապայմաններ են դրել։ Վստահ եմ գրեթե, որ Մարկեսը շարունակելու էր դեմ գնալ էկրանավորման այս տարբերակին։

Ամեն դեպքում կարեւոր է, որ ֆիլմի իսպաանալեզու լինելու պայմանն իրագործելի է, քանի որ Նեթֆլիքսը «սովորեցրել» է, որ իսպանալեզու ֆիլմն էլ կարող է հաջող կոմերցիոն ընթացք ունենալ։

Ինչ վերաբերում է իմ տեքստին, ապա կանխատեսումներ վախենում եմ անել, քանի որ տատանվող եմ, վերջնական ձեւակերպումներ տալ չեմ սիրում, հստակ կարծիք արտահայտելու վախը մշտական է, երբ այն պիտի պնդման կամ եզրակացության հանգի։

Բայց սյունակագիր ես, գրում ես տեքստեր, որոնք հստակ վերաբերմունք ու կարծիք են արտահայտում այս կամ այն երեւույթի, իրավիճակի կամ իրողության վերաբերյալ։ Բարդ չի՞։

Բարդ է եւ միեւնույն ժամանակ բարդ չի այնքանով, որ սյունակում  արտահայտում եմ կարծիքս, մյուս կողմից այդ կարծիքին հակադրվող տեսակետն է առաջ գալիս։ Այս հակասությունը իմ մեջ եղած բախումների, տարբերակումների արդյունքն է։ Իրականում թերությունն այն է, որ տեքստը հաճախ կոմպրոմիսային է դառնում դիմացինը կարդում է, թվում է՝ եւ այս, եւ մյուս կողմից բավարար լավ ես արտահայտվել, բայց վերջնական տեսակետը չի կարողանում ըմբռնել, որովհետեւ վերջնական պնդում որպես այդպիսին չես էլ արել։

Հա՛, ես դոգմատիկ վախ ունեմ եւ իմ պնդումների, եւ ուրիշների պնդումների հետ կապված, որովհետեւ շատ հազվադեպ է պատահում հստակ ձեւակերպում տալ, հստակ եզրակացության գալ, միշտ կա երկրորդ, երրորդ հակասող պնդումը, կարծիքը, փաստը։

Լավ, այդ դեպքում ինչպե՞ս ես կանոնակարգում բախումը։ Տես՝ մի կողմից Կարեն Ավետիսյանն է, որ հանդես է գալիս քննադատական տեքստով, միեւնույն ժամանակ այդ Կարենը նաեւ ծրագրեր է համակարգում։

Կարճ ասած՝ գրում ես «Երազ իմ երկիր Ծիրանի» վերնագրով քննադատական տեքստը, որ վերաբերում է 2017 թվականի «Ոսկե ծիրան» կինոփառատոնից անհասկանալի պատճառներով դուրս մնացած Ուրեի «Ծիրանի այգիները» եւ ԳՂազարէի «Լսիր ինձ» ֆիլմերին, մյուս կողմից արդեն ստանձնել ես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրենի պատասխանատվությունը։

Նշածդ անդրադարձը վերաբերում էր դիսկրիմինացիայինես կարծում եմ, ինչպես այն ժամանակ էլ դեռ նշել եմ, որ ֆիլմի ընտրության հարցում լայն իմաստով կարեւորվում է գեղարվեստական կողմը, ոչ թե թեմատիկ բնույթի առանձնահատկությունը։

Հիշում ես երեւի, որ երկու ֆիլմերի դեպքում էլ առաջ էր եկել թեմատիկ հարցը, որը կապ ուներ օրիենտացիայի եւ պրոպագանդայի հետ։ Այն ժամանակ բարդ էր այս հարցի շուրջ խոսել, որովհետեւ մինչեւ վերջ պարզ չէր, թե հիմնավորված ինչ պատճառով ֆիլմերը դուրս մնացին ցուցադրությունից՝ զուտ տեխնիկական, թե…

Հիմա դու այդպիսի իրավիճակների պատասխանատուն ես։

Հա ու վստահ եմ, որ նման բան պետք է չլինի։ Եթե գործողությունս կախված է լինելու ինչ-ինչ գործոններից կամ ճնշումների փորձերից (ինչը նոր Հայաստանում պետք է անընդունելի լինի), համոզված եմ՝ ինձ հակասող որոշման չեմ գնա, այլապես ուղղակի ինքս ինձ չեմ հարգի։

Նորից եմ կրկնում, որ թեմայի ազատությունը փառատոնային ծրագրերի համար թիվ մեկ առաջնահերթությունն է, ու այս իմաստով ես փոխզիջման գնալ չեմ կարող։

Ե՞րբ կարելի է մերժել ֆիլմը։ Որո՞նք են նախապայմանները։

Կինոն կարելի է մերժել միայն արվեստային ու գեղարվեստական բաղակացուցիչները հաշվի առնելով։ Իհարկե կա կինոյի էթիկական կողմը նույնպես, բայց այն, կարծում եմ, այնքան էլ աղերս չունի այն հարցերի հետ, որոնք մենք քննարում ենք այս երկու ֆիլմերի հետ կապված։

Կան ֆաշիզմ, մանկապղծություն պրոպագանդող ֆիլմեր, որոնք կարելի է բառիս բուն իմաստով դիտարկել այդ պրոպագանդայի կոնտեքստում, բայց նույնպիսի հայացքը, ուղղված ԼԳԲՏ թեմայով ֆիլմերին, պետք արմատախիլ արվի:

Ցավոք, նեկրոֆիլից ու զոոֆիլից հետո մեր հասարակությունը հանգիստ ստորակետ է դնում ու ավելացնում, օրինակ, «գեյ» բառը, ընկալում փոքրամասնության իրավունքը «արատավոր» մեկ համընդհանուր կաթսայի մեջ։ Ստացվում է՝ մենք խնդիր ունենք քննարկելին ոչ քննարկելիից տարբերակելու, ու, բացի դա հաշվի առնելու, որ արվեստի ցանկացած գործ հարաբերական է եւ չի կարող մի հայացքով դառնալ ընդունելի կամ չընդունված։

Ցանկացած բան իմաստավորվում է այն դեպքում, երբ դու այդ իմաստը դնելու մղում ունես, որովհետեւ կինոն էլ, նկարն էլ, սերն է, կյանքն էլ բովանդազրկվում են, եթե չեն իմաստավորվում։

Դրանից հետո տեղի է ունենում բնականոն զարգացումըգալիս է այլ մեկը, հաջորդ մի սերունդ, կոտրում է քո դրած իմաստը, համարում է այն դեստրուկտիվ, պահպանողական կամ ոչ արդյունավետ ու ինչ-որ նոր իմաստ է առաջ քաշում։ Այսպես տեղի է ունենում փոփոխությունը։ Այդպես այն, ինչ հիմա արժեւորում ենք, անընդհատ վերանայման մեջ է եւ շարունակում է պահպանվել բաց ու քննարկման ենթակա վիճակում։

Երբ Բանգլադեշից Հայաստան եկար, ի՞նչը սկսեցիր վերանայել։

Ասածս շատ պարզ է հնչում, բայց սկսեցի մտածել մարդկանց բաժանումների ենթարկելու մասին։ Այնպես է ստացվել, որ ես ու դու այստեղ ենք, իրենք՝ այնտեղ, այս տեղային ինֆորմացիան ինձ երջանկացնում է հիմա, որովհետեւ տեսել եմ «այնտեղը»․․․ Եթե ծնվեի Բանգլադեշում,  նման խնդիր չէի ունենա։ Համեմատության մեջ առաջին միտքը կապվում է կապիտալիստական աշխարհի անարդարության հետ, որը շատ ցայտուն էր երեւում այնտեղ։

Տեսականորեն գիտես, ուսումնասիրել ես այդ երկիրը, բայց էմոցիոնալ առերեսումը միանգամից փոխում է պատկերացումդ, սկսում ես, օրինակ, ձախական հայացքները հասկանալ ավելի լավ եւ միջից․․․

Բայց ձախ չես դառնում․․․

Հա, չես դառնում, որովհետեւ ձախական հայացքներն էլ իրենց ուտոպիաներն ունեն, իրենց թերությունները, իրենց կոնֆլիկտը ու դժվար համատեղելիությունը ներկայիս իրողության հետ, ինչպես թերություններ ունեն աջերը, դեմոկրատները, լիբերալները․․․ Հակասությունը միշտ էմի կողմից մտածում ես՝ քեզ տրվածի մեջ տապակվիր, ինչ գործ ունես գլոբալ անհավասարության հետ, ընդունիր կյանքը այնպես, ինչպես կա, մյուս կողմից ընդդիմանալու ցանկություն է առաջ գալիս, երբ այդ կյանքը սկսում է երեւալ իր հնարավոր դրսեւորումներով։

Իսկ Եվրոպայում քեզ ինչպե՞ս ես զգում։

Տես՝ միայն նրա համար, որ ես բոյով ու սպիտակ մարդ եմ, ոչ մի ուրիշ հիմնավորում չունեցող այլ մի ակնածանքով Բանգլադեշն ընդունեց ինձ, զգացի հետգաղութական կոնտեքստը մաշկիս վրա։ Քեզ հետ խոսում են համարյա թե խոնարհվելով, որը որ սրտառուչ հարգանքի նշան չէ իհարկե, այլ վախի զգացում․․․ Երբ զգում ես ու հասկանում, թե այդ վախի ու պահվածքի ակունքները որտեղից են, ինչու են, ուժեղ զզվանք ես տածում աշխարհի զարգացումների հանդեպ, ուժեղի ու թույլ տարանջատման պրոպագանդայի հանդեպ․․․ Կարճ ասած՝ այդ պահին ամեն գնով հավասարություն ես ուզում։

Չգիտեմ՝ գուցե ուրիշ մեկը դրանից իրեն լավ կզգար, որովհետեւ առանց առիթի «հարգանքի» կարժանանար, բայց քիչ թե շատ ադեկվատ մարդու մոտ միանգամից առաջ է գալիս կարեկցանքը դիմացինի նկատմամբ, ապա աշխարհի հանդեպ ռադիկալ ատելության միտք է ծնվում։

Ինչ վերաբերում է Եվրոպային․․․ Գուցե եվրոպացին իր բալկոնում կամ խոհանոցում խոսում է մուսուլմանների, ներգաղթյալների մասին այլ դիրքից, բայց արտաքին շերտով կարեւորում է մարդասիրական արժեքը․․․ Գոնե թե ֆորմալ առումով մարդասիրական արժեքները վեր են դասվում դիսկրիմինատիվ մտքերից ու վերաբերմունքից։ Նույնը մեծ հաշվով Ամերիկայում էիրենց «ամերիկյան» լայն ժպիտներն էլ դրանց վկայությունն են։

Այստեղ մենք տեսնում ենք «մուննաթը»  եւ ինչ-որ առումով արժեւորում ենք այդ պահվածքը, որովհետեւ «ազնիվ» արտահայտամիջոց է, բայց հասկանում ենք, որ «մուննաթային» անկեղծությունը մթնոլորտ է ձեւավորում, որի մեջ ուզում ես տեսնել անգամ ձեւական, ամերիկյան այդ ժպիտը․․․ Ի վերջո դիմացինը, որ քեզնից ակնկալիքներ չունի, ում հանդեպ դու պատասխանատվություն չես ստանձնել, ուզում է հաճելի, թեկուզ մի քանի վայրկյան տեւող դրական էմոցիա ստանալ քեզնից։

«Մտածողությունը դարձել է կլիպային, գիտակցությունը՝ քլիքային, բայց մեդալը երկու կողմ ունի»գրում ես։  

Երկրորդ կողմը ո՞րն է։

Այսօր աշխարհը շատ արագ է, փոփոխական, բայց կան երկար տեքստերը, երկար մտորումները, խորքայինները, որոնք չեն դադարում իրենց սպառողն ունենալ, որովհետեւ կա նաեւ հակադիր լսարանը, որը որ կարիքն ունի այդ դանդաղության, ունի խորքայինը հասկանալու, վերլուծելու հավակնությունը։

Այդ նույն կլիպային, քլիքային աշխարհում, օրինակ, յոգայով կամ մեդիտացիայով զբաղվողները չեն պակասում, որովհետեւ տարածության հանդեպ ունեցած ձգտումը չի անհետանումմարդն ատրակցիոնի կարիք ունի, հա, բայց նաեւ գիտի, որ այդ ատրակցիոնից իջնել է պետք։

«Արագ» աշխարհի հետ հարաբերվելու խնդիր ինքդ ունե՞ս։

Ես բավականին «դանդաղ» եմ։ Վերջնական կետին հասնելուց առաջ տատանումներս շատ են եւ նախկինում կոպլեքսավորվում էի այդ մտքից, որովհետեւ շրջապատումս «արագները» շատ էին։ Հիմա համակերպվել եմ «դանդաղությանս», որովհետեւ կարծում եմ՝ շտապողականությունը միայն կարճ հեռանկարի մեջ է օգտակար եւ արդյունավետ, բայց մեծ պատկերի մեջ ընդհանուր առմամբ քո դանդաղությամբ հնարավոր է՝ ավելի շուտ հասնես, քան շտապողը։

Գուցե թվա, որ ահա, այս անգամ հապաղեցիր, ինչ-որ երկար գցեցիր-բռնեցիր, բայց մի քանի տարի հետո տեսնում ես, որ արդյունավետությունդ դրանից չտուժեց, տեղդ գտնելու համար շտապողականությունը պարտադիր նախապայմանը չէր կարող լինել։

Այդ տեղն ինչպե՞ս ես սահմանում։ Կարեւորու՞մ ես դիրքը, որտեղից խոսում ես։

Եզարահանգման, ինչ-որ տեղ հասնելու՞ մասին ենք խոսում։

Խոսում ենք ներկայից հղում տալու, չձախողելու կարեւորության մասին։

Կախված, թե ձախողումն ինչպես կձեւակերպենքմեծ հաշվով, շատ քիչ են այն գործողությունները, որոնք անդառնալի հետեւանք կարող են ունենալայսինքն այն, ինչ հիմա գուցե նույնիսկ ձախողում ձեւակերպենք, որոշ ժամանակ անց հաջողելու նախապայման կարող է լինել։

Քանի որ հստակ նպատակներ դնելու փորձառություն չունեմ, բարդ է դառնում այս մասին խոսելը։ Ես «պոստֆակտում» դիտարկող եմբռնացրել եմ ինձ այն մտքի վրա, որ բավարարված եմ այն ժամանակ, երբ արդեն հետոն է, հետեւանքն է։

Արեւմուտքի հաջողության բանաձեւը, որը ենթադրում է երազանքի ձեւակերպում որպես նպատակ, հետո այդ նպատակի քայլերի բաժանելու ընթացք եւ իրականացում, ինձ մոտ որեւէ կերպ չի դրսեւորվում։ Դիտարկումներս միշտ հետահայաց են եղել։

Փաստորեն որպես կինոքննադատ ավելի շուտ կարտահայտվես այն ֆիլմի մասին, որն արդեն պատմություն ունի, տեքստդ էլ ինչ-որ իմաստով հետահայաց դիտարկում կլինի, քան այն մեկի մասին, որը հենց նոր է էկրան բարձրանում։

Նոր ֆիլմի մասին գրելու ժամանակ արագության պարտադիր պայման կա, որը միշտ խանգարում է։ Երբ օրինակ Կաննի փառատոնում նոր ֆիլմից անմիջապես հետո, չունենալով ոչ մի ինֆորմացիա բացի ռեժիսորի նախորդ ֆիլմերը, կարծիք պիտի ձեւակերպեմ, դժվարանում եմ։ Հասկանում եմ, որ Կաննում իմ գտնվելու իմաստը հենց առաջին ձեռքի ինֆորմացիա հաղորդելն է, կիսվելը, բայց այդպիսի «թարմ» ձեւակերպումներից հետո միշտ վերաձեւակերպման կարիք եմ ունենում, մոտեցումներ եմ փոխում, հասկանում եմ, որ այլ ձեւ կգրեի։

Եթե ավելի պարզ ասեմ՝ կարեւորում եմ կոնտեքստը եւ այդ կոնտեքստին տիրապետելը համարում եմ առաջնային ցանկացած հարցում։ Կոնտեքստն է, որ ինձ օգնում է փորձել բազմակողմանի վերլուծություն կատարել, հակառակ դեպքում ինֆորմացիան ձեւակերպվում է զուտ էմոցիոնալ մակարդակի վրա։ Առհասարակ այս խնդիրը վերաբերում է առօրյա կյանքին նույնպեսմենք իրավիճակից ենք գալիս կոնտեքստին, բայց լավ կլիներ կոնտեքստից անցնեինք իրավիճակին, միջանձնային հարաբերութուններում անգամ չվերլուծեինք իրավիճակը՝ առանց կոնտեքստի։

Քառօրյա պատերազմից երեք տարի անց ֆեյսբուքյան պատիդ հայտնվեց «#ՍահմանապահՊոստՍկրիպտում» գրառումը, որը ներկայացնում է Ապրիլյան այդ օրերին հեռախոսիդ մեջ տեղ գտած նոթերը։ Գտնվելով Արցախում եւ ամրագրելով այդ օրագրությունը՝ նախատեսու՞մ էիր, որ, որպես հետեւանք, մի օր՝ տարիներ անց հանրայնացնելու ես գրածդ։

Հանուն ճշմարտության պիտի ասել, որ Ապրիլյանի օրերին մտքիս ծայրով անցնում էր, որ հետո նայելու եմ գրածներիս։ Այսինքն կար կանխակալ վերաբերմունք, որ այդ տեքստը կարող է նաեւ հրապարակվել։

Եվ երեք տարի անց, երբ հրապարակեցի Ֆեյսբուքում, հասկացա, որ օրագրային գրառումը՝ առանց փիլիսոփայական մտքերի անգամ, երբ անդրադառնում է եղածին հենց թեկուզ կենցաղային մակարդակում, ժամանակի ընթացքում կոնտեքստավորվում է, գրածդ կենցաղային տեքստը վերափոխվում է մեկ այլ բանի։

Հեղափոխությունից անցավ մեկ տարիօրագրություն կա՞։

Հեղափոխության օրերին էյֆորիայի մեջ էի, ինչպես բոլորը։ Հետ քաշվելու, ամաչելու բան չունեմ էյֆորիկ այդ տրամադրությունից, այդ շրջանը նորմալ էր այդ ընկալման մեջ, իսկ հիմա իրավիճակը դիտարկելու այլ էտապ է․․․ Հիմա ամոթ է, եթե էյֆորիայի մեջ ես։ Սա իմ անունից եմ ասում իհարկե, բայց, Վիլենի բառապաշարով ասած, արդեն «նավակ ճոճելու» ժամանակն է։

Նախորդ նավն արդեն ժանգոտված էր, մետալալոմի պես խարսխված ցամաքած մի տեղ, ու «ճոճելն» ուղղակի անհնար էր, իսկ այս նոր նավը կարիք ունի ճոճքի, որովհետեւ թարմ է, ավազանի մեջ է, որտեղ ջուր կա։

Հիմա մեր առաքելությունը պայմանական իմաստով «ճոճող» լինելու մեջ էկուզեի կառավարությունն էլ հասարակությանը այդ դիտանկյունից նայեր, ասեր, որ օրակարգային հարցերը փոխվել են, ոչ թե պահանջեր էյֆորայի շարունակություն, որն ինչ-որ իմաստով իրեն դեռ հաճելի է։

Իսկ վարչապետի բանաստեղծական տեքստերը կապ ունե՞ն ասածիդ հետ։

Երբ ասում եմ մենք, ի նկատի ունեմ քաղաքացիական գիտացություն ունեցող հասարակական սեգմենտը, որը ընթացքից հետեւություններ կարող է անել եւ պահանջներ ձեւակերպել։ Այս տեսանկյունից վարչապետը գործ ունի եւ այդ սեգմենտի, եւ զանգվածի հետ․․․ Իր առաջնահերթություններն իմից տարբեր են բնականաբար։ Դրա համար ինքը վերլուծական տեքստ պիտի ասի, որն ուղղված է սեգմենտներին, մի այլ առիթով բանաստեղծություն պիտի ասի կամ գրի, որը զանգվածներին է ուղղված։

Ես հասկանում եմ իր գործիքակազմը, բայց այդ գործիքներն ինձ վրա այլեւս չեն ազդում, ուզում եմ քննադատական մտածողություն տեսնել նախեւառաջ։

Մի բան հաստատ կարելի է ամրագրելներկա ժամանակն ուրախացնող է, որովհետեւ հասարակությունը շատ զգայուն էես որ այսպիսի զգայունություն չեմ հիշում բացի ֆորս մաժորային իրավիճակներից, ինչպիսին օրինակ պատերազմն է։ Այսինքն մեր առօրեականության մեջ առաջին անգամ ենք միջամտություն անում ցանկացած հարցի։ Սա հեղափոխության առաջնային ձեռքբերումն եմ համարում։

Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի շուրջ ծավալաված բողոքի ալիքը այդպիսի օրինակ կարո՞ղ ենք դիտարկել։

Նախկինում նույն այս հարցում փակ լուծումներ կենթադրվեր, այս անգամ համազգային ներգրավվածության ալիք կա։ Իհարկե մի մասը խոսում է քաղաքացիական դիրքորոշումից ելնելով, մի մասը՝ քաղաքական, մյուսներն էլ մարազմատիկ կարծիքներ են արտահայտում, բայց տեքստը, վերաբերմունքը, բողոքն ու քայլերը տեսանելի են։ Հիմա ասածս այն է, որ ժամանակն է այս եւ այլ խնդիրները դիտարկել կոնկրետ կոնտեսքտում՝ առանց այս կամ այն կողմին հարելու միտումի։

Կարեն, Հայաստանի եւ քո հարաբերության մասին կխոսե՞ս։

Չգիտեմ՝ ինչու մածում էի, որ այս հարցին չեմ բախվելու, չնայած որ կարդում եմ Բալկոնը ու գիտեմ, որ պարտադիրների շարքից է․․․ Քո մոտ բախվում են Հայաստանինտպավորիչ բախում է։

Դադար

Տարիներ առաջ վստահ էի տարանջատման հարցում, վստահ էի, որ մարդը կամ աշխարհաքաղաքացի է, կամ հայրենասերայսինքն կամ կպած է լոկալ տեղին, կամ ամբողջ աշխարհին է պատկանում։ Նաիվ էի ու այս առումով, ըստ իս, կիսագրագետ։

Այս «կամ․․․կամ»-ի պատճառով ձախողվել եմ այնքան, մինչեւ եկել եմ եզրակացության, որ ցանկացած մեդալ երկու կողմ ունի։

Որպես լրագրող ինքս հաճախ ինձ անհանգստացնող այս հարցն ուղղել եմ իմ հյուրերին, եւ Քշիշտոֆ Զանուսսին էլ բացառություն չէր, ում պատասխանն առավել շատ էի ուզում լսել այս հարցի շուրջ, որովհետեւ ինքը եւ լեհական կոնտեքստի մեջ է ամուր, եւ յոթ լեզու գիտի, անընդհատ ճամփորդում է, աշխարհաքաղաքացու փորձառություն ունի․․․

Զանուսսիի պատասխանն ինձ համար շրջադարձային էր, ասաց՝ աշխարհաքաղաքացի լինելը պարտադիր պայման է հայրենասեր լինելու համար, հակառակ դեպքում հայրենիքին ուղղված սերը «կույր» էմիայն աշխարհի հետ հարաբերվողը կարող է անկեղծ սիրել հայրենիքը՝ թերություններով հանդերձ։

Կան մարդիկ, ովքեր հայրենիք սիրելը նույնացնում են մորը սիրելու հետ, բայց, եթե «կառուցողական» զգացմունք ես ուզում ունենալ, այդկերպ չես կարող։ Ասում եմ «կառուցողական» զգացմունք ու հասկանում, որ իրարամերժ երկու բառ եմ դրել կողք կողքի, բայց հայրենասիրությունը ենթադրում է կառուցողական գործողություն, կառուցողական վերաբերմունք, որն առանց աշխարհը ճանաչելու նախապայմանի անհնար է դառնում փաստորեն։

«Մայր Հայաստանի» խնդրականացումն ես անում հիմա։

Հա, թող այդպես լինի, բայց ի վերջո հասկանում ես, որ դու քո պաշտելի Հայաստանը չես դնում համաշխարհային կոնտեքստի մեջ, այլ, համաշխարհային կոնտեքստն իմանալով, վերանայում ես Հայաստանը որպես քո տեղ, քո հայրենիք։ Այդ ժամանակ ասելիքդ ու անելիքդ էլ դառնում են իմաստ ունեցող։

«Կամ․․․կամ»-ի բացառումը միայն այս հարցու՞մ էր, թե՞ «եւ․․․եւ»-ին անցնելու փորձառություն կա արդեն։

«Կամ․․․կամ»-ն էր ի սկզբանե, որովհետեւ մեր դաստիարակությունը, դպրոցը, որ դեռ խորհրդային էր, «что такое хорошо и что такое плохо» տարանջատումն էր առաջ քաշում։ Կյանքի ընթացքում հասկանում ես այդ «լավի» եւ «վատի» հարաբերական լինելը, սկսում ես վախենալ որակումներից, տեսնում ես «վատի» կոնտեքստը, «լավի» մեջ էլ ռիսկն ու կասկածը․․․ Այդպես անընդհատ շրջապտույտ է, որը բացառում է «կամը․․․կամը»։

Հանգում ես մի կետի, որտեղ «բայց»-ն է դառնում մտքի շարունակությունը։

Ձեւակերպումների եւ կարծիքների համադրումը ենթադրում է մի վիճակ, որը խնդրականացնելու համար «բայց»-ը, «սակայն»-ը, «չնայած»-ը հսկայական էներգետիկ իրենց պարունակությամբ թույլ են տալիս մի ձեւակերպումից անցում կատարել մյուս հակասությանը՝ չհերքելով, բայց կասկածի տակ դնելով պնդումդ, եզրակացությունդ։

Կինոյից չխոսեցինք, բայց մի «կադրով», որը տպավորվել է տեքստիցդ, կամփոփենք զրույցը։  Կարծում եմ՝ այդ հատվածն այսօրվա զրույցի վերջակետի փոխարեն կարելի է մեջբերել։ Գրում ես․ «Եվ ատրակցիոն այցելողների 100 մարդու կողքին միշտ էլ կլինի մեկը, որը կուզենա նստել ծառուղու նստարանին ու անշտապ հետեւել ճաքաքարի վրայով դանդաղ հոսող խխունջին»:

Խխունջին հետեւողը դու՞ ես։

Այն ծնողն եմ, որ երկու երեխաներին տարել է զբոսայգի, ու մեկը վազելով գնացել է դեպի ատրակցիոնը, մյուսը, նստարանին նստած, հետեւում է խխունջի դանդաղ ընթացքին։ Ես այն մեկն եմ, ով հետեւում է այս երկուսին․․․

Մեկնաբանություններ (2)

Սամվել Հովասափյան
Հարգելի Անուշ Քոչարյան, Նախկին իմ մի մեկնաբանության մեջ գրել էի, որ ես ուշի-ուշով հետևելու եմ ձեր գրություններին։ Եվ ահա, ցավոք վերի հարցազրույցում հայտնաբերել եմ քսանհինգ օտար բառեր, որոշները մի քանի անգամ կրկնվող, որոնց հայերեն ավելի լավ բառը կա․ օրինակ ես չեմ հասկանում, ինչո՞ւ է վերջերս բոլորի կողմից գործածվում էյֆորիա բառը, երբ հայերեն ունենք ոգևորություն գեղեցիկ բառը, որի միջոցով մենք անմիջապես պատկերացնում ենք պահի զգացողությունը, զգում ենք իրավիճակը։ Չգիտեմ ձեզ հայտնի է, թե ոչ։ Ամերիկացի լեզվաբանները ուսումնասիրելով մայրենի լեզվի և օտար լեզվի ազդեցությունը մարդանց վրա, կատարել են մի փորձ։ Ժապոնացի մի հասարակ կնոջից անգլերենով հարցրել են․ „Եթե ձեր ամուսինը ձեզանից բաժանվի, դուք ի՞նչ կանենք“։ Կինը շատ հանգիստ պատասխանում է․ „Ոչինչ, բոլորի նման կփորձեմ մենակս“։ Որոշ ժամանակ անց, նրանք այդ նույն կնոջը ուղղում են այդ նույն հարցը, այս անգամ սակայն ժապոներենով։ Կինը, նկատելի ջղագրգիռ է դառնում ու պատասխանում, ոչ դա լինել չի կարող, չէ որ մենք ամուսնացած ենք և նա իր վրա որոշ պարտավորություններ է վերցրել“։ Այո այդպես, հենց այդ պատյառով էլ ես բողոքում եմ, ես, որպես ընթերցող ցանկանում եմ մաքուր և պարզ, նաև գեղեցիկ հայերենով գրություններ կարդալ, ցանկանում եմ բառի համ-հոտը զգալ, ցանկանում եմ, որ պահի ողջ հուզականությունը ներթափանցի իմ մեջ, ես փշաքաղվեմ, հույսով, որ ինձ կհասկանաք։ Ի միջիայլոց, եթե ցանկություն ու ժամանակ ունեք, ապա իմ էլ․ հասցեն Հետքից վերցրեք և ինձ գրեք․․․
Tigran
...մենք իրավիճակից ենք գալիս կոնտեքստին, բայց լավ կլիներ կոնտեքստից անցնեինք իրավիճակին, միջանձնային հարաբերութուններում անգամ չվերլուծեինք իրավիճակը՝ առանց կոնտեքստի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter