Թմրամոլությունն ամենաարագ առաջացող կախվածությունն է
Խորհրդային տարիների համամատ այժմ թմրամոլությունը շատ ավելի մեծ տարածում ունի, ինչը պայմանավորված է թմրանյութերի բիզնեսի ծավալների մեծացմամբ: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա կարծիքով՝ բոլոր տեսակի կախվածություններից թմրամոլությունն առաջանում է ամենաարագը և բուժվում է ամենից դժվար: Անգամ կան թմրանյութեր, որոնց պարբերաբար օգտագործման դեպքում մի քանի տարի անց մահն անխուսափելի է: Թմրամոլների մեծ մասը չունի կյանքի իմաստ. նրանք չգիտեն՝ ինչի համար են ապրում: Նրանք ունեն «օրալ բնավորություն»՝ մանկական կախվածություն:
Թմրամոլության դեմ պայքարում մեծ նշանակություն ունեն և կենսաբանական, և հոգեբանական բուժումները: Ս. Խուդոյանը նշեց, որ կա հոգեբանական բուժման մի քանի մեթոդ. կոդավորում՝ հիպնոտիկ վիճակում ներշնչելով զզվանք, էկզիստենցիալ թերապիա՝ կյանքի իմաստավորում, կոգնիտիվ թերապիա՝ մարդու մտածելակերպի փոփոխության միջոցով մարդուն վերադարձնելը իրականություն, և այլն:
Թմրանյութերի օգտագործման առումով խոցելի են հատկապես դեռահասները, ովքեր ցանկանում են ինքնահաստատվել: Նրանք հաճախ մտածում են, թե կարող են թմրանյութերից հրաժարվել ցանկացած պահի, այնինչ իրականում ընկնում են լուրջ կախվածության մեջ:
Հոգեբանին բուժման նպատակով դիմում են հատկապես 18-25 տարեկան երիտասարդներ, որոնց բերում են իրենց հարազատները:
Ս. Խուդոյանի կարծիքով՝ թմրանյութերի դեմ պայքարում պետք է իրականացվի պետական մակարդակով մեծ քարոզարշավ, դրա բացասական հետևանքերի մասին խոսվի դպրոցներում, հեռուստատեսությամբ:
Հոգեբանի խոսքերով՝ հաճախ մի կախվածությունից առաջանում է մեկ այլ կախվածություն: Կան դեպքեր, երբ թմրամոլն ընդգրկվում է որևէ կրոնական կազմակերպության մեջ, դրա միջոցով հրաժարվում է թմրանյութերից, բայց արդեն կախվածության մեջ է լինում տվյալ կրոնական կազմակերպությունից:
Ս. Խուդոյանը նշեց, որ Հայաստանում բոլոր տեսակի կախվածություններից ամենից լավը հաղթահարվում է խաղամոլությունը, մի բան, որ շատ դժվար է արվում Արևմուտքում: Խաղամոլներն ունեն մանկական մտածելակերպ. նրանց ուղղորդում են նվեր ստանալու ակնկալիքն ու հաճույքը: Եթե հաջողվի դա վերացնել, ապա խաղամոլի կախվածությունը կվերանա:
Հոգեբանը նշեց, որ չնայած շատ դժվար է բուժել թմրամոլությունը, և ինքը հաճախ հրաժարվում է դրանից, բայց վերջնական բուժում գոյություն ունի: Բազմաթիվ մարդիկ, անգամ ամենածանր կախվածության մեջ գտնվողները կարողացել են դա հաղթահարել: Ս. Խուդոյանը համոզված է, որ ով իսկապես ուզում է, կարողանում է հաղթահարել կախվածությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել